Հա

Քաղաքական

19/04/2021 - 12:20

«Իրանական կողմը հասկանում է, որ չէզոքութեան քաղաքականութեան պատճառով զգալիօրէն զիջում է իր ազդեցութիւնը Կովկասում»

«Հետք»-ի գրաւոր հարցերին պատասխանում է իրանագէտ Գոհար Իսկանդարեանը:

«alikonline.ir» - «Հետք»-ի գրաւոր հարցերին պատասխանում է իրանագէտ Գոհար Իսկանդարեանը:

 

- Տիկին Իսկանդարեան, իրանական լրատւամիջոցները Նաթանզի միջուկային կառույցում տեղի ունեցած պայթիւնի եւ միջուկային ֆիզիկոս Մոհսէն Ֆահրիզադէի սպանութեան միջեւ կապ են տեսել՝ նշելով, որ նոյն ահաբեկչական ձեռագիրն է։ Ոչ պաշտօնական վարկածներով՝ երկու դեպքում էլ Իսրայէլն է կանգնած այդ դէպքերի հետեւում։ Արդեօք Իրանի տարածքում տեղի ունեցող այս յատուկ գործողութիւնները նոր փուլ են մտցնում Իրան-Իսրայէլ լարւած յարաբերութիւնները։ Պէ՞տք է սպասել նոր նմանատիպ ակտեր, եւ ինչո՞վ կը պատասխանի Իրանը սրան։

- Իրականում նմանատիպ գործողութիւններ էլի են գրանցւել Իրանում թէ՛ յայտնի ֆիզիկոսների սպանութեան տեսքով, թէ՛ միջուկային օբիեկտների խափանման փորձով։ Յիշեցնեմ, որ 2010 թ․ սեպտեմբերին Իրանում արդիւնաբերական օբիեկտների շուրջ 30 հազար համակարգիչներ վարակւեցին «Stuxnet» վիրուսով։ Դա պատճառ դարձաւ Նաթանզում ուրան հարստացնող 1.3 հազար ցենտրիֆուգների խափանման։ Եւ սա խիստ վնասեց նաեւ Բուշեհրի ատոմակայանի գործարկմանը։ Մի շարք մասնագէտների կարծիքով՝ այդ կիբեռյարձակման պատճառով ոչ միայն յետաձգւեց Բուշեհրի գործարկումը, այլեւ երկու տարով յետ գցեց Իրանի միջուկային ողջ ծրագիրը։ Իրանի իշխանութիւնները այս գործողութեան յետեւում տեսնում էին թէ՛ Միացեալ Նահանգների, թէ՛ Իսրայէլի ձեռագիրը։ Ուշագրաւ է, որ 2010-2012 թթ. ընթացքում Իրանում սպանւեցին 4 յայտնի ֆիզիկոսներ՝ Մասուդ Ալիմոհամադի, Մաջիդ Շահրիարի, Դարիուշ Ռեզաեինեջադ եւ Մոստաֆա Ահմադի Ռոշան, իսկ Ֆերեյդոն Աբբասին վիրաւորւեց սպանութեան փորձի ժամանակ։ 2020-ի նոյեմբերին սպանւեց Մոհսէն Ֆահրիզադէն, ում նկատմամբ եւս ժամանակին մահափորձ էր կատարւել։ Իրանը այս բոլոր սպանութիւնների հետեւում տեսնում է «ամերիկեան ձեռքի իսրայէլական ձեռագիրը»։

Այո՛, Իրանը յայտարարել է, որ Իսրայէլը պատասխան է տալու իր գործողութիւնների համար թէ՛ ֆիզիկոսի սպանութեան, թէ՛ իրանական միջուկային ծրագիրը խափանմանւ փորձերի համար։ Բայց սա եւս նորութիւն չէ։ Շուրջ 40 տարի է՝ խիստ լարւած ռեժիմով տարատեսակ ռազմական գործողութիւններ են ընթանում Իրանի եւ Իսրայէլի միջեւ։ Ընդ որում՝ դրանք ընթանում են թէ՛ յատուկ ծառայութիւնների մակարդակով, թէ՛ ռազմական գործողութիւնների տեսքով եւ թէ՛ համաշխարհային մամուլում «փոխհրաձգութեամբ»։

 

- Իրանը յայտարարել է, որ միջուկային ծրագրում կը վերադառնայ իր պարտաւորութիւնների կատարմանը, եթէ ԱՄՆ-ն չեղարկի իր պատժամիջոցները։ Յատկապէս այս վերջին դէպքից յետոյ պէ՞տք է սպասել որեւէ դրական տեղաշարժ։

- Իրականում այս հարցում Իրանը խիստ սկզբունքային է եւ, կարծում եմ, իրաւական առումով նա իրաւացի է։ 2015 թ․ Վիեննայում կնքած 5+1+1 ձեւաչափով որոշւել էին խաղի կաննոները, ըստ որոնց՝ Իրանը դադարեցնում էր 20 % ուրանի հարստացումը, հրաժարւում էր արդէն իր կողմից հարստացւած ուրանի մեծ չափաբաժնից, որի փոխարէն Միացեալ Նահանգները եւ Անվտանգութեան խորհրդի միւս անդամները խոստանում էին դադարեցնել Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի կողմից իրականացւած որոշ պատժամիջոցներ: Միեւնոյն ժամանակ Բարաք Օբաման Իրանին հետ վերադարձրեց դեռեւս շահ Մոհամեդ Ռեզա Փահլաւիի կողմից ռազմական տեխնիկա գնելու համար ԱՄՆ-ին տրւած կանխավճարը եւ դրա տոկոսները, ինչը կազմեց 1.7 մլրդ դոլար։ Սակայն նոր նախագահ Դոնալդ Թրամը 2018 թ․ մայիսին յայտարարեց գործարքից դուրս գալու եւ Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ իրականացնելու մասին։ Ստացւում է, որ Իրանը մի կողմից պէտք է հաւատարիմ մնար Վիեննայում ձեռք բերւած պարտաւորութիւններին, միւս կողմից՝ ենթարկւէր Միացեալ Նահանգների տնտեսական ամենածանր պատժամիջոցներին։

Միեւնոյն ժամանակ պէտք է փաստենք, որ ԱՄՆ-ի այսօրւայ նախագահը խիստ քննադատութեան էր ենթարկում Թրամփի գործելաոճը եւ խոստանում, որ ընտրւելու դէպքում յետ է վերադառնալու համատեղ գործողութիւնների համապարփակ ծրագրին։ Այս պահին գնդակն ամերիկեան դաշտում է, եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդէնը պէտք է որոշի՝ հաւատարի՞մ է մնում իր նախընտրական խոստումներին, թէ՞, այնուամենայնիւ, Թրամփի իրականացրած կտրուկ քայլերը այսօր եւս ձեռնտու են Միացեալ Նահանգների նոր իշխանութիւններին։

 

- Մի կողմից՝ տեսնում ենք, որ Թուրքիան է ԼՂ հակամարտութեան միջոցով մտել ու իր փոքր եղբօր միջոցով աստիճանաբար հաստատւում տարածաշրջանում: Միւս կողմից՝ Իսրայէլն է ամերիկեան աջակցութեամբ շարունակաբար փորձում վնասել կամ ցաւեցնել Իրանին հէնց նրա տարածքում: Այդ երկուսն էլ, բնականաբար, հետապնդում են իրենց աշխարհաքաղաքական շահերը։ Ընդ որում՝ Իսրայէլը նաեւ Ադրբեջանի գլխաւոր ռազմական գործընկերներից է, ու այդ ֆոնին բազմաթիւ են եղել փորձագիտական կարծիքները, որ Ադրբեջանը կարող է հարթակ ծառայել Իսրայէլին՝ Իրանին հարւածելու համար: Թուրքիայի ու Իսրայէլի ռազմական ներկայութիւնը իր հիւսիսային սահմանների անմիջական հարեւանութեամբ ինչպիսի՞ մտահոգութիւններ է ստեղծել Իրանում, արդեօք նրա կողմից Թուրքիան եւ Իսրայէլը դիտւում են որպէս ապակայունացնող գործօն մեր տարածաշրջանում:

- 2016 թ․ դեկտեմբերին, երբ Իսրայէլի վարչապետ Նաթանեահուն գտնւում էր Բաքւում, մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրեցին մի տեղեկատւութիւն, ըստ որի՝ Իսրայէլը շուրջ 5 մլրդ դոլարի զէնք եւ զինամթերք է մատակարարել Ադրբեջանին։ Սա մտահոգում էր, բնականաբար, առաջին հերթին Հայաստանի Հանրապետութեանը, այնուհետեւ նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեանը, քանզի, ինչպէս բազմիցս նշել եմ իմ հարցազրոյցների ժամանակ, այդ գումարի շրջանակում ձեռք էին բերւել նաեւ հետախուզական ԱԹՍ-ներ, որոնք ոչ միայն ուսումնասիրութիւններ էին կատարում Արցախի տարածքներում, այլ նաեւ շատ յաճախ հետախուզութիւններ էին իրականացնում Իրանի հիւսիսային սահմանների մօտակայքում։ Արցախեան պատերազմի ընթացքում եւս գրանցւեցին նմանատիպ փաստեր, երբ Ադրբեջանին պատկանող իսրայէլական արտադրութեան ԱԹՍ-ները փորձեցին հատել Իրանի օդային տարածքը, սակայն իրանական ՀՕՊ-ն արագ արձագանքեց, եւ երեք ԱԹՍ ոչնչացւեց։

Իրանը միշտ էլ չափազանց կասկածանքով է վերաբերւել Ադրբեջանի գործողութիւններին, սակայն առկայ տնտեսական շահերը, ինչպէս նաեւ Իրանում ապրող թիւրքախօս զանգւածի առկայութիւնն ու Կովկասում իր ազդեցութիւնը պահելու հեռանկարը ստիպել են Իրանին Ադրբեջանի հետ իրականացնել բազմաշերտ քաղաքականութիւն։ Միւս կողմից՝ Թուրքիայի չափազանց ակտիւութիւնը տարածաշրջանում, բնականաբար, երկրորդ պլան է մղում Իրանին, ինչի հետ եւս Իրանը չի կարող հաշտւել։ Այսպիսով՝ Իրանը, սիրաշահելով Թուրքիային եւ Ադրբեջանին, փորձում է իր տեղն ապահովել հետագայ քաղաքական զարգացումներում՝ թէպետ քաջ գիտակցելով, որ թուրք-ադրբեջանական նոր քաղաքականութեան մէջ Իրանի համար արժանապատիւ որեւէ տեղ չի յատկացւելու։

 

- Նախորդ ամիս Իրանը եւ Չինաստանը ստորագրեցին համագործակցութեան մասին համաձայնագիր։ Մասնաւորապէս, խօսւում է էներգետիկ ոլորտում համագործակցութեան, Իրանի տնտեսութիւնում չինական ներդրումների մասին։ Ինչո՞ւ է Չինաստանին սկսել հետաքրքրել մեր հարաւային հարեւանը։ Ի՞նչ դեր ունի Իրանը Չինաստանի համար այսօր։ Արդեօք երկու կողմերի հակաամերիկեան դիրքորոշումը դեր խաղում է նրանց մերձեցման գործում։

- Չինաստանը Իրանով առաւել շուտ է սկսել հետաքրքրւել։ 1971 թ․ հաստատւեցին Իրանի եւ Չինաստանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնները, բայց, ըստ էութեան, այդ յարաբերութիւնները նշանակալիօրէն խորացան Իսլամական յեղափոխութիւնից յետոյ, երբ Իրանն ակնյայտօրէն հակաամերիկեան քաղաքականութիւն որդեգրեց։ 1985 թ. Իրան-իրաքեան պատերազմի ամենալարւած շրջանում Պեկին այցելեց ԻԻՀ մեջլիսի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին, որը Չինաստանի ղեկավարութեան հետ կնքեց պայմանագրեր հրթիռային տեխնոլոգիաներ ձեռք բերելու վերաբերեալ: 1989 թ. մայիսին, այն ժամանակւայ նախագահ (այժմ՝ գերագոյն առաջնորդ) Ալի Խամենէին այցելեց Չինաստան՝ ամրապնդելու Չինաստան-Իրան պաշտպանական եւ քաղաքական յարաբերութիւնները: Իրանը Չինաստանից զէնք ու տեխնոլոգիաներ էր գնում՝ դրանով իսկ փորձելով դիմադրել ԱՄՆ-ի ճնշումներին։ 1992 թ․ երկու երկրների միջեւ կնքւեց համաձայնագիր միջուկային էներգիայի ոլորտում համագործակցութիւն հաստատելու վերաբերեալ: Իրականում Իրան-Չինաստան յարաբերութիւններն ակտիւացան՝ ի յեճուկս Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների բացակայութեան։ Իրանից ԱՄՆ-ի հեռանալուց յետոյ առաջացած վակուումը մեծ յաջողութեամբ լցրեց եւ այսօր էլ իր ներկայութեամբ լցնում է ՉԺՀ-ն։ Չինաստանի եւ Ռուսաստանի՝ ԱՄՆ-ի հիմնական մրցակիցների միջոցով Իրանն այսօր ինտեգրւում է համաշխարհային ծրագրերին, Իրանը սերտ համագործակցութիւն ունի Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան հետ, ԵԱՏՄ-ին անդամագրման յայտ ներկայացրեց եւ, ինչպէս նշւեց, նաեւ Չինաստանի հետ կնքեց 25 տարւայ համագործակցութեան ծրագիր։

Պէտք է փաստել, որ Միացեալ Նահանգներն իր կոշտ քաղաքականութեամբ իրականում նպաստում է Եւրասիա մայրցամաքում հզօր դաշինքի ձեւաւորմանը՝ Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ նրանց աջակցող երկրների մասնակցութեամբ: Չինաստանն այն հազւագիւտ երկրներից է, որը պաշտպանում է Իրանի միջուկային ծրագիրը եւ գտնում է, որ Իրանն իրաւունք ունի հարստացնելու ուրան Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան լուրջ վերահսկողութեան ներքոյ։ Սա էլ, թերեւս, Չինաստանի զիջումն է Իրանին եւ դրանով Իրանին կախւածութեան մէջ պահելու իրական գրաւականներից մէկը։ Ե՛ւ Չինաստանը, եւ՛ Իրանն ԱՄՆ-ի ներկայութիւնը Միջին եւ Հեռաւոր Արեւելքում ընկալում են որպէս իրենց ազգային անվտանգութեան սպառնալիք, եւ սա հիմնական կռւանն է Չինաստանի եւ Իրանի համագործակցութեան համար՝ նպատակ հետապնդելով թուլացնել, իսկ ապագայում ընդհանրապէս դուրս թողնել Միացեալ Նահանգներին Եւրասիա մայրցամաքի գոնէ ասիական հատւածից։

 

- Ապրիլի 12-ին Հայաստանի զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետը եւ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպանը քննարկել են պաշտպանութեան ոլորտում երկկողմ համագործակցութեան հարցեր։ Սա սովորակա՞ն օրակարգ է, թէ՞ Իրանը փորձում է երկկողմ համագործակցութեան ամրապնդմամբ հող նախապատրաստել թուրքական հնարաւոր էքսպանսիային դիմակայելու համար։

- Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան զինւած ուժերի միջեւ առկայ է համագործակցութեան օրակարգ։ Սակայն, կարծում եմ, Արցախեան վերջին պատերազմից յետոյ իրանական կողմը յստակ գիտակցում է այն ողջ սպառնալիքը, որ կախւել է ընդհանրապէս տարածաշրջանի գլխին։ Իրանական կողմը հասկանում է նաեւ, որ իր որդեգրած չէզոքութեան քաղաքականութեան պատճառով նա այսօր զգալիօրէն զիջում է իր ազդեցութիւնը Կովկասում, եւ փորձ է արւում այն լցնել թուրքական ներկայութեամբ։ Որքան էլ որ պատերազմի ընթացքում Իրանը ջանաց առանց լուրջ ներգրաւման, այնուամենայնիւ, մնալ խնդրի նկատմամբ խիստ հետաքրքրութիւն ունեցող կողմ, նրա դերակատարուիւնը երկրորդայնացւեց։ Այսօր Իրանը ջանքեր է գործադրում հնարաւորինս շտկել իրավիճակը։

Աբբաս Բադախշան Զոհուրին 2020 թ․ յուլիսի 29-ին այցելել էր ՊՆ՝ հանդիպելով ՀՀ նախարար Դաւիթ Տօնոյեանին։ Ըստ պաշտօնական լրահոսի՝ 2021 թ․ ապրիլի 12-ին դեպանը հանդիպել է ՀՀ զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ Արտակ Դաւթեանին, որի ժամանակ քննարկւել են պաշտպանական բնագաւառում հայ-իրանական համագործակցութեանը վերաբերող հարցեր։ Պէտք է փաստենք նաեւ, որ Իրանի պետական խողովակները թէ՛ պատերազմի ժամանակ, թէ՛ պատերազմից յետոյ յստակ ներկայացրել են իրենց «կարմիր գծերը», որոնցից անդին նրանք կը միջամտեն խնդրին անմիջականօրէն. դա Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնն է։ Իրանի համար խիստ զգայուն թեմա են Սիւնիքով անցնող ճանապարհային միջանցքը եւ այն հաղորդակցման միջոցները, որոնք ապագայում հնարաւոր է ստեղծւեն։

 

- Իրանի համար խիստ կարեւոր հայ-իրանական սահմանի ու դրանով ապոհովւող հայկական միջանցքի նշանակութիւնը, թերեւս, առաւել ընդգծւում է Իրանում Հնդկաստանի դեսպանի յայտարարութեան ֆոնին: Վերջինս մարտին յայտարարեց, որ իր երկիրը ծրագրում է Հնդկական օվկիանոսից դէպի Ֆինլանդիա միջանցք բացել Իրանի ու Հայաստանի տարածքով։ Հասկանալի է, որ այստեղ մեծ դեր ունի Քաշմիրի խնդիրը եւ Հնդկաստանի հակառակորդ Պակիստանի բարեկամութիւնն Ադրբեջանի հետ։ Որքանո՞վ էք իրատեսական համարում Հնդկաստան-Իրան-Հայաստան-Եւրոպա այդ ծրագրի իրականացումը, եւ արդեօք այն կարող է լուրջ տնտեսական տեղաշարժերի յանգեցնել մեր տարածաշրջանում։ Նկատի ունեմ, մասնաւորապէս, փակ սահմաններ ունեցող Հայաստանին եւ արեւմտեան պատժամիջոցների տակ գտնւող Իրանին:

- Իրականում ծրագիրը բաւական ամբիցիոզ է, եւ Հայաստանի համար խիստ կարեւոր կը լինի դրա իրականացումը։ Ակնյայտ է, որ այն առաւելապէս լինելու է քաղաքական ծրագիր։

Յստակ երեւում է, որ տարածաշրջանում ձեւաւորւում են առանցքներ, որոնք փորձելու են միաւորւելով դիմագրաւել արդէն յաջող գործող առանցքներին։ Հայաստանն այստեղ եւս անելիք ունի, չպէտք է մնայ դիտորդի կարգավիճակում, պէտք է հանդէս գայ նախաձեռնութիւններով եւ, յենւելով իր պետական շահերից, համագործակցի այն առանցքի հետ, որը չի հանդուրժելու Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան նկատմամբ որեւէ ոտնձգութիւն, ինչպէս նաեւ ապահովելու է տարածաշրջանում ուժերի բալանսաւորումը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։