Հա

Քաղաքական

19/04/2021 - 12:30

Հայկական պետութեան «զրոյական կէտը» բազմաթիւ հնարաւորութիւններ է պարունակում հայ ժողովրդի համար

Արցախեան երկրորդ պատերազմի աւարտից անմիջապէս յետոյ մեր տարածաշրջանի հիմնախնդիրներով զբաղւող փորձագէտները, ի թիւս այլ խնդիրների, բարձրացրին նաեւ յետխորհրդային երկրների կենսունակութեան եւ ինքնաբավութեան հարցը։ Նման քննարկումներ քաղաքագիտական շրջանակներում, իհարկէ, վաղուց կան։ Դրանք հիմնականում պայմանաւորւած էին ներքին ու արտաքին մարտահրաւէրներին այս կամ այն պետութեան արձագանքելու եւ դրանք յաղթահարելու կարողութեան դրսեւորմամբ։

ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Արցախեան երկրորդ պատերազմի աւարտից անմիջապէս յետոյ մեր տարածաշրջանի հիմնախնդիրներով զբաղւող փորձագէտները, ի թիւս այլ խնդիրների, բարձրացրին նաեւ յետխորհրդային երկրների կենսունակութեան եւ ինքնաբավութեան հարցը։ Նման քննարկումներ քաղաքագիտական շրջանակներում, իհարկէ, վաղուց կան։ Դրանք հիմնականում պայմանաւորւած էին ներքին ու արտաքին մարտահրաւէրներին այս կամ այն պետութեան արձագանքելու եւ դրանք յաղթահարելու կարողութեան դրսեւորմամբ։ Մեր տարածաշրջանի երկրների պարագայում այդ դիսկուրսը սկսւեց 2003 թւականին Վրաստանում տեղի ունեցած, այսպէս կոչւած, Վարդերի յեղափոխութեանը յաջորդած զարգացումների հետեւանքով։ Սահակաշւիլիի կառավարման առաջին իսկ օրերից, անգամ մինչեւ 2008 թ. վրաց-օսական պատերազմի սկիզբն ու դրա կործանարար հետեւանքները Վրաստանի համար, շատերին արդէն պարզ էր, որ երկիրը կորցրել է ինքնուրոյն որոշումներ կայացնելու հնարաւորութիւնները, գրեթէ ամբողջութեամբ յայտնւել է արտաքին կառավարման ներքոյ եւ տարածաշրջանում սպասարկում է բացառապէս օտարների, աւելի կոնկրետ` Արեւմուտքի եւ ինչ-որ չափով թուրք-ադրբեջանական դաշինքի աշխարհաքաղաքական շահերը։

2000-ականների կէսերից փորձագիտական հետազօտութիւններում, մամուլի հրապարակումներում, անգամ շատ քաղաքական առաջնորդների բառապաշարում Վրաստան անւան կողքին յայտնւեց «failedstate» (տապալւած, չկայացած պետութիւն) բնութագրումը, որը հետագայում ոչմիայն ոչ ոքի կողմից չվիճարկւեց, այլեւ աւելի ամրապնդւեց ժամանակակից քաղաքագիտութեան մէջ։

2004 թւականի վերջից գունաւոր յեղափոխութիւնների շրջափուլի մէջ մտաւ նաեւ Ուկրայինան։ Նարնջագոյն յեղափոխութիւնից մինչեւ Եւրոմայդան ընկած տասը տարիների քաղաքական վայրիվերումներն ի վերջոյ ոչնչացրին Ուկրայինայի կառավարման համակարգերը, տնտեսութիւնը, հանրային միասնութիւնը եւ յանգեցրին տարածքային լուրջ կորուստների։ 2014 թւականի մարտից Ուկրայինան քաղաքագիտական հետազօտութիւններում վերջնականապէս սկսեց ներկայացւել որպէս տապալւած պետութիւն։

Ցաւօք, 2018 թւականից նոյն ուղին բռնեց նաեւ Հայաստանի Հանրապետութիւնը։ Սկզբում, այսպէս կոչւած, թաւշեայ յեղափոխութիւն, յետոյ` պետական ինստիտուտների կործանում, ազգային արժէքների ոտնահարում, ժողովրդի նւիրեալների հեղինակազրկում եւ վերջում՝ ջախջախիչ պարտութիւն պատերազմում, հազարաւոր կորուստներ ու հայրենազրկում…

2020 թ. նոյեմբերին միջազգային հանրութեան ընկալումներում Հայաստանը համալրեց տապալւած պետութիւնների շարքը։ Բայց ոչմիայն միջազգային հանրութեան ընկալումներում։ Ցաւօք, այսօր նման խօսակցութիւնները շատ են նաեւ Հայաստանում եւ հայ ժողովրդի շրջանում։ Մարդկանց հետ զրուցելիս յաճախ կարելի է լսել այնպիսի մտքեր, թէ «հայերն այդպէս էլ չկարողացան պետութիւն կառուցել», «մեզ ուժեղ ձեռք է պէտք», «միանանք Ռուսաստանին» եւ այլն, եւ այլն։ Իհարկէ, հասկանալի է, որ սա պարտութեան եւ դրանից առաջացած խոր հիասթափութեան հետեւանք է։ Բայց նաեւ պէտք է խոստովանել, որ նման տրամադրութիւնները շատ վտանգաւոր են։ Դրանք ի վերջոյ կարող են համոզմունք դառնալ մեր ժողովրդի շրջանում՝ նպաստելով պետութեան էլ աւելի թուլացմանն ու կազմաքանդմանը։ Հետեւաբար անհրաժեշտ է օր առաջ վերջ տալ այս ոճի ներազգային քննարկումներին՝ փոխարէնը ժողովրդին առաջարկելով մտածել ճգնաժամից ելքեր գտնելու եւ երկրի ամուր ապագայ կառուցելու մասին։

Երկրորդ դատողութիւնը, որ վերջին շրջանում արւում է մեր ժողովրդի մասին, այն է, թէ իբր հայերը յոգնել են։ Ամեն ինչից են յոգնել՝ պատերազմներից, մրցակցութիւնից, քաղաքականութիւնից եւ այլն։ Որպէս այս թեզի ճշմարտացիութիւնն ապացուցող փաստարկ` փորձագէտներն ու հասարակական-քաղաքական գործիչները նշում են մեր հազարամեայ պատմութիւնը. Իբր թէ հին ժողովուրդ ենք եւ հիմա ընդամէնը հանգիստ ծերութիւն ենք ցանկանում։ Նոյնը, ի դէպ, ասւում է տարածաշրջանի այլ ժողովուրդների, այդ թւում նաեւ` ռուսների մասին։ Ընդ որում, որպէս այդ երեւոյթի հակառակ օրինակ յաճախ յիշատակւում են թիւրքական ժողովուրդները։ Առաջին հայեացքից նման քննարկումները նոյնպէս կարող են օրինաչափ թւալ, բայց կան հանգամանքներ, որոնց անտեսումը միանգամայն այլ՝ իրականութեանը չհամապատասխանող պատկերներ է ստեղծում հետազօտողների ու քաղաքական գործիչների մտքում։ Դրանցից ամենապարզ օրինակն այն է, որ ազգերի ծեր կամ երիտասարդ լինելը, էլ չենք խօսում յոգնած կամ առոյգ լինելու մասին, ամենեւին էլ պայմանաւորւած չէ նրանց կազմաւորման ժամանակաշրջանով։ Այդպիսի դատողութիւններ անելիս ժամանակակից գիտութիւնն առաւելապէս յենւում է ռուս նշանաւոր գիտնական Լեւ Գումիլեովի ազգերի էթնոգենեզի տեսութեան յայտնի դրոյթների վրայ։ Այո՛, հայերը հին ժողովուրդ են, դարերի ընթացքում ունեցել են վերելքներ եւ անկումներ, բայց ներկայումս մենք պասսիոնիրիզմի նոր ժամանակաշրջանի առաջին փուլում ենք, որի ընթացքի կառավարման արդիւնաւէտութիւնից է կախւած` կիրացւի՞ արդեօք վերելք ապրելու մեր ներուժը, թէ՞ ոչ։ Ասել է թէ` մեր ժողովուրդը եկել հասել է կարեւոր հանգրւանի, որից այն կողմ անցնելու համար անհրաժեշտ է վերագնահատել, արժեւորել առնւազն ՀՀ անկախութեան բոլոր տարիները, հասկանալ մեր պետութեան ու ժողովրդի կարողութեան սահմանները եւ ըստ այդմ զարգացման նոր ծրագրեր մշակել։ Բայց մինչ այդ երկու կարեւոր հանգամանք կայ, որ պէտք է հասկանալ:

ա) Հայկական պետութեան անկախութեան վերականգնումն ու դրան հետեւած մեր ձեռքբերումները, այդ թւում նաեւ` տարածքային, պայմանաւորւած չեն եղել բացառապէս հայ ժողովրդի համազգային կարողութիւնների կենտրոնացմամբ եւ այդ ուղղութեամբ տարւած պայքարով։ Դրանց համար բարենպաստ այլ պայմաններ էլ են եղել, որոնց հանրագումարը նւազ օգտակար չի եղել, քան մեր գործադրած ջանքերն էին։ Այսինքն` մինչ Արցախեան երկրորդ պատերազմը գոյութիւն ունեցած Հայաստանը (իհարկէ, ներառեալ Արցախը) կիսով չափ մեր պայքարի, կիսով չափ էլ հանգամանքների դասաւորման արդիւնք էր։ Քննարկման այլ թեմա է, թէ անկախութեան 30 տարիների ընթացքում Հայաստանի բոլոր տարածքները իւրացնելու, ժողովրդին էլ ամբողջ ունեցւածքի լիարժէք տէրը դարձնելու հնարաւորութիւն ունեցե՞լ ենք, թէ՞ ոչ։ Ես համոզւած եմ, որ ունեցել ենք եւ պարտաւոր էինք անել։ Դա մեր ամենամեծ բացթողումն է, որի մասին թերեւս մէկ այլ առիթով կը գրեմ։

բ) Հայաստանի ներկայիս վիճակն էլ չի համապատասխանում մեր ժողովրդի ներուժին։ Մի շարք հանգամանքների բերումով հայկական պետութիւններն ու հայ ժողովուրդը պատրաստ չէին Արցախեան երրորդ պատերազմին։ Դրա հետեւանքով մեր կորուստներն էլ շատ աւելի մեծ եղան, քան կարելի էր պատկերացնել անգամ վատագոյն սցենարի զարգացման դէպքում։

Այս երկրորդ հանգամանքն առաւել քան պարտաւորեցնող է։ Հայաստանն այսօր այլ ելք, քան վերականգնման քաղաքականութիւն մշակելն ու իրականացնելն է, պարզապէս չունի։ Որովհետեւ եթէ կայ ներուժ, ապա այն անպայման պէտք է իրացւի։ Այլ հարց է, որ մեր հայրենակիցներին այսօր շատերն են փորձում համոզել, թէ նման հնարաւորութիւն չկայ։ Դրան են միտւած հայ ժողովրդի յոգնած լինելու, սեփական պետութիւն պահելու անկարողութեան եւ թշնամու հետ խաղաղ ապրելու մասին ակտիւօրէն տարածւող բոլոր թեզերը։ Դրանց հեղինակներն ու քարոզիչներն էլ յայտնի է, թէ ովքեր են։ Բայց, անկախ այդ ամենից, կան իրողութիւններ, որոնք հնարաւոր չէ շրջանցել։ Դրանցից ամենակարեւորն այն է, որ հայ ժողովուրդը հոգեւոր, մշակութային, սոցիալական, քաղաքական վերելքի փուլում է։ Այդ փուլը սկսւել է 1960-ական թւականներից եւ դեռ զարգացման երկարատեւ ժամանակաշրջան ունի։ Իհարկէ, ընթացքում փորձութիւններ եւ խանգարող հանգամանքներ էլ կը լինեն։ 2018 թ. յեղաշրջումն ու Արցախեան երկրորդ պատերազմը դրանց թւում էին։ Բայց չի կարելի թոյլ տալ, որ այդ փորձութիւնները խոչընդոտեն ժողովրդի վերելքը։ Ճիշտ հակառակը`դրանցից պէտք է դասեր քաղել եւ ամէն ինչ անել, որպէսզի դրանք, վերածւելով նոր նպատակադրումների, շատ կարեւոր ազդակներ հաղորդեն ազգային վերելքին։

Ելնելով վերոգրեալից՝ ուզում եմ կարեւոր եզրայանգում անել՝ ես չէի շտապի Հայաստանը գրանցել տապալւած պետութիւնների շարքում։ Այո՛, խնդիրները շատ են, բայց պետութեան համար գոյութիւն ունեցող պայմանական զրոյական այս կէտը շատ հնարաւորութիւններ է պարունակում։ Ուստի բոլորիս մտորումները այժմ միայն դրա շուրջ պէտք է լինեն՝ օր առաջ իրացնելու այդ հնարաւորութիւնները եւ դուրս գալու ճգնաժամից։ Յաջորդիւ աւելի հեշտ է լինելու։ Վստահեցնում եմ։

 

«Դրօշակ», թիւ 4 (1650), ապրիլ, 2021 թ. 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։