Հա

Քաղաքական

20/04/2021 - 13:00

Ի՞նչ կը տայ մեզ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը

Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հայատեաց քայլերի ֆոնին Հայաստանի կառավարութեան ու խորհրդարանի իշխող խմբակցութեան մի շարք ներկայացուցիչներ պնդում են, թէ Թուրքիայի հետ հաշտւելու լաւ հնարաւորութիւն է ստեղծւել։

«alikonline.ir» - Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հայատեաց քայլերի ֆոնին Հայաստանի կառավարութեան ու խորհրդարանի իշխող խմբակցութեան մի շարք ներկայացուցիչներ պնդում են, թէ Թուրքիայի հետ հաշտւելու լաւ հնարաւորութիւն է ստեղծւել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել է Շուշի այցելելու մտադրութեան մասին՝ հայկական բերդաքաղաքը անւանելով իրենց համար յաղթանակի եւ հպարտութեան խորհրդանիշ։ Էրդողանը շեշտել է, որ կը շարունակի Ադրբեջանին աջակցութիւնը բոլոր միջոցներով՝ Արցախը վերջնականապէս թուրքականացնելու համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր հերթին յատուկ պարգեւի  է արժանացրել Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարին, ում նախագծած «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի շնորհիւ հնարաւոր դարձաւ հայկական մի շարք տարածքների գրաւումը Ադրբեջանի, Թուրքիայի եւ վարձկան ահաբեկիչների կողմից։

Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հայատեաց քայլերի ֆոնին Հայաստանի կառավարութեան ու խորհրդարանի իշխող խմբակցութեան մի շարք ներկայացուցիչներ պնդում են, թէ լաւ հնարաւորութիւն է ստեղծւել՝ հաշտւելու Թուրքիայի հետ եւ նոր յարաբերութիւններ սկսել։

Ի տարբերութիւն Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանութիւնների՝ Հայաստանի այսօրւայ ղեկավարները ջանքեր չեն խնայում հարեւան երկու երկրների հետ թշնամական յարաբերութիւնները վերափոխելու բարեկամականի։ Որքանո՞վ է դա հնարաւոր։ Հայաստանի իշխանութեան տրամաբանութիւնն եմ փորձում հասկանալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Տաթեւ Հայրապետեանից։

«Մենք ունենք խնդիրներ Թուրքիայի նկրտումների հետ կապւած։ Թէկուզ 2020 թ․ պատերազմում Թուրքիայի գործողութիւններն ու բացայայտ աջակցութիւնը Ադրբեջանին ցոյց են տալիս, որ Թուրքիան իրեն դիրքաւորում է։ Իմ դիտարկմամբ, թուրք-ադրբեջանական այս տանդեմը վտանգաւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի միւս երկրների համար»,-ասաց ԱԺ իշխող խմբակցութեան պատգամաւորը։

Ստացւում է՝ Թուրքիայի հետ յարաբերութիւնների եւ Թուրքիայից սպասւող նոր վտանգների առումով դիրքորոշումը միատարր չէ նաեւ իշխանութեան ներսում։ Ադրբեջանի եւ Թուրքիայի գծով մասնագիտացած պատգամաւորը չի կիսում իշխանութեան ներսում իր գործընկերների կարծիքը՝ այն համարելով առնւազն անհեռատես։

«Հնարաւո՞ր է արդեօք այս իրավիճակում երկխօսութիւն Թուրքիայի հետ։ Եթէ պետութեան անվտանգային շահը դա է պահանջում, ապա կարելի է երկխօսել անգամ սատանայի հետ, բայց արդեօ՞ք Թուրքիան պատրաստ է դրան։ Իմ համոզմամբ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, երկարաժամկէտ կարգաւորման մասին խօսելը անհեռատեսութիւն եմ համարում»։

Խորհրդարանի փոխխօսնակ Լենա Նազարեանը հաւաստիացնում է, թէ որեւէ մէկի արժանապատւութիւնը չի նւաստանայ, եթէ մենք անենք առաջին քայլը Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ թշնամանքը վերացնելու առումով։ Պատգամաւոր Տաթեւ Հայրապետեանը հէնց արժանապատւութիւնն է համարում պետութիւնների կարեւոր արժէքներից մէկը։

«Ի վերջոյ, ինչպէս մարդկային յարաբերութիւններում, պետութիւնների յարաբերութիւններում էլ պէտք է լինի արժանապատւութիւն։ Ոչ ոք ոչ մէկից ոչինչ չի խնդրում։ Եթէ Թուրքիան իրապէս յարաբերութիւնների կարգաւորում ցանկանար, ապա պէտք է գնար քայլերի, այնինչ նրանք չեն գնում դրան, այլ հակառակը, ինչքան մենք յետքայլ ենք անում, այնքան նրանք առաջ են գալիս։ Նրանց քաղաքական գիծը չի փոխւում»,- նշեց Տաթեւ Հայրապետեանը։

Ի՞նչ կը տայ մեզ Թուրքիայի հետ յարաբերութիւնների հաստատումը քաղաքական եւ տնտեսական առումով։ Սպուտնիկ Արմենիայի տաղավարում այս մասին լրագրող Նայիրի Յոխիկեանը հարցեր է ուղղում տարածաշրջանային քաղաքական վերլուծաբան Սարօ Սարոյեանին։

«Ընդհանրապէս Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատելու գաղափարը շատ լաւ է, բայց բոլոր այն մարդիկ, որոնք այժմ խօսում են հայ-թուրքական յարաբերութիւններ հաստատելու մասին, մի մեծ սխալ են գործում՝ հաշւի չառնելով աշխարհաքաղաքական կշիռները։ Հայաստանը որոշակի դերակատարում ունէր տարածաշրջանում իր կշիռներով՝ Հայոց Ցեղասպանութիւն, արցախեան հակամարտութիւն, պանթուրքիզմի համար սեպ լինելու հանգամանքը... Իսկ երբ մենք հանեցինք բոլոր այդ գործօնները, այլեւս մեզնից ոչինչ չենք ներկայացնում»,-կարծում է Սարօ Սարոյեանը՝ նշելով, որ տնտեսական համագործակցութեան խոստումները միֆ են։

Վերլուծաբանի կարծիքով՝ վերը նշւածից բացի՝ մեր տնտեսութիւնը նոյնպէս չունի բաւարար ռեսուրս՝ ոտք մեկնելու Թուրքիայի հետ, որի տնտեսութիւնն իր զարգացման արագութեամբ երկրորդն է՝ Չինաստանից յետոյ։

Յաւելենք, որ Հայաստանից արտահանման հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Չինաստանն ու Շւէյցարիան։ Այս վերջինը մեր երկրից գնում է հիմնականում ոսկու, պղնձի եւ մոլիբդենի հանքանիւթ։ Թուրքիան կարող է դէպի Շւէյցարիա ճանապարհ լինել, բայց ինչպէս այդ դէպքում, այնպէս էլ հիմա երկաթուղային ճանապարհը հանքանիւթը հասցնելու է մինչեւ Սեւ ծովի նաւահանգիստներ, որտեղից արդէն ծովային երթուղով հայկական ապրանքը գնում է Եւրոպա։ Ռուսաստանին եւ Չինաստանին հետաքրքրում են տարբեր ապրանքատեսակներ, բայց Հայաստանը արտաքին աշխարհի հետ առեւտուր անում է հիմնականում կոնեակի, հանքային ջրի, հագուստի միջոցով։ Այստեղ եւս Թուրքիայի դերը մօտենում է զրոյի։

«Մենք ի՞նչ առեւտուր ենք անում, մենք միայն թուրքական ապրանք ենք ներկրում, իսկ հայկական արտադրանքի արտահանումը Թուրքիա արգելւում է։ Այսինքն մեր նկատմամբ իրականացնում է մի քաղաքականութիւն, երբ այն, ինչ իրեն ձեռնտու է, անում է, իսկ այն, ինչ մեզ է ձեռնտու, արգելում է։ Մենք ինչպէ՞ս ենք պատկերացնում, օրինակ, երկաթուղային ենթակառուցւածքի աշխատանքը։ Վստահ եմ, որ դա ծառայելու է գլխաւորապէս Թուրքիայի շահերին, ոչ թէ մեր»,- նշում է Սարօ Սարոյեանը։

Թուրքերը ագրեսիւ գործելաոճ են ընտրել նաեւ տնտեսական ոլորտում՝ փորձելով այդկերպ ներխուժել այլ երկրներ եւ քաղաքական ազդեցութեան ենթարկել։ Այդ առումով Հայաստանի համար աւերիչ կարող է լինել թուրքական գիւղատնտեսութիւնը։ 2007-ից մինչեւ օրս Թուրքիան աշխարհում առաջին տեղում է բալի, սերկեւիլի, նռան, ուշադրութիւն դարձրէք՝ ծիրանի արտադրութեան ցուցանիշներով։ Երկրորդ տեղում է ձմերուկի, վարունգի, լոլիկի, սմբուկի արտադրութեամբ։

Հայ գիւղացին կարո՞ղ է արդեօք մրցակցել կամ գոնէ դիմադրել աշխարհի շուկաները գրաւող եւ տնտեսական էքսպանսիայի հեռահար նպատակով Հայաստանում շատ ցածր գնով գիւղատնտեսական ապրանք ներմուծող Թուրքիային։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։