Հա

Քաղաքական

21/04/2021 - 11:00

«Սիւնիքի մարզի հարեւանութեամբ ադրբեջանցի զինւորները շարունակում են կրակոցներ արձակել». ՄԻՊ

ՀՀ Սիւնիքի մարզի գիւղերի հարեւանութեամբ ադրբեջանական զինւորականները շարունակում են կրակոցներ արձակել (Ագարակ, Եղվարդ եւ այլ գիւղեր):

«alikonline.ir» - ՀՀ Սիւնիքի մարզի գիւղերի հարեւանութեամբ ադրբեջանական զինւորականները շարունակում են կրակոցներ արձակել (Ագարակ, Եղվարդ եւ այլ գիւղեր):

Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Այս մասին երէկ եւ այսօր Սիւնիքի մարզի համայնքներ այցերի ընթացքում ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանին տեղեկացրին խաղաղ բնակիչները, ինչպէս նաեւ համայնքային մարմինները: Ըստ բնակիչների՝ կրակոցներն արձակւում են օրւայ ինչպէս ցերեկային, այնպէս էլ գիշեր ժամանակ, պարզ լսւում են գիւղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին եւ առաջին հերթին երեխաներին ու կանանց:

Կրակոցներից բացի, ՀՀ Սիւնիքի մարզի Կապանից Ճակատէն ու միւս գիւղեր, Գորիսից Շուռնուխ ու Որոտան եւ այլ համայնքներ միաւորող ճանապարհներին ադրբեջանական զինւորականների ներկայութիւնը լրջօրէն խաթարել է խաղաղ բնակիչների, ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Այս ամենի պատճառով գիւղացիներն անգամ կենսական կարիքների համար (օրինակ՝ աշխատանքի կամ բժշկական հաստատութիւն մեկնելը կամ վերադարձը) ստիպւած են ձեռնպահ մնալ երեկոյեան ժամերին այդ ճանապարհով երթեւեկելուց՝ իրենց ու ընտանիքների անվտանգութեան նկատառումներից ելնելով:

Ադրբեջանական զինւորականների ներկայութիւնը սպառնում է գիւղերի բնակիչների ֆիզիկական անվտանգութեանը:

Ֆիզիկական անձեռնմխելիութիւնից բացի, դա ոտնահարում է հոգեկան անձեռնմխելիութիւնը: Այդ ճանապարհին արհեստական հիմքերով տեղադրւած են ադրբեջանական ցուցանակներ ու դրօշներ, որն էլ պատրւակ է ծառայում ադրբեջանական զինւորականների տեղակայման համար` դրանց իբր պահպանութեան համար:

Գիւղերի (Դաւիթ Բէկ, Կաղնուտ, Որոտան, Խնածախ, Շիկահող, Ճակատէն եւ այլն) բնակիչները այս անգամ եւս նշեցին, որ գիւղերի հարեւանութեամբ նրանց ներկայութեան պատճառով անհնարին է դարձել խոտհարքներից, արօտավայրերից ու մասնաւոր հողատարածքներից օգտւելը (որպէս եկամտի աղբիւր), այդ թւում` կադաստրային օրինական փաստաթղթերի առկայութեան պայմաններում: Օրինակ` Սրաշէն գիւղում բնակիչները Մարդու իրաւունքների պաշտպանին տեղեկացրել են, որ կրակոցներ են արձակւել անգամ տեսնելով անզէն աչքով գիւղացուն հողամասում աշխատելիս:

Ակնյայտ է, որ Սիւնիքի մարզում խաղաղ բնակիչների իրաւունքների պաշտպանութիւնը պահանջում է անվտանգութեան գօտու հրատապ ստեղծում:

Ադրբեջանական զինւորականների տեղակայումները ՀՀ Սիւնիքի մարզի գիւղերի հարեւանութեամբ ու ճանապարհներին, այդ թւում՝ դրօշներն ու ցուցանակները զուրկ են իրաւական որեւէ հիմքից, նրանք պէտք է հեռացւեն այդ վայրերից»: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։