Հա

Քաղաքական

21/04/2021 - 12:15

«Արդեօ՞ք արժէ նման գնով Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատել». Աշոտ Մելքոնեան

Երէկ՝ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրւան  ընդառաջ, ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայում անցկացւել է «Հայոց Ցեղասպանութիւն. Թուրքիայի պատասխանատւութիւնը երէկ եւ այսօր» խորագրով կլոր սեղան-քննարկում:

«alikonline.ir» - Երէկ՝ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրւան  ընդառաջ, ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայում անցկացւել է «Հայոց Ցեղասպանութիւն. Թուրքիայի պատասխանատւութիւնը երէկ եւ այսօր» խորագրով կլոր սեղան-քննարկում: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատւական-վերլուծական ծառայութիւնը։

««Այս կլոր սեղանի նպատակն է զուգահեռներ անցկացնել 1915-2020/2021 թւականների հետ, թէ ինչ տեղի ունեցաւ 100 տարի առաջ եւ ինչ տեղի ունեցաւ 100 տարի յետոյ»,- ասաց ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանը: Նա նշել է, որ թուրքական կողմը միշտ փորձել է Հայոց Ցեղասպանութեան հարցը հանել օրակարգից:

«Միշտ էլ պաշտօնական Անկարան յայտարարել է, որ եթէ մենք ուզում ենք այսօր նորմալ յարաբերութիւններ ունենալ, ապա նայենք ապագային, մոռանանք պատմութիւնը… Արդեօ՞ք արժէ նման գնով Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատել»,- ասաց ակադեմիկոս Մելքոնեանը: Նա յայտնել է, որ ԱՄՆ նախագահի նամակագրութեան գրասենեակը պատասխանել է Հայաստանի պատմագէտների ընկերակցութեան, ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի, Երեւանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովեանի անւան մանկավարժական համալսարանի նամակին եւ ընթերցել  այն.

«Շնորհակալութիւն Բայդէն, Հարիս վարչակազմի հետ կապեր հաստատելու համար: Նախագահ Բայդէնը եւ փոխնախագահ Հարիսը գնահատում են մեզ հետ շփւելու իւրաքանչիւր հնարաւորութիւն, եւ վարչակազմը շնորհակալ է ձեր տեղեկատւութեան համար: Մեր երկիրը բախւում է բազմաթիւ մարտահրաւէրների, եւ ձեր նմանօրինակ նամակներն օգնում են մեզ աւելի պարզ եւ լաւ հասկանալու, թէ ինչպէս Բայդէն, Հարիս վարչակազմը կարող է օգտակար լինել ձեզ: Մենք ուշադիր կուսումնասիրենք ստացւած նամակը եւ կաշխատենք տալ ընթացք:

Յարգանքներով՝

ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի նամակագրութեան գրասենեակ»:

Կլոր սեղանի մասնակիցներին դիմելով՝ ՀՀ ԳԱԱ հայագիտութեան եւ հասարակական գիտութիւնների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Իւրի Սուվարեանն ասել է. «Մեր խնդիրը պիտի լինի այն, որ մտածենք, թէ որն է պատճառը, որ ցեղասպանական քաղաքականութիւնն անընդհատ շարունակական է դառնում մեր ժողովրդի հանդէպ, եւ մենք կրում ենք լուրջ կորուստներ: Մենք պէտք է գտնենք մեր շահերը պաշտպանելու, մեր պայքարի բանալին: Այս քննարկումն այդ խնդրին նոյնպէս պէտք է ծառայի»,- ասաց Իւրի Սուվարեանը:

Կլոր սեղան քննարկման ընթացքում ելոյթներով հանդէս են եկել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատրեանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Ռուբէն Սաֆրաստեանը, ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Ռուբէն Մելքոնեանը, թուրքագէտ Անուշ Յովհաննիսեանը, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Քրիստինէ Մելքոնեանը, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն, պատմական գիտութիւնների դոկտոր Յարութիւն Մարութեանը, ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի փոխտնօրէն, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Կարէն Խաչատրեանը, ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի դեկան, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասեանը, Խաչատուր Աբովեանի անւան մանկավարժական համալսարանի պատմութեան եւ հասարակագիտութեան ֆակուլտետի դեկան, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Էդգար Յովհաննիսեանը, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանեանը:

Մասնակիցներն անդրադարձել են Թուրքիայի կողմից տարւող Հայոց Ցեղասպանութեան ժխտողական քաղաքականութեան, հայկական դիւանագիութեան, ցեղասպանութեան միջազգային ճանաչման կարեւորութեան հարցերին»,- նշւած է հաղորդագրութիւնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։