Հա

Քաղաքական

21/04/2021 - 13:30

«Ադրբեջանական զինւորները սպառնում են Սիւնիքի գիւղերի բնակիչների ֆիզիկական անվտանգութեանը, խաթարւում է մարդկանց ազատ տեղաշարժը». ՀՀ ՄԻՊ

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանն ու Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանն այցելել են Սիւնիքի մարզի Ճակատէն գիւղ: Այցի ընթացքում բնակիչները տեղեկացրել են, որ Կապանից Ճակատէն, Շիկահող ու այլ գիւղեր տանող ճանապարհին ադրբեջանական զինւորականների ներկայութեան պատճառով խուսափում են յատկապէս երեկոյեան ժամերին այդ ճանապարհով երթեւեկելուց:

«alikonline.ir» - ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանն ու Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանն այցելել են Սիւնիքի մարզի Ճակատէն գիւղ: Այցի ընթացքում բնակիչները տեղեկացրել են, որ Կապանից Ճակատէն, Շիկահող ու այլ գիւղեր տանող ճանապարհին ադրբեջանական զինւորականների ներկայութեան պատճառով խուսափում են յատկապէս երեկոյեան ժամերին այդ ճանապարհով երթեւեկելուց: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայութիւնը:

Ադրբեջանցի զինւորականները սպառնում են գիւղերի բնակիչների ֆիզիկական անվտանգութեանը: Այդ ճանապարհին առկայ են ցուցանակներ ու դրօշներ, որն էլ պատրւակ է ծառայում զինւորականների տեղակայման համար:

Դա խաթարել է խաղաղ բնակիչների ազատ տեղաշարժն այդ ճանապարհով: Այս ամէնի պատճառով գիւղացիներն անգամ կենսական կարիքների համար (օրինակ՝ աշխատանքի կամ բժշկական հաստատութիւն մեկնելը կամ վերադարձը) ստիպւած են ձեռնպահ մնալ երեկոյեան ժամերին այդ ճանապարհով երթեւեկելուց՝ իրենց ու ընտանիքների անվտանգութեան նկատառումներից ելնելով:

Աւելին, գիւղերի բնակիչների եւ համայնքային մարմինների տեղեկութիւնների համաձայն՝ գիւղերի անմիջական հարեւանութեամբ շարունակւում են արձանագրւել կրակոցների դէպքեր: Ըստ ահազանգերի՝ կրակոցները պարզ լսւում են գիւղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին երեխաներին ու կանանց:

Անվտանգային ու սոցիալական խնդիրներ եւս բնակիչները ներկայացրել են ՀՀ նախագահին ու Մարդու իրաւունքների պաշտպանին:

Մարդու իրաւունքների պաշտպանը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ պատերազմից յետոյ ադրբեջանական զինւած ուժերի տեղակայումները, այդ թւում՝ դրօշներն ու ցուցանակները զուրկ են իրաւական որեւէ հիմքից, պէտք է հեռանան այդ վայրերից եւ ստեղծւի ապառազմականացւած անվտանգութեան գօտի:

Այդ խնդրին անդրադարձել է նաեւ ՀՀ նախագահը:

ՀՀ նախագահի եւ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն համատեղ այցի արդիւնքները եւ ըստ իրաւասութեան՝ կը ձեռնարկւեն համապատասխան քայլեր, այդ թւում՝ համատեղ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։