Հա

Քաղաքական

22/04/2021 - 12:15

Մեղրին՝ վտանգի տակ. Փաշինեանի վրէժը

Երէկ Սիւնիքում տեղի ունեցած իրադարձութիւններից յետոյ Նիկոլ Փաշինեանն ըստ էութեան ունէր իրադարձութիւնների զարգացման վրայ ազդելու երկու սցենար։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Երէկ Սիւնիքում տեղի ունեցած իրադարձութիւններից յետոյ Նիկոլ Փաշինեանն ըստ էութեան ունէր իրադարձութիւնների զարգացման վրայ ազդելու երկու սցենար։

Նա կամ պէտք է հետեւութիւններ կատարէր առ այն, որ ընդհանրապէս Հայաստանում, մասնաւորապէս՝ Սիւնիքում, կան իսկապէս լրջագոյն խնդիրներ, ինքն այդ մարզում ոչ միայն հեղինակութիւն չունի, այլ, օբիեկտիւօրէն կամ ոչ, արժանացել է հասարակութեան ատելութեանը, ինչը նրան պէտք է ստիպէր դուրս գալ ֆէյքային պսեւդոիրականութիւնից եւ առերեսւել դառը, տհաճ իրականութեանը՝ դրանից բխող հետեւանքներով։

Միւս տարբերակում Նիկոլ Փաշինեանը Սիւնիքի ժողովրդի համատարած դժգոհութիւնն ու ցասումը կարող էր վերագրել «յայտնի խմբակներին» եւ շարունակել ապրել իր ֆէյքային իրականութեան մէջ՝ հազարաւոր ոստիկանների, հարիւրաւոր ԱԱԾ-ականների ծիծաղաշարժ ուղեկցութեամբ։

Ինչպէս եւ կարելի էր սպասել, նա ընտրեց երկրորդ տարբերակը եւ հէնց Սիւնիքի մարզպետարանում տեղի ունեցածը որակեց՝ որպէս «փոքր խմբակ մարդկանց» կազմակերպած «միջադէպ»՝ իրաւապահներին յանձնարարելով՝ օրէնքի ողջ խստութեամբ պատժել բոլոր մեղաւորներին։ «Պարո՛ն Աբազեան, Դուք՝ Ձեր այստեղի կառոյցի ներկայացուցիչների հետ, պարո՛ն Ղազարեան, Դուք, գնացէ՛ք եւ զբաղւէ՛ք այդ հարցերով»,- ՀՀ ԱԱԾ ղեկավարին ու Ոստիկանապետին հրահանգել էր նա։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինեանն իր սովորութեան ու գուցէ կարողութիւնների հանգոյն մնաց մակերեսում, անգամ չփորձեց գոնէ իր համար խորամուխ լինել իրերի իրական դրութեանը եւ հասկանալ՝ ինչո՞ւ են մարդիկ, այդ թւում՝ գուցէ նաեւ ինչ-որ խմբակների պատկանող (ՀՀ Սահմանադրութեամբ եւ օրէնքներով այս կամ այն խմբակին պատկանող մարդիկ նոյնպէս ՀՀ քաղաքացիներ են), այդպիսի ատելութեամբ լցւել իր հանդէպ։

Մտածելու փորձ անելու դէպքում Նիկոլ Փաշինեանը գուցէ հասկանար, որ պատճառն այդ մարդկանց խմբային պատկանելութիւնը չէ, այլ այն, որ անձամբ իր գործողութիւնների ու անգործութեան հետեւանքով նրանց հայրենիքը յայտնւել է գոյաբանական սպառնալիքի ներքոյ, եւ հէնց դա է նրանց դրդել փողոցում հայհոյել երկրի ղեկավարին, ինչը, իհարկէ, անընդունելի ու դատապարտելի է բոլոր դէպքերում։ Նիկոլ Փաշինեանը ցոյց տւեց, որ ինքը հպարտ է համարում միայն իրեն քծնող քաղաքացիներին ու խոնարհւում է յատկապէս նրանց առաջ, ովքեր հալւում են իրեն տեսնելիս։

Միւսներին, ինչպէս Մեղրիի ու Ագարակի բնակիչներին, Նիկոլ Փաշինեանը ոչ միայն հպարտ քաղաքացիներ չի համարում, այլ քաղաքացիներ չի համարում ընդհանրապէս։ Նա երէկ ցոյց տւեց, որ առաջնորդւում է ոչ թէ երկրի ղեկավարի լայնախոհութեամբ, այլ մանրամարդու վրէժխնդրութեամբ։ Նիկոլ Փաշինեանն այլեւս ատում է Մեղրիի ու Ագարակի, ողջ Սիւնիքի բնակիչներին, ինչը չափազանց վտանգաւոր է. հաշւի առնելով նրա անձնական որակները՝ այդ ատելութիւնը կարող է դրդել, որպէսզի նա էլ աւելի նախանձախնդրորեն լծւի Մեղրիի միջանցքն Ադրբեջանին տրամադրելու ծրագրին՝ այդպիսով պատժելով Սիւնիքի բնակիչներին։

Նիկոլ Փաշինեանի ոստիկանապատ այցերն այլեւս միայն խղճահարութիւն են առաջացնում։ Ամէն նման այցով նա նեղացնում է իր եւ հասարակութեան միջեւ դեռեւս մնացած միջանցքը, եթէ, իհարկէ, նման միջանցք ընդհանրապէս կայ։ Բայց դա Փաշինեանին չի յուզում, քանի որ նրա խնդիրը ոչ թէ հանրութեան հետ հաղորդակցութիւնն է, այլ Ադրբեջանի հետ կոմունիկացիան, որի իրագործման համար պատրաստ է զոհաբերել ամէն ինչ՝ սեփական արժանապատւութիւնից՝ մինչեւ ազգային անվտանգութիւն։ Ամէն ինչ, բացի իշխանութիւնից, բնականաբար։

 

168.am

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։