Հա

Քաղաքական

25/04/2021 - 12:10

«ԱՄՆ-ը պարզապէս կատարել է ճշմարիտ յայտարարութիւն՝ օգտագործելով «Ցեղասպանութիւն» եզրոյթը, բայց չի ասել, որ խզում է Թուրքիայի հետ իր յարաբերութիւնները». ամերիկացի վերլուծաբան

Ամերիկացի վերլուծաբան, գրող Դեւիդ Սաթերի խօսքով՝ Հայոց Ցեղասպանութեան յիշատակման օրը ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի կողմից «Ցեղասպանութիւն» եզրոյթի օգտագործումն ու պատմական փաստի ճանաչումն ընդգծում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահինը տարբերւում է Դոնալդ Թրամփի վարչակազմից․ ներկայինը կարեւորում է մարդու իրաւունքների պաշտպանութիւնը եւ ընդգծում է դա։

«alikonline.ir» - Ամերիկացի վերլուծաբան, գրող Դեւիդ Սաթերի խօսքով՝ Հայոց Ցեղասպանութեան յիշատակման օրը ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի կողմից «Ցեղասպանութիւն» եզրոյթի օգտագործումն ու պատմական փաստի ճանաչումն ընդգծում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահինը տարբերւում է Դոնալդ Թրամփի վարչակազմից․ ներկայինը կարեւորում է մարդու իրաւունքների պաշտպանութիւնը եւ ընդգծում է դա։

Նա Tert.am-ի հետ զրոյցում նկատեց, որ Թուրքիան տարիներ շարունակ փորձել է ճնշել ամբողջ աշխարհին, որ ճշմարիտ չլինեն Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում, չնայած նրան, որ մարդիկ իսկապէս գիտէին, թէ ինչ է իրականում տեղի ունեցել, որ Թուրքիայի հայկական տարածքներում տեղի ունեցածն իսկապէս Ցեղասպանութիւն էր։

«Բայց ինձ թւում է, որ այս հարցի հետ կապւած մարդկանց սպասումները չեն արդարանայ։ Թուրքիան Արեւմուտքի եւ Միացեալ Նահանգների հետ ունի համագործակցութեան ձեւաչափեր։ ԱՄՆ-ն էլ պարզապէս կատարել է ճշմարիտ յայտարարութիւն՝ օգտագործելով «Ցեղասպանութիւն» եզրոյթը, բայց չի ասել, որ խզում է Թուրքիայի հետ իր յարաբերութիւնները, արգելում է թուրքերին, որ ճանապարհորդեն ԱՄՆ։ ԱՄՆ-ը չի ասում, որ Թուրքիայի վրայ ճնշում է գործադրում կամ պատրաստւում են որեւէ կոշտ քայլ անել Թուրքիայի նկատմամբ, պարզապէս հասարակ, ճշմարիտ յայտարարութիւն է անում»,- ասաց նա։

Թուրքիան փորձել է խոչընդոտել ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանութեան ճանաչումը, բայց ամերիկացի վերլուծաբանի նկատառմամբ, այլ երկրներ էլ կը ճանաչեն ցեղասպանութիւնը։ «Թուրքիան միշտ փորձում է ներկայացնել պատմութեան իր վարկածը»,- ասաց նա։

Նրա նկատառմամբ՝ Բայդէնի կողմից Ցեղասպանութեան ճանաչումը կարող է դեր ունենալ հէնց Թուրքայի ներսում, գուցէ սկսւի գործընթաց, որ հէնց թուրքերն իրենք սկսեն մտածել իրենց պատմութեան մասին։ «Ես կարծում եմ, ժամանակն անցնում է, եւ Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանութիւնը, քանի որ մարդիկ սկսում են իրաւունքների մասին խօսելու փորձ ձեռք բերել»,- ասաց նա։

Ամերիկացի վերլուծաբանի խօսքով՝ եթէ նախագահն օգտագործել է «Ցեղասպանութիւն» եզրոյթն, ուրեմն ոչ մի կասկած չկայ, որ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել, Միացեալ Նահանգները պաշտօնապէս է այն ընդունում։ Նա նաեւ նշեց, որ մասնագէտ չէ, սակայն կարծում է, որ դա կարող է որոշակի իրաւական հարցեր էլ լուծել։ «Բայց սա առաջին հերթին քաղաքական յայտարութիւն է»,- ասաց նա։

Անդրադառնալով նրան, թէ դա ինչ է նշանակելու Հայաստանի համար, նա նշեց, որ դա, իր կարծիքով, ոչ մի փոփոխութիւն չի բերելու Հայաստանի հետ քաղաքական յարաբերութիւններում։

«Դա կարող է փոփոխութիւններ առաջացնել Թուրքիայի ներսում, կարող է ցոյց տալ, որ աշխարհը չի ցանկանում համագործակցել իրենց ժխտողականութեան հետ։ Դա կարող է լինել։ Բայց հայերի հետ կապւած ոչինչ չի լինի, քանի որ նրանց համար ոչ մի նոր բան չկար այդ յայտարարութիւնում, ի վերջոյ նրանցից լաւ ոչ ոք չգիտի, թէ ինչ է տեղի ունեցել։ Յայտարարութիւնը ցոյց է տալիս պարզապէս հայերին աջակցութիւն, բայց պարտադիր չէ, որ դա լինի ինչ-որ այլ յատուկ հայկական հարցի վերաբերեալ դիրքորոշում,- ասաց նա՝ մատնանշելով նախորդ տարւայ ղարաբաղեան պատերազմը Ադրբեջանի հետ,- դա առանձին հարց է, եւ չեմ կարծում, որ սրա արդիւնքում փոփոխութիւն է լինելու Ղարաբաղեան հարցի վերաբերեալ դիրքորոշման մէջ»։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։