Հա

Քաղաքական

27/04/2021 - 11:55

«Փաշինեանը դարձել է կապիտուլեացիայի խորհրդանիշ ու հիմա միայն մէկ ձգտում ունի. պատասխանատւութիւնը սահուն իր ուսերից գցել «հպարտ» քաղաքացիների ուսերին». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, «Նիկոլ Փաշինեանն իր հրաժարականը ներկայացրեց կիրակի օրը՝ ապրիլի 25-ին։ Ըստ Փաշինեանի, դա խորհրդանշական է, եւ այդ հրաժարականը նշանակում է, որ իրենք հէնց Քաղաքացու օրը քաղաքացուց ստացած իշխանութիւնը վերադարձնում են քաղաքացուն, որպէսզի նա ընտրութիւնների միջոցով որոշի իշխանութեան յետագայ ճակատագիրը։ 

«alikonline.ir» - «Փաստ»-ը գրում է, «Նիկոլ Փաշինեանն իր հրաժարականը ներկայացրեց կիրակի օրը՝ ապրիլի 25-ին։ Ըստ Փաշինեանի, դա խորհրդանշական է, եւ այդ հրաժարականը նշանակում է, որ իրենք հէնց Քաղաքացու օրը քաղաքացուց ստացած իշխանութիւնը վերադարձնում են քաղաքացուն, որպէսզի նա ընտրութիւնների միջոցով որոշի իշխանութեան յետագայ ճակատագիրը։ Յիշենք, որ իշխանափոխութիւնից յետոյ Փաշինեանի կառավարութիւնը, որպէս առաջին քայլերից մէկը, ձեռնամուխ եղաւ «Տօների եւ յիշատակի օրերի մասին» օրէնքում լրացում կատարելու մասին օրինագծի ընդունմանը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը յայտարարւեց Քաղաքացու օր:

Հայաստանում Քաղաքացու օրը նշւել է միայն մէկ անգամ՝ 2019 թւականի ապրիլի 27-ին, երբ Նիկոլ Փաշինեանը եւ այլ պաշտօնեաներ այդ օրը փակել էին Երեւանի մի շարք կենտրոնական փողոցներ եւ խորոված-փարթի էին կազմակերպել։ Թէ խորոված-փարթին ի՞նչ կապ ունի քաղաքացու հետ, այդպէս էլ չիմացանք։ Բայց դա չէր խանգարել, որ իշխանութիւնները պետբիւջէից 124 մլն դրամ յատկացնեն տօնական միջոցառումների կազմակերպման համար։ Իսկ ահա 2020 թւականին, համաւարակով պայմանաւորւած, այդ օրը չնշւեց: Բայց այս ամէնի մէջ ամենակարեւորն այն է, որ եթէ տօնի անունը Քաղաքացու օր է, դա դեռեւս չի նշանակում, թէ այն քաղաքացիների տօնն է։

Իշխանութիւնների պատկերացմամբ, այդ օրը խորհրդանշում է այն, որ քաղաքացիները կարողացան 2018 թւականին փոփոխութիւններ բերել հայաստանեան ներքաղաքական կեանքում եւ իշխանափոխութեան հասնել, սակայն իրականում դա իշխանութիւնների տօնն է՝ ընկած «յեղափոխական օրացոյցի» առանցքում։ Հարցն այն է, որ իրենց յեղափոխական հռչակած անձինք կարողացան քաղաքացուն բարեկեցիկ կեանք եւ ապահովւածութիւն խոստանալ ու, մարդկանց շրջանում կուտակւած դժգոհութիւնն օգտագործելով, իշխանութեան գալ։ Այդպէս Փաշինեանն ու իր թիմակիցները խաղացին քաղաքացիների յոյզերի վրա՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։ Եթէ յեղափոխականի աստառի ներքոյ հանդէս եկող այդ մարդիկ իրոք քաղաքացու եւ պետութեան մասին մտածէին, ապա Փաշինեանը ժամանակին չէր յայտարարի. «Կա՛մ ես վարչապետ կընտրւեմ ժողովրդի պահանջով եւ աջակցութեամբ, կա՛մ էլ ՀՀ-ում ընդհանրապէս վարչապետ չի ընտրւի»։

Կարճ ասած՝ նրանց մոտիւացիան պարփակւած էր միայն իշխանութեանը տիրանալու պարզ բանաձեւի ներքոյ։ Ու որպէսզի պահեն իրենց աթոռը, իշխանութիւնները սկսեցին հանրութեանն զբաղեցնել փոփոխութիւնների իմիտացիայով՝ քաղաքական դաշտն իջեցնելով մանկապարտէզի մակարդակի, իսկ հասարակութեանը բաժանելով սեւերի ու սպիտակների։ Այդպէս իրականում քաղաքացիներն անտեսւեցին, կորցրին իրենց դէմքը եւ վերածւեցին անհասկանալի ամբոխի, քանի որ նրանց փոխարէն իշխանութիւններն արդէն ամէն ինչ որոշել էին, եւ եթէ այս կամ այն քայլն էին կատարում, ապա յայտարարում էին, թէ դա անում են քաղաքացիների ու ժողովրդի անունից։

Այնինչ, Փաշինեանն իր հանրահաւաքների ժամանակ խոստանում էր, թէ ամէն մի կարևոր քայլ հրապարակում քննարկելու է ժողովրդի հետ, անգամ իր ելոյթներից մէկում Հանրապետութեան հրապարակը հռչակեց 21-րդ դարի մարդկութեան նորագոյն ժամանակների ագորան, սակայն դա չէր խանգարում, որ ինքը որոշումներն ընդունի միանձնեայ՝ առանց քաղաքացիների կարծիքների հետ հաշւի նստելու։ Ճակատագրական որոշումներ: Փաշինեանը խոստանում էր հրապարակում ժողովրդի դատին ներկայացնել Արցախեան հիմնախնդրի ցանկացած լուծման տարբերակ, որը սեղանի վրայ կը լինի, բայց իրականում ոչ միայն ժողովրդից թաքցրեց իրական բանակցային դետալները, այլեւ Արցախեան պատերազմի ժամանակ յաղթանակի կարգախօսների ներքոյ հանրութեանն առաջնորդեց խայտառակ պարտութեան։ Թերեւս այդ է պատճառը, որ ՀՀ ոչ մի ղեկավար դեռեւս այսքան խեղճ ու ստորացւած վիճակում չի յայտնւել, որին ո՛չ դրսում են յարգում, ո՛չ էլ երկրի ներսում։

Մեծ հաշւով, Փաշինեանը դարձել է կապիտուլեացիայի խորհրդանիշը։ Ու հիմա միայն մէկ ձգտում ունի. նոյն հպարտ քաղաքացիներին, նոյն ժողովրդին հերթական անգամ խաբելով ու մոլորեցնելով՝ պատասխանատւութիւնը սահուն իր ուսերից գցել նրանց ուսերին: Մնում է հասկանալ՝ ցանկանո՞ւմ է մեր հանրութիւնը նորից խաբւել եւ այդ մէկ անձի մեղքն ու պատասխանատւութիւնը վերցնել իր վրայ...»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։