Հա

Քաղաքական

27/04/2021 - 12:10

««Զանգեզուրի միջանցքը» կը խաթարի Հայաստան-Իրան հաղորդակցութիւնը». Ոսկանեան

Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իրանական մամուլի արձագանքներին, որոնք վերաբերում են Իլհամ Ալիեւի` այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերեալ յայտարարութիւններին։

«alikonline.ir» - Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իրանական մամուլի արձագանքներին, որոնք վերաբերում են Իլհամ Ալիեւի` այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերեալ յայտարարութիւններին։

Վարդան Ոսկանեանի դիտարկմամբ` «Զանգեզուրի միջանցք» կոչեցեալ, թշնամական եզրոյթով բնութագրւող երեւոյթն ըստ էութեան դէմ է Իրանի կենսական շահերին, հետեւաբար իրանական կողմից ակնկալել այլ արձագանքներ, տեղին չի լինի։

Միջազգային իրաւունքի հարցերով փորձագէտ Ահմադ Քազեմին «Fars» լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում շեշտել է, որ Ալիեւն արդէն մի քանի անգամ բացայայտօրէն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականութեանը, որին Երեւանն արձագանքել է ԱԳՆ խօսնակի մակարդակով։ Իսկ «Mehr» լրատւական գործակալութեան կայքում հրապարակւած յօդւածում ընդգծւել է, որ պատմութեան մէջ «Զանգեզուրի միջանցք» անունով անցակէտ կամ միջանցք գոյութիւն չի ունեցել եւ դա պատմութեան խեղաթիւրում է։

Ըստ Ոսկանեանի` նման արձագանքներ յաճախ լինում են թէ՛ իրանական փորձագիտական շրջանակների, թէ՛ պաշտօնատար անձանց կողմից, ովքեր թէեւ աւելի դիւանագիտական ձեւակերպմամբ, բայցեւայնպէս նոյն միտքը հասցնում են մի քանի լսարանների, հետեւաբար առաջին լսարանը թուրք-ադրբեջանական դաշինքն է, երկրորդ լսարանը` ներհայաստանեան դաշտը։

«Եթէ նոյնիսկ Հայաստանի ներսում լինեն որոշ խմբեր, որոնք կարող են գաղտնի կամ բացայայտ կերպով նման միջանցքի գաղափարին կողմ լինել, ապա իրանական կողմը յստակօրէն դրան դէմ է։ Դա ունի մի քանի պատճառ, նախ` ենթադրւում է, որ միջանցքը պէտք է լինի Մեղրիի հատւածով, այսինքն` իրանական սահմանին զուգահեռ, ինչը չի բխում Իրանի շահերից` հաշւի առնելով այն հանգամանքը, որ նման «միջանցքի» գոյութիւնը կարող է խաթարել Հայաստան-Իրան ուղղակի հաղորդակցութիւնը, այսինքն`ՀՀ սուվերեն տարածքի մի մասը կարող է դուրս լինել հայկական վերահսկողութիւնից»,- Sputnik Արմենիային ասաց իրանագէտը։

Ոսկանեանի կարծիքով` իրանցիները շատ լաւ պատկերացնում են, որ արցախեան վերջին պատերազմից յետոյ մեզ համար տխրահռչակ հետեւանքները չեն բխում նաեւ Իրանի կենսական շահերից, որովհետեւ իրանցիներն իրենց հիւսիսում ստացել են մերձարաքսեան գօտու մի տարածք, որտեղ կայ հսկայական թուրքական եւ իսրայէլական ազդեցութիւն, կարող է ընդհանրապէս լինել ՆԱՏՕ-ական ազդեցութիւն եւ որտեղ ահաբեկիչներն էին, հետեւաբար նշւած հարցերի առթիւ իրանցիների դիրքորոշումները շատ յստակ են։

«Ցաւալի է, որ բանը հասել է Հայաստանի սուվերենութիւնը քննարկելուն, ինչն Իրանի համար կարմիր գիծ է, ինչի մասին յայտարարել է Իրանի արտգործնախարարը պատերազմի վերջին շրջանում, եւ գրեթէ նոյնանման յայտարարութիւն հնչել է Իրանի հոգեւոր առաջնորդի շուրթերից, ինչը հարեւան երկրում ամենաբարձր կարծիքն է, որ կարող է գոյութիւն ունենալ ընդհանրապէս»,- նշեց իրանագէտը։

Ոսկանեանի գնահատմամբ` «Fars» եւ «Mehr» լրատւական գործակալութիւններն անուղղակի կերպով ասոցացւում են Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի տեսակէտների հետ, հետեւաբար նշւած լրատւամիջոցներում տեղ գտած փորձագիտական վերլուծութիւնն ըստ էութեան արտայայտում է Իրանի պետութեան եւ Իրանի ռազմական ուժի ամենանշանակալի հատւածի տեսակէտները։ Ըստ փորձագէտի` հրապարակումներում շեշտւել է այն միտքը, որ վերոյիշեալ միջանցքին առնչւող ծրագրի տապալման գործում կարող է էական դեր խաղալ Ռուսաստան-Իրան-Չինաստան համագործակցութիւնը, քանզի այդ երկրները բնականաբար դէմ են այդ պանթուրքիստական ծրագրի իրականացմանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։