Հա

Քաղաքական

27/04/2021 - 13:20

«Յարմար պահ էր, որ ամերիկեան քաղաքական վերնախաւը, որը դժգոհ էր Թուրքիայից, ապտակ հասցնէր նրան, իր տեղը ցոյց տար». թուրքագէտը՝ Բայդէնի ուղերձի մասին

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի խօսքով՝ ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն առաջին հերթին մենք պէտք է գնահատենք որպէս անարդարութեան վերացում։ Նա Tert.am-ի հետ զրոյցում նկատեց՝ ԱՄՆ-ը շատ լաւ տեղեակ էր Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացից, գիտէր, թէ ինչ էր տեղի ունեցել։

«alikonline.ir» - ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի խօսքով՝ ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն առաջին հերթին մենք պէտք է գնահատենք որպէս անարդարութեան վերացում։ Նա Tert.am-ի հետ զրոյցում նկատեց՝ ԱՄՆ-ը շատ լաւ տեղեակ էր Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացից, գիտէր, թէ ինչ էր տեղի ունեցել։

«Ճանաչման գործընթացը սկսւել է 1915 թւականի դեկտեմբերից՝ Կոնգրեսից, հիմա նախագահն այդ գործընթացն աւարտին է հասցնում։ Այնպէս որ, առաջին հերթին ճանաչումով իրենք իրենց մեղքից ազատւեցին, մինչեւ հիմա պատմական ճշմարտութիւնը չէին ճանաչում՝ շատ լաւ իմանալով, թէ ինչ է տեղի ունեցել»,- ասաց նա։

Ռուբէն Սաֆրաստեանը նշեց, որ հիմա ճանաչման պատճառը առաջին հերթին ամերիկահայ համայնքի նպատակասլաց աշխատանքն է, բայց նաեւ՝ թուրք-ամերիկեան յարաբերութիւնների ցածր մակարդակը։

«Կարծում եմ, որ որոշիչ դեր խաղաց այն հանգամանքը, որ կարեւոր տեղաշարժեր են տեղի ունենում ամերիկեան արտաքին քաղաքականութիւնում։ Ամերիկացիների համար հիմա համաշխարհային թատերաբեմում հիմնական ախոյեանը Չինաստանն է։ ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքական հետաքրքրութիւնները տեղափոխում է դէպի Հարաւարեւելեան Ասիա, Խաղաղ ովկիանոս, որտեղ ակտիւ է Չինաստանը։ Մերձաւոր Արեւելքի եւ Թուրքիայի դերը ամերիկացիների մօտ նւազում է, եւ դա յարմար պահ էր, որ ամերիկեան քաղաքական վերնախաւը, որը դժգոհ էր Թուրքիայից, ապտակ հասցնէր նրան, Թուրքիային իր տեղը ցոյց տար»,- ասաց նա։

Ճանաչումը, ըստ թուրքագէտի, առանձնապէս մեծ հետեւանքներ չի ունենայ։ «Բայդէնի հետ հեռախօսազրոյցի ժամանակ, երբ ասւել էր, որ ճանաչելու է Ցեղասպանութիւնը, էրդողանը ասել էր, որ դա կը լինի վէրք թուրք-ամերիկեան յարաբերութիւններում,- ասաց նա՝ միեւնոյն ժամանակ նկատելով, որ այս տարի ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանութեան ճանաչումը Թուրքիայի համար սպասւած էր,- եթէ հաշւի առնենք այն ֆոնը, որ Բայդէնը նախագահ դառնալուց յետոյ հեռախօսազրոյց չէր ունեցել Էրդողանի հետ, ապա արդէն սպասւում էր, որ նման բան պէտք է տեղի ունենար»։

Անդրադառնալով Ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Պոլսոյ պատրիարք Սահակ Մաշալեանին ուղղւած նամակին, որտեղ խօսւում էր Հայաստանի հետ յարաբերութիւններ հաստատելու ցանկութեան մասին, Ռուբէն Սաֆրաստեանը նշեց՝ ոչ մի նոր բան չկար։

«Պէտք է ռեալիստ լինել եւ հասկանալ, որ այդ խօսքերը, հռետորաբանութիւնը ոչինչ չարժեն։ Եթէ Թուրքիան իսկապէս ցանկանում է Հայաստանի հետ յարաբերութիւններ կարգավորել, պէտք է ինքը առաջին հերթին հրաժարւի երեք նախապայմաններից, որ առաջ է քաշել եւ տասնամեակներ պահում է իր արտաքին քաղաքականութեան օրակարգում։ Դրանք վերաբերում են Ղարաբաղեան հիմնախնդրին, Ցեղասպանութեան ճանաչմանը եւ Կարսի պայմանագրին։ Թուրքիան նաեւ բացայայտ թշնամաբար է տրամադրւած Հայաստանի նկատմամբ, եւ մենք տեսանք, որ դա չվերացաւ Ղարաբաղեան պատերազմից յետոյ»,- ասաց նա։

Խօսելով Թուրքիայի թշնամական վերաբերմունքին զուգահեռ ՀՀ իշխանութիւնների կողմից Թուրքիայի հետ յարաբերութիւնները «շտկելու» մասին յայտարարութիւններից՝ Ռուբէն Սաֆրաստեանը նշեց, որ ինքն ընդհանուր առմամբ, դէմ չէ, որ հարեւան երկրի հետ յարաբերութիւնները կարգաւորեն։

«Բայց դրա համար նախադրեալներ են պէտք, իսկ դա Թուրքիայի վերաբերմունքն է Հայաստանի նկատմամբ։ Իսկ եթէ նա թշնամական վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, ուրեմն նախադրեալներ չկան։ Դրա համար ես կարծում եմ, որ մեր մօտեցումը, որ ներկայ պայմաներում կարող ենք յարաբերութիւններ կարգաւորել, սխալ է»,- ասաց նա։

Անդրադառնալով Մեղրիի միջանցքի մասին, որի հնարաւորութիւններից խօսում են ՀՀ իշխանութիւնները, թուրքագէտը նշեց, որ այն մեզ համար վտանգ է, եւ դա պէտք է լաւ հասկանանք։

«Սա առաջին հերթին Թուրքիայի եւ Ադրբեջանի պանթուրքիստական ծրագրերի իրականացմանն ուղղւած մի առաջարկ է։ Այնպէս որ, դրանից իրական տնտեսական օգուտ, չեմ կարծում, որ ստանալ հնարաւոր կը լինի։ Դա պարզապէս վտանգ է մեզ համար»,- ասաց նա։

Վերադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման թեմային՝ նա նշեց, որ դրա շնորհիւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը նոր թափ կը ստանայ։ «Այս պայմաններում մենք, որպէս պետութիւն, պէտք է սկսենք աւելի լուրջ մտածել Ցեղասպանութեան գործընթացն առաջ տանելու մասին, այն տեղափոխելու արդէն իրաւական դաշտ, նախապատրաստւելու հատուցման գործընթացին»,- ասաց նա։

Նա չհամաձայնեց, որ այս հարցում ուշացել ենք։ Նշեց, որ գործընթացը բարդ է եւ ժամանակատար։ «Մեր պետութիւնը պէտք է պարզապէս ստանձնի համակարգողի դեր, կարողանայ կենտրոնացնել ողջ հայութեան ինտելեկտուալ, մասնագիտական, փորձագիտական միտքը, որ այդ խնդիրը կարողանանք առաջ տանել։ Գուցէ համապատասխան կենտրոններ ստեղծւեն, մասնագէտներ հրաւիրւեն, բոլոր հարցերը ուսումնասիրւեն։ Կրկնեմ՝ դժւար խնդիր է, բայց պէտք է յամառ եւ հետեւողական աշխատանք տանել այդ ուղղութեամբ»,- ասաց նա։

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։