Հա

Քաղաքական

28/04/2021 - 10:05

Արման Թաթոյեանը բարոնուհի Քերոլայն Քոքսին ներկայացրել է ադրբեջանական կողմի պատերազմական յանցագործութիւններն ու գերիների վերադարձի հրատապութիւնը

Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանն ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի թագաւորութեան խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին: 

«alikonline.ir» - Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանն ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի թագաւորութեան խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է ՄԻՊ գրասենեակը:

Պաշտպանը շնորհակալութիւն է յայտնել բարոնուհուն Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ բրիտանական կառավարութեան ներկայացուցչի առջեւ հայ ռամագերիների հանդէպ Ադրբեջանի կողմից իրականացւող անմարդկային վերաբերմունքի եւ պատերազմի ընթացքում օգտագործւած արգելւած զինատեսակների հարցը բարձրացնելու համար:

Արման Թաթոյեանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ապացոյցներ, թէ ինչպէս է հայատեացութիւնն ու հայասպանութիւնը խրախուսւում Ադրբեջանի բարձրագոյն իշխանութիւնների կողմից:

Արման Թաթոյեանը նշել է, որ Բաքւում 2020 թւականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպէս կոչւած «ցուցահանդէս-պուրակը» պետական հովանաւորչութեամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականութեան ապացոյց է:

Պաշտպանը ուշադրութիւն է հրաւիրել այն հանգամանքի վրայ, որ այդ վայրում հայ զինւորների մանեկեները յատուկ ներկայացւած են նւաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:

Արման Թաթոյեանը անդրադարձել է նաեւ Ադրբեջանում պահւող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանութիւնների պահւածքը կոպտօրէն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիւերսանտներ»:

Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները եւ քաղաքացիական անձինք ադրբեջանական զինւած ուժերի կողմից գերեվարւել են ընթացիկ, շարունակւող զինւած հակամարտութեան պայմաններում, հետեւաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պէտք է անյապաղ ազատ արձակւեն եւ վերադարձւեն հայրենիք՝ առանց որեւէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

Ադրբեջանական իշխանութիւններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների եւ նրանց ընտանիքների իրաւունքները, նրանց պատճառելով տառապանքներ եւ առաջացնելով լարւածութիւն հասարակությունում:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի աշխատանքը:

Կողմերը պատրաստակամութիւն են յայտնել ընդլայնել համագործակցութեան ուղղութիւնները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։