Հա

Քաղաքական

01/05/2021 - 10:20

Արմէն Սարգսեանը նամակներ է յղել սփիւռքի հայկական կազմակերպութիւնների ղեկավարներին

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը շնորհակալական նամակներ է յղել սփիւռքի հայկական կազմակերպութիւնների ղեկավարներին՝ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին, Հայկական բարեգործական ընդհանուր միութեան նախագահ Պերճ Սեդրակեանին, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորեանին եւ համագումարի գործադիր տնօրէն Բրայան Արդունիին՝ երախտագիտութիւն յայտնելով Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործում ներդրած աւանդի համար: 

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը շնորհակալական նամակներ է յղել սփիւռքի հայկական կազմակերպութիւնների ղեկավարներին՝ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին, Հայկական բարեգործական ընդհանուր միութեան նախագահ Պերճ Սեդրակեանին, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորեանին եւ համագումարի գործադիր տնօրէն Բրայան Արդունիին՝ երախտագիտութիւն յայտնելով Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործում ներդրած աւանդի համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտօնական կայքիը:

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին ուղղւած նամակում ՀՀ նախագահ Սարգսեանը մասնաւորապէս ընդգծել է, որ նրանց տարիների ջանադիր գործունէութիւնն իր ծանրակշիռ նպաստն է ունեցել նաեւ 2019 թւականին ԱՄՆ Կոնգրեսի զոյգ պալատների կողմից Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւի ընդունման մէջ, որը կարեւոր հանգրւան էր Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործում. «Այն հետեւողական աշխատանքը, որ ՀՅԴ-ն կատարում է Սփիւռքում եւ յատկապէս ԱՄՆ-ում ազգապահպանութեան ու համազգային նպատակների իրա­կա­նացման ուղղութեամբ, արժանի է մեծագոյն յարգանքի եւ գնահատականի: Վստահ եմ, որ այսուհետ եւս շարունակելու էք առաջնորդւել համազգային շահով եւ արդարութիւնը վերջնական հանգրւանին հասցնելու դժւարին առաքելութեան խորին գիտակցումով»:

Հայկական բարեգործական ընդհանուր միութեան նախագահ Պերճ Սեդրակեանին ուղղւած նամակում ՀՀ նախագահ Սարգսեանը մասնաւորապէս բարձր է գնահատել միութեան հայրենանւէր եւ ազգանպաստ գործունէութիւնը. «Հաւատարիմ ՀԲԸՄ հիմնադիրների աւանդին, որոնք Մեծ Եղեռնի առաջին իսկ օրերին իրենց ողջ ուժն ու կարողութիւնն ուղղեցին կոտորածներից ու հալածանքներից փրկւածների օգնութեան գործին, ՀԲԸՄ-ն մշտապէս թիկունք է կանգնել համազգային նպատակների իրականացմանը թէ՛ Հայաստանում ու Արցախում եւ թէ՛ ողջ աշխարհում, այդ թւում՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներում: Դուք մշտապէս վառ էք պահում հայապահպանութեան ու հայ ինքնութեան կրակը, ինչը վկայում է, որ ՀԲԸՄ-ն հաստատուն է իր նպատակներում եւ հաւատարիմ է սկզբունքներին»:

Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորեանին եւ համագումարի գործադիր տնօրէն Բրայան Արդունիին ուղղւած նամակներում ՀՀ նախագահ Սարգսեանը մասնաւորապէս բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի՝ Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ուղղւած աշխատանքը. «Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց նւիրումով, ջանքերով նպաստել են արդարութեան վերականգնմանը: Ամերիկայի հայկական համագումարը հրաշալի աշխատանք է կատարել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործում: Երբ մենք համախմբում ենք մեր ջանքերն ու մեր տեսլականը վերածում իրական գործողութիւնների, արդիւնքը միշտ տեսանելի է լինում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։