Հա

Քաղաքական

02/05/2021 - 11:35

Գաղտնիութեան շղարշ. ինչի՞ համար էին Հիւսիսն ու Արեւմուտքը իշխանութեան բերում Փաշինեանին

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարեանի ու Սերժ Սարգսեանի վերջին շրջանի հարցազրոյցներին, դրանց նպատակայնութեանը եւ դրանցում առկայ հիմնական ուղերձներին։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարեանի ու Սերժ Սարգսեանի վերջին շրջանի հարցազրոյցներին, դրանց նպատակայնութեանը եւ դրանցում առկայ հիմնական ուղերձներին։

Ստեփան Դանիէլեանի դիտարկմամբ` երկրորդ եւ երրորդ նախագահների հարցազրոյցների համար կայ երկու հիմնական պատճառ, առաջինը բնականաբար ընտրութիւններն են եւ պայմանաւորւած են նախընտրական շրջանով, իսկ երկրորդ պատճառն առնչւում է արցախեան 44-օրեայ պատերազմում կրած պարտութեանը, քանի որ գործող իշխանութիւնը փորձում է մեղքն իր վրայից թօթափել ու բարդել նախկինների վրայ` պատասխանատւութիւնը դնենլով նրանց ուսերին։

«Ստեղծւած իրավիճակում բնական է, որ նախկիններն էլ իրենց հերթին պէտք է արձագանքէին, ուստի նշւած երկու պատճառների համադրութիւնը երկրորդ եւ երրորդ նախագահներին դրդում է ակտիւութեան։ Արցախեան պատերազմում կրած պարտութիւնն ըստ էութեան մնացել է անտէր, ամբողջ նախկին պրոցեսը ջնջւել է եւ հիմա, երբ Նիկոլ Փաշինեանը մեղադրում է նրանց, նրանք էլ իրենց հերթին անկեղծանում են ու բացում ինչ-ինչ փակագծեր, թէեւ փակագծերն ամբողջութեամբ չեն բացում»,- նշեց քաղաքագէտը։

Դանիէլեանի կարծիքով` հիմնական խնդիրը Փաշինեան-Սարգսեան միջակայքում է, քանի որ 2018 թւականին մէկը միւսին յանձնեց իշխանութիւնը կամ էլ ստիպւած էր յանձնել, հետեւաբար կան շատ հարցեր, որոնց պատասխանները հանրութիւնը դեռ չի ստացել։

Ըստ նրա`շատերն իշխանափոխութիւնը կապում են արցախեան խնդրի շուրջ ստեղծւած իրավիճակի հետ, ուստի հնարաւոր բացայայտումները կարող են էական ազդեցութիւն թողնել ընտրութիւնների վրայ։

«Սարգսեանը նշեց, որ պարտւել է ոչ թէ Փաշինեանին, այլ աւելի լուրջ ուժերին, որոնք գտնւում են ե՛ւ հիւսիսում, ե՛ւ արեւմուտքում, կապւած չեն իշխանութեան հետ, թէեւ ներկայ աշխարհում իշխանութիւններն ուղղակիօրէն չեն գործում նման դէպքերի ժամանակ, այլ գործընթացը տանում են միջնորդաւորւած, պրոկսի ուժերը։ Բայց այստեղ հարցեր են առաջանում` Հիւսիսն ու Արեւմուտքը միասին կամ առանձին ի՞նչ խնդիրներ էին ցանկանում լուծել, ինչի՞ համար էին իշխանութեան բերում Փաշինեանին, կապւա՞ծ էր այդ ամէնը արցախեան խնդրի հետ, նշւած պրոկսի ուժերը առանձի՞ն էին գործում, թէ՞ միասնաբար, ահա այս հարցերի պատասխանները չեն տրւում»,- ասաց քաղաքագէտը։

Դանիէլեանի գնահատմամբ` յստակ պատասխանների բացակայութեան պարագայում ամէն ինչ պարուրւում է գաղտնիութեան շղարշով եւ որեւէ պարզութիւն չի մտնում ստեղծւած իրավիճակի մէջ։ Ըստ նրա` եթէ ինչ-որ փակագծեր բացւեն, դրան զուգահեռ կը լինի շատ ուժեղ դեզինֆորմացիա եւ ատելութեան ալիք, ուստի բացւած փակագծերը կարող են խեղդւել դեզինֆորմացիոն ագիտացիայի ծովում ու մարդիկ ոչ թէ ինչ-որ բան են հասկանալու, այլ աւելի շատ են խճճւելու։

Յիշեցնենք, որ դեռ ապրիլի 6-ին «Պոզնէր» հաղորդման եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը յայտարարել էր, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններին մասնակցելու է դաշինքով, որն ամենայն հաւանականութեամբ բաղկացած կը լինի 2 կուսակցութիւնից։ Թէ որոնք են այդ քաղաքական ուժերը, առայժմ չի յայտարարւում։ Բայց մամուլում լուրեր են շրջանառւում, որ դրանցից մէկը կարող է լինել ՀՅԴ-ն։

Իսկ Սերժ Սարգսեանը «Արմնիւզ» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում յիշեցրել է, որ 2018 թ.-ի մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը լրացրեց ձայների այն մինիմալ քանակը, որը բաւարար էր Նիկոլ Փաշինեանի ՀՀ վարչապետ ընտրւելու համար` բացայայտելով, թէ ինչ պայմաններ են այդ ձայների դիմաց դրւել Նիկոլ Փաշինեանի առաջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։