Հա

Քաղաքական

03/05/2021 - 09:10

«Փաշինեանն իր համար կենսական նշանակութեան մի քանի խնդիր արդէն լուծել է. Արցախի պարտութեան թեման հանրային դիսկուրսում, կարելի է ասել, չկայ». Հրանտ Մելիք-Շահնազարեան

Դաւաճան Նիկոլի խոստացած ընտրութիւններին դեռ գրեթէ երկու ամիս կայ, բայց այլեւս փաստ է, որ իր համար կենսական նշանակութեան մի քանի խնդիր նրա վարչակազմն արդէն լուծել է՝ Արցախի պարտութեան թեման հանրային դիսկուրսում, կարելի է ասել, արդէն փակւել է, չկայ։

«alikonline.ir» - Դաւաճան Նիկոլի խոստացած ընտրութիւններին դեռ գրեթէ երկու ամիս կայ, բայց այլեւս փաստ է, որ իր համար կենսական նշանակութեան մի քանի խնդիր նրա վարչակազմն արդէն լուծել է՝ Արցախի պարտութեան թեման հանրային դիսկուրսում, կարելի է ասել, արդէն փակւել է, չկայ։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը:

«Ցաւով եմ փաստում, բայց նա մարսել է Հայրենիքի զգալի հատւածը թշնամուն յանձնելը։ Մարսել է նաեւ բազմահազար զոհերի արիւնն ու անտուն մնացած մեր հայրենակիցների արցունքները։ Եկէք անկեղծ խօսենք էլի՝ ո՞վ է հիմա յիշում այդ ամենի մասին։ Այո, դաշտում դեռեւս յաճախ ենք հանդիպում Նիկոլի դաւաճանութիւնը դատապարտող յայտարարութիւններ։ Բայց միթէ՞ այդ քննադատութիւնները կարելի է իրական եւ ազդեցիկ գործօն համարել։ Իհարկէ՝ ոչ։ Որովհետեւ, եթէ, օրինակ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դաւաճան սրիկաները վախենում էին մարդկանց աչքին երեւալ, հիմա նրանք հանգիստ շրջում են քաղաքում ու դեռ մի բան էլ իրենց դաւաճանութեան մեղքը փորձում ուրիշների վրայ բարդել։

Այդ ուրիշներն էլ, իրենց հերթին, շարունակ համոզում են հանրութեանը, որ տեղի ունեցած աղէտի իրական պատասխանատուն հէնց Նիկոլն է։ Որ իրենք ժամանակին ամէն ինչ արել են, որպէսզի Արցախը հայկական մնայ։ Որ տանկերում վառելիք կար, զինւորները սոված չէին, տնտեսութիւնն աճում էր եւ այլն, եւ այլն։ Ո՞ւմ եւ ի՞նչ են փորձում բացատրել նրանք։ Ի՞նչ խնդիր է լուծում այդ դիսկուրսը։ Իհարկէ, ոչ մի։ Դա Արցախի հարցը չէ։ Դա ամէն ինչ է, բացի Արցախի հարց լինելուց։ Եւ ուրեմն նշանակում է, որ դաւաճան կապիտուլեանտը յաջողել է իր հերթական կեղտոտ ծրագրում։ Նա մարսել է մեր խայտառակ պարտութիւնը։

Ուրիշ հարց էլ է լուծել դաւաճանների այս իշխանութիւնը։ Նրանք կարողացել են պառակտել իրենց դէմ միաւորւած քաղաքական ուժերին։ Բոլորին։ Հիմա արդէն քաղաքական պայքարը ոչ թէ դաւաճան Նիկոլի դէմ է, այլ բոլորը բոլորի։ Եւս մի քանի օր ու կապիտուլեանտը յայտնի այն հումորային մանրապատումի հերոսի պէս մէջտեղից դուրս կը գայ ու կողքից կը հետեւի, թէ ինչպէս են դաւաճանի դէմ երբեմնի միաւորւած ուժերը սեփական ռեսուրսները միմեանց դէմ վատնում։ Եւ ո՞վ է շահելու այդ իրավիճակից։ Կարծում եմ՝ պատասխանը պարզ է։
Իսկ ամենատխուրն այն է, որ դաւաճան կապիտուլեանտն այս ամենին հասաւ ընդամէնը մէկ պարզ հնարքով՝ նա արտաբերեց «արտահերթ ընտրութիւններ» արտայայտութիւնը։ Եւ վերջ։ Իսկ ընտրութիւններին, նորից եմ կրկնում, դեռ գրեթէ երկու ամիս կայ։

Դէ հիմա կանգնեք ու ասէք, որ սխալ է Միքայէլ Մինասեանը, երբ շարունակ պնդում է, որ չի կարելի դաւաճանի օրակարգով առաջնորդւել, չի կարելի այս իրավիճակում ընտրութեան գնալ եւ չի կարելի կապիտուլեանտին թոյլ տալ երկրի ու ժողովրդի ապագայ որոշել:

Խնդիրն իրականում շատ աւելի խորքային է: Նշածս հանգամանքներն այսւերգի ընդամէնը երեւացող մասն են: Իր «Երկիր թակարդ» յօդւածում Միքայէլ Մինասեանը խնդրի խորքային որոշ շերտեր էլ է բացայայտել: Բայց, չգիտես ինչու, շատերը կա՛մ փորձում են իրենց անկիւնը կահաւորել Մինասեանի նշած թակարդում, կա՛մ ուղղակի փախչել իրականութիւնից: Բայց այդպէս չի լինի: Որովհետեւ, եթէ այդպէս շարունակւեց յունիսի 21-ին մենք շատ աւելի վատ իրավիճակ ենք ունենալու ու այլեւս ոչինչ փրկել հնարաւոր չի լինի:

Շատ անկեղծ եմ ասում, ես չեմ ուզում, որ մէկ-երկու ամիս անց քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ ինձ հետ զրոյցում կրկին ասեն, որ «ճիշտ էր ասում Մինասեանը, պէտք է սենց չանէինք, նենց անէինք»։ Վերջերս այդ արտայայտութիւնը յաճախ եմ լսում, եւ դա ինձ ոչ մի հաճոյք չի պատճառում։ Բայց արդիւնք ունենալու համար պէտք է իրական աշխատանք տանել։ Նոյնիսկ եթէ այդ աշխատանքի ինչ-որ մի փուլում ընտրութեան կարիք առաջանայ, դա պէտք է ընդդիմութեան օրակարգը լինի եւ ոչ թէ դաւաճան Նիկոլի։ Միքայէլ Մինասեանի ասածն այդ է։ Պէտք չէ նրա քայլերում ու խօսքերում այլ շարժառիթներ փնտրել։ Դա ուղիղ դէպի կործանում տանող ուղի է։ Յետ կանգնէք ու փորձէք հասկանալ նրա ասածների էութիւնը։ Դրանից մենք բոլորս միայն կը շահենք։ Վստահեցնում եմ»,- գրել է Մելիք-Շահնազարեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։