Print this page
03/05/2021 - 12:30

«Հայաստանի ու Արցախի իշխանութիւնները կոնսեսուս են ձեւաւորել՝ ՀՀ համար Արցախի թեման փակ է, իսկ Հայաստանի՝ «ձեռքեր լւանալը»՝ օրինաչափութիւն». Տիգրան Աբրահամեան

«Յենակէտ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանի յայտարարութեանը, որում նա նշել էր, որ Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են։

«alikonline.ir» - «Յենակէտ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանի յայտարարութեանը, որում նա նշել էր, որ Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են։

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Արցախի ԱԺ նախագահը նախօրէին արձագանքել է Ադրբեջանի դեմոկրատիայի եւ մարդու իրաւունքների ինստիտուտի ղեկավարի՝ թւիթերեան էջում կատարած գրառմանը, որում վերջինս նշել էր, որ յունիսին Ստեփանակերտն անցնելու է զօրքերի վերահսկողութեան տակ:

Նպատակ չունեմ անդրադառնալու ադրբեջանական ՀԿ-ին խորհրդարանի նախագահի մակարդակով արձագանքելուն կամ երէկւանից քննարկւող «ուղղահայեացի» մասին թեմային: Ինձ այս յայտարարութեան մէջ այլ բան է մտահոգում:

Արթուր Թովմասեանն իր յայտարարութիւնում ընդգծում է՝ «այսօր Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են»։

Հայաստանի ու Արցախի իշխանութիւններն այսօր կոնսեսուս են ձեւաւորել առ այն, որ Հայաստանի համար Արցախի թեման փակ է, իսկ Հայաստանի՝ «ձեռքեր լւանալը»՝ օրինաչափութիւն:

Արցախն արձանագրում է առկայ տխուր իրականութիւնը:

Զուտ մարդկային առումով պարոն Թովմասեանին լաւ եմ հասկանում՝ այս ձեւակերպումը պատահական չի արւել եւ արդիւնք է Հայաստանի ու Արցախի իշխանութիւնների վերջին շրջանի երկխօսութեան եւ դրանից բխող հետեւանքների:

Չեմ էլ կարծում, որ Արցախում գտնւի մի մարդ, ով Հայաստանի՝ Արցախի անվտանգութեան երաշխաւորի առաքելութիւնից հրաժարւելը նորմալ կամ բնական կը դիտարկի:

Այլ բան է, որ Հայաստանի գործող իշխանութիւնները ինչպէս այս, այնպէս էլ՝ մեր ժողովրդի համար օրակարգային համարւող այլ հարցերից վաղուց հրաժարւել են:

ԱԺ նախագահի այս յայտարարութեան մէջ նոյնիսկ ներքին ցաւ եմ տեսնում, որն արձանագրում է, որ Հայաստանն այս գործընթացում այլեւս չկայ, իսկ Արցախին մենակ է թողել, ինչը 2020-ի ողբերգութեան յաջորդ փուլի ամրագրումն է:

Այնուհանդերձ, ի հեճուկս Հայաստանի կամ երրորդ երկրների տարբեր ուժերի, չեմ կարող չարձանագրել, որ անկախ Հայաստանի այսօրւայ իշխանութիւնների վարած քաղաքականութիւնից, Հայաստանում ու Սփիւռքում կան մեծ թւով մարդիկ, ովքեր իրենց համարում են Արցախի անմնացորդ մասնիկը, պատասխանատւութիւն են կրում Արցախի վաղւայ օրւայ համար:

Ըստ այդմ՝ որքան էլ այսօրւայ, վաղւայ կամ միւս օրւայ կառավարութիւնները հրաժարւեն Արցախի անվտանգութեան ապահովման իրենց պատմական դերակատարութիւնից, միշտ էլ մեր հանրութեան մէջ կը գտնւեն անհատներ, խմբեր, ուժեր, ովքեր արտաքին սպառնալիքի դէպքում կը լինեն Արցախում եւ իրենց դերակատարութիւնը կունենան Արցախի եւ Արցախում ապրող մեր հայրենակիցների պաշտպանութեան ապահովման գործում»:

Յարակից լուրեր