Print this page
05/05/2021 - 10:35

«Իրեն իշխանութիւն համարող վարչախումբն ապացուցել է, որ ապաշնորհ է»․ Վ․ Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն անհնարին է համարում, որ Ադրբեջանը կը կարողանայ վերցնել Ստեփանակերտը, եթէ նոյնիսկ ունենայ թուրքական աջակցութիւնը։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանն անհնարին է համարում, որ Ադրբեջանը կը կարողանայ վերցնել Ստեփանակերտը, եթէ նոյնիսկ ունենայ թուրքական աջակցութիւնը։

Ադրբեջանում «Ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների ինստիտուտ» անունը կրող կազմակերպութեան ղեկավար Ահմեդ Շահիդովը մայիսի 2-ին թւիթերեան գրառումներ էր կատարել՝ նշելով, որ «յունիսին Խանկենդին (Ստեփանակերտ) ամբողջովին կը լինի ադրբեջանական բանակի վերահսկողութեան տակ․ կա՛մ խաղաղօրէն, կա՛մ ուժով»։

«Թւում է, թէ շարքային հայերն ու հայկական սփիւռքը պատշաճ կերպով տեղեկացւած չեն 2020-ի նոյեմբերի 10-ի համաձայնագրի պայմանների մասին։ Դրանում յստակ նշւած է, որ Խանկենդին եւ այլ քաղաքներ աստիճանաբար անցնելու են ադրբեջանական բանակի վերահսկողութեան տակ: Հարցրէք Նիկոլ Փաշինեանին»,- գրել էր Շահիդովը։

«Ես կարճ կարձագանքեմ, ինչպէս ասում է հայկական ժողովրդական առածը՝ «Հաւը երազին կուտ է տեսնում»։ Եւ ադրբեջանական նման ցնդաբանութիւնները, ըստ էութեան, չեն կարող իրականացում ստանալ։ Ակնյայտ է, որ Ստեփանակերտը, հիպոթետիկ կերպով, վերցնելու համար Ադրբեջանը պէտք է պատերազմի ոչ միայն Հայաստանի եւ Արցախի դէմ, այլ նաեւ Ռուսաստանի դէմ: Ուստի դա անհնարին բան է՝ հաշւի առնելով այն հանգամանքը, որ այդ պետութիւնն ի վիճակի չէ նման գործողութիւն իրականացնելու, եթէ նոյնիսկ ունենայ թուրքական աջակցութիւն»,- «Հրապարակին» ասաց «Հայրենիք» կուսակցութեան հանրային կապերի հարցերով խորհրդական, ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով ադրբեջանցու հրապարակումներին։

Ըստ Ոսկանեանի՝ կարեւոր հանգամանքներ կան, որոնց վրայ պէտք է ուշադրութիւնը սեւեռել։ «Կարծում եմ, որ նման յայտարարութիւնները տեղաւորւում են ադրբեջանական քարոզչամեքենայի այն չակերտաւոր հայեցակարգում, համաձայն որի՝ «ռուս խաղաղապահներն այդ տարածքում գտնւում են առանց որեւէ իրաւական կարգավիճակի։ Եւ դրա հետեւանքով էլ որեւէ իրաւական իմունիտետից չեն օգտւում»։ Դա պարբերաբար շեշտւում է տարբեր ադրբեջանցի վերլուծաբանների կողմից։ Եւ նոյնիսկ ակնարկներ են հնչում ամենաբարձր մակարդակով, Բաքւի բռնապետի շուրթերից»,- շարունակեց իրանագէտը։

Միւս կարեւոր հանգամանքը, նրա խօսքերով, այն է, որ նման յայտարարութիւնների նպատակը հայաստանեան լսարանն է։ «Փորձ է արւում Հայաստանի ներսում եւ Արցախում նաեւ տարածել խուճապային տրամադրութիւններ եւ դրանով մեր բնակչութեան, հասարակութեան նաեւ հոգեբանական իմունիտետը թուլացնել։ Եւ, բնականաբար, երրորդ թիրախը Թուրքիան է, բայց, ինչպէս ասում են, դա կատարւում է թուրքական շահերին ներդաշնակ։ Որովհետեւ ակնյայտ է, որ մեր տարածաշրջանում ապակայունացման հիմնական շահառուն թուրքական կողմն է, որը համարում է, որ այդ վերջին արցախեան պատերազմից յետոյ չի հասել իր ցանկալի արդիւնքներին։ Ուստի սա տեղաւորւում է քաղաքական յարձակման տրամաբանութեան մէջ»,- ընդգծեց «Հայրենիք»-ի հանրային կապերի հարցերով խորհրդականը։

Ըստ Ոսկանեանի՝ սա չի նշանակում, որ պէտք է թուլացնել զգօնութիւնը եւ չպատրաստւել պատերազմի։ «Ակնյայտ է, որ ադրբեջանական կողմը թուրքական դրդմամբ իւրաքանչիւր պատեհ առիթ օգտագործելու է սադրանքների գնալու համար։ Եւ այս սադրանքը կարող է լինել ոչ միայն քարոզչական տիրոյթում, այլեւ, ինչպէս ասում են, դաշտային պայմաններում։

Հետեւաբար, հայկական կողմը միանշանակօրէն պէտք է պատրաստ լինի պատերազմի։ Սրանից հետեւում է հարց․ արդեօ՞ք մենք ունենք իշխանութիւն, որը կարող է նման քարոզչական եւ ոչ քարոզչական հնարաւոր մարտահրաւէրներին արձագանքել։ Բնականաբար` ոչ։ Պատասխանը միանշանակ է, որովհետեւ Հայաստանում իրեն այսօր իշխանութիւն համարող վարչախումբն իր ամբողջ չակերտաւոր գործունէութեամբ ապացուցել է, որ ապաշնորհ է, դիլետանտ է, որ ոչ միայն չի կարող որեւէ համարժէք արձագանք տալ մարտահրաւէրներին, այլ նաեւ այդ մարտահրաւէրները կանխել, այդ մարտահրաւէրներին պատասխաններ հնչեցնել»,- եզրափակեց ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչը։

Յարակից լուրեր