Հա

Քաղաքական

06/05/2021 - 10:20

«Հայերն ու իրանցիները դարեր շարունակ խաղաղ գոյակցել են այս տարածաշրջանում». Հայաստանում Իրանի դեսպան

ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնում երէկ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:

«alikonline.ir» - ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնում երէկ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Տեղեկացնում է Երեւանի Պետական համալսարանի կայքը:

Հանդիպում-քննարկմանը ներկայ էին ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախօսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Միջոցառման սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը:

Ողջունելով ներկաներին՝ նա նշեց, որ շատ է կարեւորում նմանօրինակ հանդիպումների անցկացման նախաձեռնութիւնը եւ շնորհակալութիւն յայտնեց յարգարժան դեսպանին՝ հանդիպման հրաւէրն ընդունելու, ինչպէս նաեւ Իրանագիտութեան ամբիոնին նոր սարքաւորումներ եւ տեխնիկական սարքեր նւիրելու համար:

Վարդան Ոսկանեանն ասաց, որ հանդիպում-քննարկման ընթացքում ուսանողները հնարաւորութիւն ունեն բարձրաձայնելու այն հարցերը, որոնք ծագել են տարածաշրջանի համընդհանուր փոփոխութիւնների արդիւնքում:

Այնուհետ ներկաներին ողջունեց ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին՝ շնորհակալութիւն յայտնելով Վարդան Ոսկանեանին հանդիպումը նախաձեռնելու, ինչպէս նաեւ ֆակուլտետի դասախօսական կազմի աւագ ներկայացուցիչներին՝ ունեցած գիտական վաստակի համար. «Պէտք է նշեմ, որ ինձ համար շատ հաճելի է նմանօրինակ հանդիպումներին մասնակցելը, քանի որ ներկայ ուսանողներն ինձ ուժ եւ էներգիա են տալիս»:

Վերջինս իր խօսքը սկսեց հայ-իրանական դարաւոր բարեկամութիւնից՝ նշելով, որ գրեթէ 450 տարի հայերը բնակւում են Իրանում. «Հայերն Իրանում հիմնել են դպրոցներ ու կառուցել եկեղեցիներ՝ հաւատարիմ մնալով իրենց կրօնին եւ հաւատին, պահելով հայկական մշակոյթը նաեւ Իրանում»:

Նրա խօսքով, հայերն ու իրանցիները դարեր շարունակ խաղաղ գոյակցել են միմեանց կողքին՝ պահպանելով խաղաղ գոյակցութեան սկզբունքները:

ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպանն ուսանողներին ներկայացրեց հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնների պատմութիւնը՝ նշելով, որ երկու երկրներն էլ անցել են բազմաթիւ փորձութիւնների միջով, բայց հաւատարիմ են մնացել բարեկամական յարաբերութիւններին:

Դեսպանն անդրադարձ կատարեց նաեւ տարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցութիւնների ներուժին, ինչպէս նաեւ խօսեց տարածաշրջանային վերջին զարգացումների մասին. «Հաշւի առնելով վերջին փոփոխութիւնները՝ տարածաշրջանի երկրները պէտք է զգօն լինեն ստեղծւած հնարաւորութիւնները բաց չթողնելու համար»:

Հանդիպման երկրորդ մասում քննարկում ծաւալւեց ուսանողների եւ դեսպանի միջեւ՝ ելակէտում ունենալով հայ-իրանական յարաբերութիւնների զարգացման հետագայ հեռանկարները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։