Հա

Քաղաքական

06/05/2021 - 12:10

ՄԻՊ-ը Բաքւում սպանւած հայ զինւորների եւ շղթայւած գերիների պուրակի վերաբերեալ նոր զեկոյցը կուղարկւի միջազգային կառոյցներին

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«alikonline.ir» - Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

««Սպանւած հայ զինւորների եւ շղթայւած գերիների պուրակ Բաքւում. մարդկային տառապանքների թանգարան եւ ռասիզմի խթանում»

Այսպէս եմ վերնագրել ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի այս նոր արտահերթ զեկոյցը (անգլերէնով):

Այս զեկոյցն այն մասին է, թէ ինչ ազդեցութիւն է ունեցել 2021 թւականի ապրիլի 12-ին Բաքւում բացւած «Ռազմաւարի պուրակը» ադրբեջանական ընկալումներում:

Ստորեւ այդ ընկալումների մի քանի օրինակ`

1. Վազգէններին շան պէս կապել են, որ չփախչեն:

2. Շնորհակալութիւն այն մարդկանց, ովքեր աշխատել, պատրաստել են այս մոդելները: Ստորներին, անամօթներին, անբարոյականներին, դաւաճաններին, խորամանկներին, դահիճներին բնորոշ բոլոր գծերը ամենայն ճշգրտութեամբ պատկերել են:

3. Ռազմական աւարի պուրակը ռեւանշիստների համար խրատ է, դաս, հերթական «Երկաթէ բռունցքի» մասին նախազգուշացում է:

4. Յաջորդ կանգառը՝ Երեւան, Զանգեզուր, Գեոյչա (Սեւան):

5. Ցանկանում եմ, որ այս աւարի ու մոդելների ցուցադրութիւնը երկարաժամկէտ լինի, որովհետեւ ապագայ սերունդը պէտք է ճանաչի ազգի թշնամուն եւ ատելութեամբ յիշի:

6. Ընկերներ, ասէք տեսնեմ այս մոդելների վրայ անամօթների աչքերը ինչ էլ մեծ են: Կեցցեն ստեղծողները: Կարծես անօդաչուի գալուց են վախենում: Երկրորդ մոդելի դէպքում մեր պարոն նախագահի իրաւացի խօսքն է. «Ի՞նչ էք առնետի պէս թաքնւել այստեղ-այնտեղ» եւ այլն:

Այսինքն` այս զեկոյցում տեղ են գտել կոնկրետ օգտատէրերի, այդ թւում` հանրային գործիչների խօսքերը: Այն կոնկրետ ապացոյցներով` տեսանիւթերով ու լուսանկարներով ցոյց է տալիս, որ պուրակը հայատեացութեան եւ թշնամանքի գեներացիայի հերթական աղբիւրն է, որ ունի պետական բացայայտ հովանաւորչութիւն:

Զեկոյցը ներկայացնում է նաեւ միջազգային մարմինների եւ լրատւամիջոցների հրապարակային դատապարտող յայտարարութիւնները պուրակի վերաբերեալ:

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի այս զեկոյցը կուղարկւի միջազգային կառոյցներին՝ յատուկ նշումով այն մասին, որ տասնամեակներ շարունակ ադրբեջանական իշխանութիւնների նման հայատեաց ու թշնամանքի քարոզի քաղաքականութիւնն է, որ յանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանութիւնների, իսկ այժմ բացարձակ խաթարում են խաղաղութիւնն ու համերաշխութիւնը տարածաշրջանում»:  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։