Print this page
06/05/2021 - 12:20

Լաւրովի գլխաւոր խնդիրը Երեւանում եւ Բաքւում

Մի քանի օր է՝ հայ-ադրբեջանական մամուլն ակտիւօրէն քննարկում է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի այցը Երեւան եւ Բաքու: Լաւրովը Երեւանում է մայիսի 5-6-ն ընկած ժամանակահատւածում, իսկ Ադրբեջանում կը լինի մայիսի 10-11-ը:

«alikonline.ir» - Մի քանի օր է՝ հայ-ադրբեջանական մամուլն ակտիւօրէն քննարկում է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի այցը Երեւան եւ Բաքու: Լաւրովը Երեւանում է մայիսի 5-6-ն ընկած ժամանակահատւածում, իսկ Ադրբեջանում կը լինի մայիսի 10-11-ը:

ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարութիւնները հաղորդագրութիւններ են տարածել այցի օրակարգի վերաբերեալ, որոնցից ուշագրաւը ռուսական կողմի տարածած ծաւալուն հաղորդագրութիւնն էր: ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրութեան համաձայն, նախատեսւում է քննարկել երկկողմ փոխգործակցութեան, տարածաշրջանային համագործակցութեան, արտաքին քաղաքականութեան համակարգման ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում եւ ԱՊՀ-ում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում եւ այլ միջազգային հարթակներում երկկողմ փոխգործակցութեան հարցերի լայն շրջանակ:

Աւելին, ըստ հաղորդագրութեան, առանցքային թեմաներից մէկը կը լինի Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ յունւարի 11-ի յայտարարութիւնների իրականացման գործնական ասպեկտների քննարկումը, ներառեալ՝ տուժած բնակչութեանը մարդասիրական օգնութեան եւ Լեռնային Ղարաբաղի ենթակառուցւածքների վերականգնումը, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցութիւնների արգելափակումը: ՌԴ ԱԳ նախարարութիւնը հաղորդագրութեամբ ներկայացրել էր հայ-ռուսական յարաբերութիւնների ողջ սպեկտրը, դրանով կարծես յաւելեալ կշիռ հաղորդելով այս այցին: Ի դէպ, Լաւրովի տարածաշրջանային այցին ընդառաջ յաջողւեց Ադրբեջանից Երեւան վերադարձնել 3 գերիների, որը իւրօրինակ ժեստ էր ռուսական կողմից՝ Երեւանի եւ Բաքւի հետ բանակցութիւններից առաջ:

«168 ժամ»-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ առաջին հայեացքից պատերազմից յետոյ հակամարտութեան գօտում կայունութեան տեսանկիւնից որեւէ բան չի փոխւել, հրադադարը, ըստ էութեան, պահպանւում է, բայց դա ամենեւին չի նշանակում, որ նոյեմբերի 9-ի եւ յունւարի 11-ի յայտարարութիւնների իրականացման ճանապարհին խնդիրներ չկան, եւ խնդիրներ չունի ռուսական դիւանագիտութիւնը: Դրանց ֆոնին, նրա խօսքով, Լաւրովի այցը լինելու է բազմաշերտ ու բարդ:

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանը, որպէս յաղթող կողմ, շտապում է՝ հաշւի առնելով նաեւ այն հանգամանքը, որ յաղթանակի շնորհիւ Ալիեւն ամրապնդել է իր դիրքերը, իսկ Հայաստանում հակառակն է տեղի ունենում, ուստի պայմանաւորւած ներքաղաքական զարգացումներով, հայկական կողմը տեխնիկական պաուզա է վերցրել, քանի որ ներքաղաքական անորոշ իրավիճակը չի կարող որեւէ ազդեցութիւն չունենալ եռակողմ աշխատանքի վրայ, ու յատկապէս ապաշրջափակման շուրջ բանակցութիւնները դանդաղել են, ըստ էութեան, շարունակւում են զրոյական արդիւնաւէտութեամբ»,- ասաց նա:

Սակայն, նրա խօսքով, ամենամեծ խնդիրը ռուսական դիւանագիտութեան համար ներկայումս հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման անհնարինութեան գիտակցումն է, միւսը՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որի հարցում խնդիր ունի նաեւ Ռուսաստանը, քանի որ համարում է, որ կարգավիճակը առաջիկայ տարիների համար յստակ է, սակայն Երեւանը եւ Ֆրանսիան, ԱՄՆ-ը գտնում են, որ հարցը պէտք է քննարկւի, ուստի սա լինելու է այս այցի ամենածանրակշիռ հարցերից մէկը:

«Հայ-թուրքական յարաբերութիւններում յետպատերազմեան այս փուլում ձեւաւորւած իրավիճակին նպաստեց Բայդէնի կողմից Ցեղասպանութեան ճանաչումը, դա ակնյայտօրէն բարդացրեց իրերի դրութիւնը, այդ թւում՝ ապաշրջափակման բանակցութիւնները: Չեմ կարող կանխատեսել, թէ ինչ որոշում կը կայացւի, սակայն բարդութիւնը նրանում է, որ Ռուսաստանը յայտնել է եւ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքին, սակայն գտնում է, որ քննարկումն այսօր կարգավիճակի հարցի շուրջ ոչնչի չի յանգեցնելու, բայց ներկայումս երեւում է, որ աշխարհաքաղաքական գործընթացները փոխել են այն իրավիճակը, որը կար պատերազմից յետոյ մի որոշ ժամանակահատւած ռեգիոնում: Սրանում Ռուսաստանը դիւանագիտօրէն տեղաւորւելու եւ Արեւմուտքի նկատած դատարկութիւնները լցնելու խնդիր ունի»,- ասաց Տարասովը: Նրա խօսքով, Ռուսաստանը նոր շեշտեր դնելու խնդիր ունի, ցոյց տալով, որ այդ ամէնը պէտք է լինի փոխադարձ վստահութեան ձեւաւորմամբ, որը ներկայումս շարունակւող տեղեկատւական պատերազմի պայմաններում հնարաւոր չէ:

Իսկ գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարն այն կարծիքին է, որ այս փուլում նման այց հարկաւոր է, քանի որ թէ հակամարտող երկրներում ներքաղաքական կեանքն է լարւած, թէ աշխարհաքաղաքական զարգացումներն են լարւած: 

«Որքան էլ որ անարդիւնաւէտ, սակայն ԵԱՀԿ ՄԽ-ն կանցնի աշխատանքի, ու կարծում եմ՝ առաւելապէս այս այցն ուղղւած է հէնց այդ բանակցութիւններից առաջ ՌԴ դիրքերն ամրապնդելուն, յատկապէս, երբ Արեւմուտքը վերջին շրջանում ակտիւ քայլերով փորձում է ներքաշւել գործընթաց, թուլացնելով նաեւ ՌԴ միջնորդական դերակատարութիւնը: Առաջիկայում կը փորձեն ամրապնդել Մինսկի խումբը, բայց թէ որքան արդիւնաւէտութեամբ, կրկին յայտնի չէ: Բայց բարձրաստիճան միջնորդութիւնը մշտապէս կարող է բարձր արդիւնաւէտութիւն ունենալ որոշ հարցերի կարգաւորման համար, իսկ եթէ նախկինի նման համանախագահները ժամանակ առ ժամանակ յիշեն, որ պէտք է զբաղւել կարգաւորմամբ, որեւէ արդիւնք չի լինի, եւ կարգաւորումը կը մնայ միայն ՌԴ միջնորդութեանը: Հակւած եմ կարծես, որ Բայդէնի աշխատակազմն անելու է առաւելագոյնը՝ վերականգնելու համար եւ առաջ մղելու ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը եւ յատկապյս կարգավիճակի հարցի քննարկումը, որը կարող է միայն բեկումնային լինել ողջ պրոցեսի տեսանկիւնից»,- ասաց վերլուծաբանը:

 

Արաքս Մարտիրոսեան

Յարակից լուրեր