Հա

Քաղաքական

08/05/2021 - 13:40

«Շուշիի ազատագրումը». Սենոր Հասրաթեան

Արցախի Հանրապետութեան ինքնապաշտպանութեան ուժերի շտաբի կողմից մշակւած պլանի համաձայն 1992 թ. մայիսի 8-ին սկսւեց եւ մայիսի 9-ին փայլուն կերպով աւարտւեց Շուշիի ազատագրման ռազմագործողութիւնը: Դրանից շուրջ 28 տարի յետոյ հայոց Շուշին նորից ընկաւ թշնամու վերահսկողութեան տակ: Երկու դէպքում էլ տեղի ունեցան մարտական գործողութիւններ: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՊԲ նախկին խօսնակ Սենոր Հասրաթեանը եւ մանրամասներ ներկայացրել Շուշիի ազատագրման օպերացիայից:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան ինքնապաշտպանութեան ուժերի շտաբի կողմից մշակւած պլանի համաձայն 1992 թ. մայիսի 8-ին սկսւեց եւ մայիսի 9-ին փայլուն կերպով աւարտւեց Շուշիի ազատագրման ռազմագործողութիւնը: Դրանից շուրջ 28 տարի յետոյ հայոց Շուշին նորից ընկաւ թշնամու վերահսկողութեան տակ: Երկու դէպքում էլ տեղի ունեցան մարտական գործողութիւններ: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՊԲ նախկին խօսնակ Սենոր Հասրաթեանը եւ մանրամասներ ներկայացրել Շուշիի ազատագրման օպերացիայից:

«Արցախի Հանրապետութեան ինքնապաշտպանութեան ուժերի շտաբի կողմից մշակւած պլանի համաձայն 1992 թ. մայիսի 8-ին սկսւեց եւ մայիսի 9-ին փայլուն կերպով աւարտւեց Շուշիի ազատագրման ռազմագործողութիւնը: Դրանից շուրջ 28 տարի յետոյ հայոց Շուշին նորից ընկաւ թշնամու վերահսկողութեան տակ: Երկու դէպքում էլ տեղի ունեցան մարտական գործողութիւններ: Սակայն, եթէ 92-ի մայիսին ծաւալւած օպերացիան՝ իր կազմակերպւածութեամբ եւ մարտավարական գրագէտ լուծումներով բաւականին համահունչ էր ռազմագիտութեան տառին ու ոգուն, ապա 2020-ի նոյեմբերին կատարւածը նման էր ապաշնորհ բեմադրութեան... Վերջինիս պատմութիւնը դեռ կանդրադառնայ, իսկ ահա, թէ զարգացումների ինչպիսի յաջորդականութիւն է ունեցել 29-ամեայ վաղեմութիւն ունեցող ռազմագործողութիւնը, ցանկացողները կարող են ծանօթանալ ներկայացւող անդրադարձում: 

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

...Արցախեան ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրերից Շուշին դարձաւ հակահայկական գործողութիւնների ծաւալման գլխաւոր կենտրոնակայանը: Եթէ սկզբնական շրջանում այն Բաքւի համար ծառայում էր որպէս Արցախի տարածքում բնաւորւած ադրբեջանցիների «ընդվզումները» միաւորող եւ ուղղորդող վարչաքաղաքական յենակէտ, ապա արդէն բացայայտ զինւած դիմակայութեան փուլում վերածւեց հզօր ռազմահենադաշտի: Դա յատկապէս իրեն զգացնել տւեց 1991թ. սեպտեմբերի 25-ին, երբ Շուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռահրետանային կայանքներից զանգւածային արկակոծութեան ենթարկւեցին Ստեփանակերտ քաղաքն ու շրջակայ հայկական բնակավայրերը եւ այդուհետ շարունակւեցին աճող յաճախականութեամբ: Նախադէպը չունեցած այդ գործողութիւնը շուտով «վարակիչ» դարձաւ Արցախում տեղակայւած ադրբեջանական միւս ռազմայենակէտերի համար: Միայն 1991թ. նոյեմբերից մինչեւ 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քեոսալարից եւ Ղայբալուից Ստեփանակերտի վրայ արձակւեց շուրջ 4700 արկ, որից մօտ 3000-ը՝ «Գրադ» կայանքներից: Հրետակոծութիւնների հետեւանքով զոհւեցին 111 եւ վիրաւորւեցին 332 խաղաղ բնակիչներ, աւերւեց 370 բնակելի տուն եւ շինութիւն...

Համաձայն Շուշիի պաշտպանութեան պլանի մասին Ադրբեջանի զինւած ուժերի գլխաւոր շտաբի 1992թ. ապրիլի 24-ի թիւ 141 դիրեկտիւի տւեալների, օպերացիայի նախօրերին քաղաքում կենտրոնացւած էին՝ «Տարածքային», «Ղարաբաղ», Ժողովրդական ճակատի, Եւլախի թիւ 872 ինքնապաշտպանական գումարտակները, թիւ 777 յատուկ նշանակութեան զօրամասը, «Սաբաիլ» տանկային ստորաբաժանումը, հրետանային դիւիզիոնը, աւտոմոբիլային վաշտը եւ մարտական ապահովման այլ ստորաբաժանումներ: Դրանցում ընդգրկւած զինանձնակազմի ընդհանուր թւականակը հասնում էր շուրջ 1700-ի: Ըստ նոյն աղբիւրի, Շուշիում առկայ էր նաեւ բաւարար քանակի ռազմական տեխնիկա եւ սպառազինութիւն, այդ թւում՝ 4 միաւոր տանկ, 9 միաւոր հետեւակի մարտական մեքենայ, 4 զրահափոխադրիչ, 2 «Գրադ» հրթիռահրետանային կայանք, 8 հատ 100 մմ-ոց թնդանօթ, 20 հատ 82 մմ-ոց ականանետ, 6 հատ «AGS-17» տեսակի նռնականետ, 6 միաւոր 20մմ-ոց զենիթային գնդացիր, 1 միաւոր 30մմ-ոց աւտոմատ զենիթային թնդանօթ, 5 հատ «Стрела» տեսակի կայանք եւ մեծ քանակութեամբ զինամթերք: Միայն քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում պահեստաւորւած էր 12000-ից աւելի ռեակտիւ հրետանային արկ...

Հարկ է ընդգծել, որ վերոնշեալ փաստերը մէկ առ մէկ, առանց որեւէ տարբերութեան, վկայակոչում է նաեւ նոյն ինքը՝ պետական դաւաճանութեան մէջ մեղադրւող Ադրբեջանի պաշտպանութեան նախկին նախարար Ռահիմ Ղազիեւը: Աւելին, 2005թ. մայիսին ադրբեջանական լրատւամիջոցներից մէկում արած նրա խոստովանութիւնից պարզւում է նաեւ հետեւեալը. «...Ես հրաման տւեցի «Գրադ» կայանքից կրակ բացել Ստեփանակերտի վրայ: Մեր զինւորները չէին կարողանում, ըստ կոորդինատների, դիպուկ կրակել: Չորս կայանքներ (ԳՇ դիրեկտիւում եւ Ղազիեւի նախորդ վկայութեան մէջ նշւում էր 2 կայանքի մասին) գտնւում էին անսարք վիճակում: Զինւորը ստիպւած բարձրանում է կողքի աշտարակը եւ այնտեղից հետեւում թիրախային խոցմանը: Հերթական կրակոցից յետոյ նա յանկարծ գոռաց՝ հրթիռն ընկել է 366-րդ գնդի տարածք: Իմացանք, որ հրետակոծութեան հետեւանքով շարքից հանւել է 5 միաւոր հետեւակի մարտական մեքենայ: Այդ դէպքից քիչ անց ինձ հետ «134»-ով կապւեց 23-րդ դիւիզիայի հրամանատար, գեներալ Բուդէյկինը եւ սկսեց վիրաւորական խօսքեր ասել մեր հասցէին... Ես էլ նրան նոյն կերպ պատասխանեցի...: 

Ստեփանակերտի եւ շրջակայ հայկական բնակավայրերի վրայ կատարւած հրետանային յարձակումների մասին փաստող ադրբեջանական այսօրինակ վկայութիւնները բազմաթիւ են եւ, որ շատ հետաքրքիր է, իրար լրացնող: Այդ տեսանկիւնից յատկանշական է Շուշիի «պաշտպանութեան» հրամանատար Էլբրուս Օրուջեւի եւ Ռահիմ Ղազիեւի միջեւ 1992թ. մայիսի սկզբին տեղի ունեցած հեռախօսազրոյցի այն հատւածը, որում արդէն խօսք էր գնում ոչ թէ հրետակոծութեան, այլեւ Ստեփանակերտի վրայ յարձակում ձեռնարկելու մասին՝ տւեալ գործողութիւնը ներկայացնելով որպէս «կանխարգելիչ հարւած»: «Նոյն օրւայ (մայիսի 6-ի.-Ս.Հ.) երեկոյեան Ռահիմ Ղազիեւը ստացել է իմ զեկոյցը Շուշիի շուրջ տիրող իրադրութեան մասին ու նաեւ իմ առաջարկութիւնը Շուշիի վրայ գրոհի անցնելու վերաբերեալ»,- վկայում է Է. Օրուջեւը: Լսելով դաշտային հրամանատարի առաջարկութիւնը, պաշտպանութեան նախարարը նախընտրեց իր պատասխանում լինել անորոշ եւ բառացիօրէն ասաց հետեւեալը. «Զգոյշ եղիր, քանի որ Եաղուբ Մամեդովը Թեհրանում բանակցութիւններ է վարում Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ: Շուշիի պաշտպանութեան պատասխանատւութիւնը ես լիովին դնում եմ քո վրայ: Գործիր ըստ իրադրութեան զարգացման»: 

Ինքնահաւան հրամանատարին օժտել նման լիազօրութեամբ, նշանակում էր նրան տալ ազատ գործելու անսահմանափակ հնարաւորութիւն: Իսկ «ազատ գործելու» համար, ինչպէս վերեւում նշւեց, Շուշիում կար բաւարար քանակութեամբ ռազմական ներուժ:

Մայիսի 7-ին ադրբեջանական հետեւակն ու զրահատեխնիկան՝ MI-24 մարտական 3 ուղղաթիռների աջակցութեամբ, յարձակողական մարտեր ծաւալեցին Ստեփանակերտի հարաւարեւմտեան հատւածի պաշտպանական դիրքերի ուղղութեամբ: Նոյն օրը Շուշիի եւ Ջանհասանի բարձունքներից մայրաքաղաքի վրայ արձակւեցին «Գրադ» կայանքի շուրջ 200 հրթիռ եւ տարատեսակ այլ արկեր: Հրթիռակոծութեան հետեւանքով զոհւեց 4 խաղաղ բնակիչ, եւս 4 մարդ վիրաւորւեց, հրդեհ բռնկւեց երկաթուղային կայարանում եւ քաղաքի տասնեակ բնակելի շէնքերում:

Նոյն ժամանակահատւածում Արցախի ինքնապաշտպանութեան ուժերի հետախուզութիւնը պարզեց, որ Ղուբաթլու-Լաչին-Շուշի ճանապարհով հակառակորդն իրականացնում է օժանդակ ուժերի եւ միջոցների ինտենսիւ տեղաշարժ դէպի մարտական գործողութիւնների գօտի...

Հակառակորդի նախայարձակ գործողութիւնները կանխելու եւ, ըստ այդմ՝ Ստեփանակերտի ու շրջակայ հայկական բնակավայրերի անվտանգութիւնն ապահովելու նպատակով, Ինքնապաշտպանութեան ուժերի հրամանատարութեանն այլ բան չէր մնում անել, քան դիմել վճռական քայլերի: Մայիսի 7-ի երեկոյեան կողմ Ստեփանակերտի հարաւարեւմտեան ուղղութեամբ կանգնեցնելով հակառակորդի առաջխաղացումը, յաջորդ օրն առաւօտեան հայկական ստորաբաժանումները չորս հարւածային ուղղութիւններով անցան հակայարձակման: Ըստ ուղղութիւնների, գործողութեանը ներգրաււած էին. 

- «Հիւսիսային» (հրամ.՝ Վալերի Չիթչեան)՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ վաշտերը, հետախուզական վաշտը, «Սեւանի» (Սուրիկի), Հրազդանի (Սասունի), Ստեփանաւանի (Հրաչի) ջոկատները. 

- «Արեւելեան» (հրամ.՝ Արկադի Կարապետեան)՝ 1-ին վաշտ, «Շոշի», «Դաշուշէնի»,«Քռասնու», «Ագոյի», «Ռուսլանի», «Դաշնակների», «Մոստ» ջոկատները.

- «Հարաւային» (հրամ.՝ Սամուէլ Բաբայեան)՝ 2-րդ եւ 3-րդ վաշտերը, «Բերդաձորի», «Աւետարանոցի», «Սխնախի», «Ակնաղբիւրի», «Քարին Տակի», «Դաշնակների» (Ժիրայր Սեֆիլեանի) ջոկատները, «Քիրս» խումբը.

- «Հիւսիսարեւմտեան» (հրամ.՝ Սէյրան Օհանեան)՝ «Բադարայի», «Կումայրիի», «Բալուջայի», «Հրանտ», «Վաղոյի», «Արամօ», «Արաբօ» ջոկատները, ԴՀ մէկ խումբ:
Ռազմագործողութեան ընդհանուր հրամանատարն էր Արկադի Տէր-Թադէոսեանը, շտաբի պետը՝ Ֆելիքս Գզողեանը:

Համաձայն մարտական որոշման, հայկական ուժերը, որոնց տրամադրութեան տակ կար մինչեւ 1200 անձնակազմ (ընդէմ հակառակորդի ունեցած մօտ 2500-ի, որից 1700-ը՝ Շուշիում, 300-ը՝ Քեոսալար-Կարագեաւ հատւածում, 500-ը՝ Լաչինի ուղղութեամբ), 4 տանկ (ընդէմ 8-ի, որից 4-ը՝ Շուշիում, 2-ը Քեոսալար-Կարագեաւում, 2-ը՝ Լաչինի ուղղութեամբ), 16 ՀՄՄ եւ այլ զրահամեքենայ (ընդէմ 25-ի, որից 13-ը՝ Շուշիում, 7-ը՝ Քեոսալար-Կարագեաւում, 5-ը՝ Լաչինի ուղղութեամբ), 4 հրետանային միջոց (ընդէմ 12-ի, որից 8-ը՝ Շուշիում, 4-ը՝ Քեոսալար-Կարագեաւում), 6 ականանետ (ընդէմ 36-ի, որից 20-ը՝ Շուշիում, 6-ը՝ Քեոսալար-Կարագեաւում, 10-ը՝ Լաչինի ուղղութեամբ),4 ռեակտիւ հրետանի (ընդէմ 5-ի, որից 2-ը՝ Շուշիում, 1-ը՝ Քեոսալար-Կարագեաւում, 2-ը՝ Լաչինի ուղղութեամբ), 27 նռնականետ (ընդէմ 50-ի, որից 30-ը՝ Շուշիում, 5-ը՝ Քեոսալար-Կարագեաւում, 15-ը՝ Լաչինի ուղղութեամբ) միաժամանակեայ յարձակման պէտք է անցնէին շուրջ 40 կմ երկարութեամբ ձգւող Քեոսալար-Շուշի-Մուսունմանլար ճակատի բոլոր ուղղութիւններով: 

Չնայած ուժերի եւ միջոցների միջին յարաբերակցութիւնն ամբողջ ճակատում կազմում էր 1:2,6՝ ի օգուտ հակառակորդի, այդուհանդերձ, Արցախի ինքնապաշտպանութեան ուժերի հրամանատարութիւնը, գլխաւոր շեշտը դնելով գործողութիւնների կազմակերպման որակական գործօնի վրայ, մայիսի 7-երեկոյեան հրաման արձակեց խիստ ծածուկ կերպով ստորաբաժանումներն ըստ ուղղութիւնների դուրս բերել ելման շրջաններ: Մայիսի 7-ի լոյս 8-ի գիշերը, ժամը 02.00-ի սահմանում օպերացիայի ղեկավար կազմն զբաղեցրեց Շոշ գիւղից մօտ 500մ հիւսիս-արեւելք ծաւալւած հրամանատարական կէտը: Քառասուն րոպէ անց ուղղութիւնների հրամանատարները զեկուցեցին խնդիրների կատարման պատրաստականութեան մասին: Ժամը 02.50-ին տրւեց հրետանային նախապատրաստութիւն սկսելու հրաման: Հիմնական թիրախային հարւածները հասցւում էին բուն Շուշիի ուղղութեամբ՝ նպատակ ունենալով, մի կողմից՝ ճնշել ռազմակայանում տեղակայւած կրակակէտերը, որոնցից արկերի հեղեղ էր թափւում Ստեփանակերտի վրայ, իսկ միւս կողմից՝ բարենպաստ պայմաններ ստեղծել ինքնապաշտպանութեան ուժերի առաջխաղացման համար: Ընդհանուր առմամբ Շուշիի վրայ հայ հրետանաւորները «Գրադ» կայանքից արձակեցին 240 հրթիռ: Ինչ վերաբերում է յարակից ուղղութիւններին, ապա հրետանային նախապատրաստութեան ընթացքում բացառապէս կիրառւել են «Ալազան» տեսակի հրթիռային կայանք, «D-30», «KS-19» հրանոթներ եւ ականանետեր: 

Հրետանային նախապատրաստութիւնը բարեյաջող իրականացնելուց յետոյ, Արցախի ինքնապաշտպանութեան ուժերը, համաձայն նախապէս հստատւած մարտական որոշման, չորս ուղղութիւններով անցան յարձակման: 

Մարտի 8-ի առաւօտից ահեղ մարտեր սկսւեցին Ջանհասանից մինչեւ Քիրս ձգւող ռազմաճակատային գծի ողջ երկայնքով: Չնայած մարտագծի որոշ հատւածներում հակառակորդի կողմից ցոյց տրւած դիմադրութեանը, բայցեւայնպէս, ինքնապաշտպանութեան ուժերի հրամանատարութեան յստակ ղեկավարման եւ ենթակայ ստորաբաժանումների վճռական գործողութիւնների շնորհիւ, ժամերի ընթացքում թշնամին դուրս շպրտւեց քաղաքի մերձակայքում զբաղեցրած իր դիրքերից եւ կորուստներ տալով բռնեց նահանջի ճանապարհը: Կէսօրին մօտ Շուշիի պաշտպանութիւնը հիւսիսից եւ արեւելքից ճեղքւած էր, իսկ արդէն ժամը 18.00-ին քաղաքի կենտրոնը գտնւում էր հայկական ուժերի վերահսկողութեան տակ: Դէպքերը յաջող էին զարգանում նաեւ թեւերում գործող արցախեան ստորաբաժանումների համար: Քիրս լեռան ուղղութեամբ տեղաբաշխւած ինքնապաշտպանական ջոկատները շեշտակի հարւածներով առաջանալով դէպի Լիսագոր, տիրեցին գիւղի մօտակայքում գտնւող ռազմավարական կարեւորութեան բարձունքներից մէկը եւ վերահսկողութեան տակ առան Շուշի-Լաչին մայրուղին: Շրջափակման վտանգի տակ յայտնւած ադրբեջանական զինուժի շարքերում սկսւեց խուճապ: Մի կողմից դիմահար հարւածները, իսկ միւս կողմից շրջափակման սպառնալիքը թշնամական ուժերին դարձրին անկառավարելի:

Ադրբեջանական հրամանատարութիւնն իր բարոյալքւած զինեալների տարանջատ ու անկազմակերպ փախուստը կանխելու նպատակով գործողութեան մէջ դրեց օդուժ: Կէսօրին մօտ թշնամական մէկ ռազմական ինքնաթիռ եւ մէկ ուղղաթիռ գրոհեցին Շուշիում գտնւող ինքնապաշտպանական ուժերի վրայ: Բացի այդ, Շուշիի մարտագծում հայկական կողմի ուշադրութիւնը շեղելու համար, Աղդամի դիրքերից հակառակորդն անցաւ լայնածաւալ յարձակողական գործողութիւնների: Մայիսի 8-ի ժամը 15.00-ի սահմաններում ադրբեջանական ուղղաթիռները ներխուժելով Արցախի օդային տարածք, գնդակոծութեան ենթարկեցին Մարտունու շրջանի Աւդուռ, Միւրիշէն, Նորշէն եւ Ասկերանի շրջանի Շոշ եւ Քռասնի գիւղերը: Մաժամանակ ծանր մարտեր էին ընթանում Նորշէն գիւղից դէպի Աղդամի շրջանի Գիւլափլի բնակավայրն ընկած սահմանահատւածում: Անհաւասար մարտի մէջ մտնելով զրահատեխնիկայի աջակցութեամբ գործող հակառակորդի գերակշիռ ստորաբաժանումների դէմ, արեւելեան ուղղութեամբ տեղակայւած հայ ինքնապաշտպանները թշնամուն ստիպեցին հրաժարւել հետագայ գործողութիւնները շարունակելու մտքից եւ կորուստներ կրելով (9 զոհ, տասնեակ վիրաւորներ եւ 1 զրահատեխնիկա) նահանջել ելման դիրքեր:

Նոյն օրը ժաը 18.00-ի մօտերքին Ֆիզուլու շրջանում տեղակայւած ադրբեջանական զինւած կազմաւորումների կողմից յարձակում ձեռնարկւեց նաեւ Տող գիւղի պաշտպանական դիրքերի վրայ: Սակայն այստեղ եւս հակառակորդը ստանալով արժանի հակահարւած, յետ շպրտւեց: 

Մայիսի 8-ի ուշ երեկոյեան Շուշիի երկնակամարն աստիճանաբար խաղաղւեց: Համատարած լռութեան մէջ քաղաքի տարբեր ծայրերից միայն լսելի էին երկար ընդհատումներով աւտոմատային կրակահերթեր: Մայիսի 9-ի առաւօտեան Հայոց բերդաքաղաքը լրիւութեամբ արդէն ինքնապաշտպանութեան ուժերի վերահսկողութեան տակ էր... 

Շուշիի ռազմագործողութեան կազմակերպւած ընթացքն ու փայլուն աւարտը ցոյց տւեց, որ դեռ նոր-նոր կազմաւորւող Արցախի ինքնապաշտպանական ուժերն ի վիճակի են մարդկային ու ռազմատեխնիկական հնարաւորութիւններով բազմիցս գերազանցող հակառակորդին հակադրել իրենց կամքն ու վճռականութիւնը եւ ռազմագիտութեան տառին ու ոգուն համահունչ գրագէտ մարտավարութեամբ կատարել անհնարին թւացող խնդիր:

Օպերացիայի ընթացքում հայկական կողմը տւեց 47 զոհ, 68 վիրաւոր, 2 անյայտ կորած, 1 միաւոր «Т-72» տանկ եւ 1 միաւոր հետեւակի մարտական մեքենայ («BMP -1»):

Անհամեմատ մեծ էին հակառակորդի կրած մարդկային ու ռազմատեխնիկական կորուստները: Ինչպէս բուն Շուշիի, այնպէս էլ մարտական թատերաբեմի վերածւած յարակից ուղղութիւններում ադրբեջանական բանակը, բացի մեծ թւով անձնակազմից, կորցրեց շուրջ 10 միաւոր զրահատեխնիկա, նոյնքան էլ՝ տարբեր տեսակի հրետանային միջոցներ, մեծ քանակութեամբ հրթիռներ, արկեր եւ այլ զինամթերք»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։