Հա

Քաղաքական

09/05/2021 - 10:15

«Իրանական շրջանակներում նորից սկսել են խօսել, որ Սիւնիք-Զանգեզուրի հաւանական կորուստը աղէտ է լինելու Իրանի ազգային անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան համար». Արամ Շահնազարեան

Թէ ինչպէս են Զանգեզուրի, Մեղրիի միջանցքի մասին ադրբեջանական յայտարարութիւններն ընդունւում Իրանում, 168.am-ի հետ զրոյցում Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը նշեց, որ Իրանում մտահոգութեամբ են հետեւում Մեղրիի կամ, այսպէս ասած, Զանգեզուրի միջանցքի հետ կապւած զարգացումներին:

«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահը պարբերաբար խօսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, վերջերս Ալիեւը նոյնիսկ սպառնացել էր, թէ «Զանգեզուրի միջանցք են ունենալու՝ ուզում է Հայաստանը, թէ ոչ. եթէ ցանկանայ, աւելի հեշտ այդ հարցը կը լուծւի, եթէ չուզի, ուժով կը լուծեն»։

Թէ ինչպէս են Զանգեզուրի, Մեղրիի միջանցքի մասին ադրբեջանական յայտարարութիւններն ընդունւում Իրանում, 168.am-ի հետ զրոյցում Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը նշեց, որ Իրանում մտահոգութեամբ են հետեւում Մեղրիի կամ, այսպէս ասած, Զանգեզուրի միջանցքի հետ կապւած զարգացումներին:

«Թեհրանում թէ՛ պետական, եւ թէ՛ փորձագիտական ու լրագրողական շրջանակները քաջ գիտակցում են, որ նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն յայտարարութեան մէջ ներառւած 9-րդ կէտի, այսինքը՝ Մեղրիի միջանցքի կեանքի կոչումը ցանկացած ձեւաչափով ինչ անվտանգային հետեւանքներ կարող է ունենալ Իրանի ազգային անվտանգութեան համար: Եւ հէնց դա է խնդիրը, որ իրենց մեծապէս մտահոգում է այս վտանգաւոր գաղափարի կեանքի կոչումը: Չմոռանանք հէնց պատերազմից յետոյ արտգործնախարար Զարիֆի այցը Հայաստան եւ իր կատարած յայտարարութիւնը, որտեղ նա նշեց՝ ՀՀ տարածքային ամբողջականութիւնն Իրանի Իսլամական Հանրապետութեան համար կարմիր գիծ է: Խօսքն ուղղակիօրէն վերաբերում էր ՀՀ հարաւային շրջաններին, մասնաւորապէս, Սիւնիքին, Մեղրիի միջանցքին: Իրենք գիտեն՝ եթէ այդ կապը կտրւի, եթէ այդ միջանցքը կամ Սիւնիք-Զանգեզուրն անցնի թուրք-ադրբեջանական ալեանսի վերահսկողութեանը, ինչպիսի անվտանգային հետեւանքներ կը լինեն Իրանի համար՝ թէ՛ ազգային անվտանգութեան, եւ թէ՛ տարածքային ամբողջականութեան առումով: Իզուր չէ, որ այս պահին Իրանում պանթուրքիստական, անջատողական շրջանակները փորձում են անընդհատ թմբկահարել հէնց Մեղրիի միջանցքի հարցը:

Նրանք փորձում են կարեւորել սա՝ նշելով, որ այն պատերազմում Ադրբեջանի յաղթանակի կարեւոր ձեռքբերումներից մէկն է: Աւելին, նրանք չեն վարանում խօսել, որ սա իրենց մեծ նպատակների կեանքի կոչման հանգրւաններից մէկն է, եւ եթէ յաջողւի իրենց ստանալ Մեղրիի միջանցքը եւ վերահսկողութիւն սահմանեն Սիւնիք-Զանգեզուրի վրայ, ապա գալու է յաջորդ փուլը եւ, ըստ իրենց, հարաւային Ադրբեջանը, այսինքն, Իրանի Արեւմտեան եւ Արեւելեան Ատրպատական նահանգները, Արդաբիլի նահանգը, այլ կերպ՝ թուրքախօս շրջանները հասած խնձորի պէս ընկնելու են իրենց գիրկը, եւ իրականանալու է իրենց երազանքը՝ Մեծ Ադրբեջանի կեանքի կոչումը»,- ասաց նա՝ յաւելելով, որ այս ամէնը Իրանի փորձագիտական շրջանակները տեսնում են, եւ շարունակւում են քննադատութիւնները Իրանի իշխանութիւնների հասցէին, որ նրանց պասի քաղաքականութեան արդիւնքում Իրանը տանուլ տւեց դիրքերը հարաւկովկասեան իրադարձութիւններում եւ վերածւեց ոչ ազդեցիկ խաղացողի:

Յիշեցնենք, որ եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտում ասւում է.

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակւում են: Հայաստանի Հանրապետութիւնը երաշխաւորում է տրանսպորտային կապերի անվտանգութիւնը Ադրբեջանի Հանրապետութեան արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ` երկու ուղղութիւններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցութեան հսկողութիւնն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայութեան մարմինները:

Կողմերի համաձայնութեամբ կապահովւի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնը եւ Ադրբեջանի արեւմտեան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարութիւնը»:

Անդրադառնալով ադրբեջանական այն պնդումներին, թէ «Զանգեզուրեան միջանցքի» կեանքի կոչումը տնտեսական շահեր է պարունակում նաեւ Իրանի համար, Արամ Շահնազարեանը շեշտեց՝ այն, ինչ կապւած է, կամ այն ռիսկերը, որոնք բխում են այս ծրագրից՝ կապւած Իրանի ազգային անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան հետ, անհամեմատ աւելին են, քան ենթադրեալ տնտեսական շահերը, որոնց մասին խօսում են, եւ որոնք կարող է ունենալ Իրանն այս միջանցքի ստեղծումից, ինչի վրայ փորձում է «խաղալ» Ադրբեջանը:

«Մի կարեւոր գործօն եւ հանգամանք չպէտք է մոռանանք, որ Իրանը բոլորովին վերջերս Չինաստանի հետ կնքեց 25 տարւայ համագործակցութեան պայմանագիր: Այն շատ լուրջ է՝ թէ՛ ռազմա-քաղաքական, թէ՛ տնտեսական առումով, եւ կարող է մեծ փոփոխութիւններ մտցնել Մերձաւոր Արեւելքի, մասնաւորապէս, Պարսից ծոցի ռազմա-քաղաքական եւ տնտեսական հաշւարկներում, իրադարձութիւններում: Եւ այդ պայմանագրի լիարժէք կեանքի կոչման կամ գործելու գրաւականներից մէկն էլ կապն է Իրանից դէպի հիւսիս»,- մանրամասնեց Alikonline-ի պատասխանատու-խմբագիրը՝ լրացնելով, որ եթէ Մեղրիի միջանցքը կեանքի կոչւի, Իրանը մեծ կախւածութեան մէջ կը մտնի Ադրբեջանից եւ Թուրքիայից այս ծրագիրը կեանքի կոչելու համար: Մի բան, որ Իրանը բացարձակ չի ցանկանայ:

Անցած տարւայ դեկտեմբերին Արամ Շահնազարեանը 168.am-ի հետ զրոյցում նշեց՝ իրանական փորձագիտական շրջանակները փորձում են գեներացնել այն տեսակէտը, որ, եթէ պիտի Մեղրիի միջանցք տրւի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապ հաստատելու համար, այդ դէպքում պէտք է համարժէք եւ համաչափ մի միջանցք էլ տրւի Նախիջեւանի տարածքով, որպէսզի Իրանը կարողանայ կապ ունենալ ՀՀ-ի հետ, ինչո՞ւ չէ՝ ՀՀ-ի վրայով դէպի հիւսիս:

«Այս մասին արդէն խօսում են եւ յարաբերականօրէն անւանում են «խաղաղութեան միջանցք»»,- ասել էր նա:

Շահնազարեանի կարծիքով, նման փոխանակումը, բնականաբար, հայկական կողմի համար անընդունելի տարբերակ կարող է համարւել: Միւս կողմից, Ադրբեջանն ինքը չի համաձայնի դրան:

«Չեմ կարծում, որ թուրքադրբեջանական ալեանսը համաձայնի նման տարբերակի, երբ իրենք յաղթած են եւ կարողանում են ՀՀ կապիտուլեանտ իշխանութիւններին ցանկացած բան պարտադրել: Երբեւէ չեն գնայ նման քայլի, որ միջանցք լինի Հայաստան-Իրան կապի ապահովման համար: Բացի այս, կրկնում եմ՝ իրանական շրջանակներում նորից սկսել են խօսել այն մասին, որ սա որեւէ հարց չի լուծի, եւ Սիւնիք-Զանգեզուրի հաւանական կորուստը դա աղէտ է լինելու նաեւ Իրանի ազգային անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան համար, եւ Իրանի դերակատարութիւնը հասցնելու է գրեթէ զրոյականի հարաւկովկասեան ռազմա-քաղաքական եւ տնտեսական իրադարձութիւններում»,- եզրափակեց Արամ Շահնազարեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։