Print this page
10/05/2021 - 09:50

«Այսօր այս հարթակից մենք յետհաշւարկ ենք սկսում Շուշին յանձնած իշխանութեան համար». Ռոբերտ Քոչարեան

Վերջին անգամ հանրահաւաքում հարթակում եմ եղել 2003-ին, Մատենադարանի դիմաց նախագահական ընտրութիւններից մէկ օր առաջ․ այսօր՝ մայիսի 9-ին, Ազատութեան հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահաւաքի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը՝ յաւելելով, որ յետ է վարժւել հանրահաւաքներում խօսալուց:

«alikonline.ir» - Վերջին անգամ հանրահաւաքում հարթակում եմ եղել 2003-ին, Մատենադարանի դիմաց նախագահական ընտրութիւններից մէկ օր առաջ․ այսօր՝ մայիսի 9-ին, Ազատութեան հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահաւաքի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը՝ յաւելելով, որ յետ է վարժւել հանրահաւաքներում խօսալուց:

«Իշխանը Սաղաթելեանը 6 ամիս տրեներովկաների մէջ է: Չեմ կարող այդպէս խօսել, բայց կը փորձեմ անդրադարձ անել երեք կարեւոր բովանդակային հարցերի: Մինչ դրան անդրադարձը կը ցանկանայի ասել, որ մտքովս նոյնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ եւ իշխանութեան յայտ ներկայացնել: Ես կարծում էի, որ պետական պաշտօնեայ լինելը ինձ համար աւարտւած է, որ կատարել եմ պարտքս հայրենիքի հանդէպ եւ կարող եմ ապրել իմ անձնական կեանքով: Բայց այն, ինչ եղաւ, այն վտանգները, որոնք այսօր կան մեր երկրի առջեւ, ստիպում են յետ գալ ու պայքարել: Հակառակը կը լինի դասալքութիւն»,- ասաց նա:

Քոչարեանը յայտարարեց, որ 3 խնդիր ունենք երկրի առջեւ կանգնած. «Առաջինը ՀՀ-ն այսօր անվտանգ չէ, այսօր Սիւնիքի սահմաններն անվտանգ չեն: Մենք այսօր մի երկիր ենք, որը սեփական ուժերով չի կարողանում պաշտպանել երկրի բնակչութեան անվտանգութիւնը, իր սահմանները: Այսօր ունենք իշխանութիւն, որը հետեւողականօրէն քայքայել է բանակը եւ չի անում ոչինչ այն վերականգնելու համար: Մեր նպատակն է հաստատել արժանապատիւ խաղաղութիւն: Դա չի կարող անել մի իշխանութիւն, որը մարմնաւորում է պարտութիւն, նւաստացում, խայտառակութիւն, մահեր, զոհեր: Չեն կարող անել: Մենք կարող ենք դա անել, պատրաստ ենք անել:

Երկրորդը. Ղարաբաղի ապագան, անկեղծ ասեմ, բաւական մշուշոտ է, ստորագրւած պայմանագրով 4.5 տարի անց այդ չարաբաստիկ յայտարարութիւնը ենթադրում է, որ Ադրբեջանը կարող է հրաժարևել ռուսական խաղաղապահ զօրքերից: Հիմա որեւէ մէկը ձեզնից լսե՞լ է այս իշխանաւորներից, թէ ինչ են անում իրենք այդ ուղղութեամբ: Արդեօք պատրաստ են այսպիսի սցենարի, թէ ոչ: Պարտութեան դէմք հանդիսացող իշխանութիւնը չի կարող արդիւնաւէտ բանակցող լինել: Հնարաւոր չէ բանակցել թշնամու հետ, եթէ դու չորեքթաթ ես շարժւում, եթէ ծնկներիդ վրայ ես կանգնած:

Հետեւաբար, պէտք է գայ մի իշխանութիւն, որն ի վիճակի է արհեստավարժ ձեւով հպարտ բանակցել ու հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների: Մենք կարող ենք դա անել:

Երրորդը. երկիրը տնտեսական ճգնաժամի մէջ է: Անցած տարի տնտեսութիւնը 7.5 տոկոս անկում է ապրում, սղաճն ուտում է ձեր ցածր եկամուտները, երկրը խրւել է արտաքին պարտքերի մէջ: Չի կատարւել ոչ մի խոստում, թռիչքաձեւ աճը փոխարինւեց թռիչքաձեւ անկումով: Սա է այս իշխանութեան 3 տարւայ արդիւնքը:

Հետեւաբար, սրանք չեն կարող շարունակել, պարտւելը միայն պարտութիւն չի պատերազմում, տնտեսական ոլորտում ձախողւելը նոյնպէս պարտութիւն է: Պարտութիւնը իշխանութեան համար պէտք է առնւազն իշխանութիւնը կորցնելու գինը ունենայ: Չի կարող պարտութիւնը լինել անհետեւանք, հակառակ դէպքում ունենալու ենք մշտապէս պարտւող ազգ, լուզերների ազգ ենք դառնալու, եթէ պարտութիւնը իշխանութեան համար հետեւանքներ չունենայ: Ուրեմն այս իշխանութեանը պէտք է քշել, եթէ իրենք պատրաստ չեն ինքնակամ հեռանալ»,-յայտարարեց Քոչարեանը:

2018-ի ապրիլին մեր ժողովուրդը իշխանությեան ղեկին է նստեցրել մի մարդու, որը չգիտի, թէ ինչ է պետականութիւնը, թէ այդ պետական մեքենան ոնց է աշխատում, ոնց է կառավարւում․իր ելոյթում նշեց Ռոբերտ Քոչարեանը:

Նա մի համեմատութիւն արեց՝ նշելով. «Ենթադրենք, մենք մի մեքենայի մէջ ենք բոլորս՝ Հայաստանը, եւ ղեկը մի մարդու ձեռքին, որը չգիտի նոյնիսկ, թէ շարժիչը որտեղ է գտնւում: Յետոյ պարզւում է, որ այդ մարդը մեքենան քշել էլ չգիտի: Դա քիչ է, պարզւում է, որ այդ մարդը երթեւեկութեան կանոնները չգիտի: Դա էլ քիչ է, պարզւեց, որ այդ մարդը ճանապարհը չի ճանաչում, չգիտի՝ գնայ արեւմուտք, արեւելք, հիւսիս, թէ հարաւ: Մենք բոլորս այդ մեքենայի մէջ ենք եւ այդ մեքենան արդէն 3 անգամ վթարի է ենթարկւել՝ տալով 5 հազար զոհ, 11 հազար վիրաւոր եւ 35 հազար անօթեւան ընտանիքներ: Հիմա ի՞նչ ենք ուզում մենք, պատրա՞ստ ենք լքել այդ մեքենան, թէ՞ պէտք է վռնդենք ղեկին նստած անձին»:

Քոչարեանը յիշեցրեց, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է. «Այսօր այս հարթակից մենք յետհաշւարկ ենք սկսում Շուշին յանձնած իշխանութեանը իշխանութեան մնալու առումով: Իրենց մնացել է 42 օր, վաղը մնալու է 41 օր, միւս օրը 40 օր եւ այդպէս շարունակ: Ուրեմն ամէն օր սոցցանցերում դրէք օրերի այդ յետհաշւարկը: Սա պէտք է դառնայ ամբողջ Հանրապետութեան աճող սպասելիքը:

Վստահ եղէք, որ ամէն ինչ լաւ է լինելու, լաւ եղէք: Շնորհակալութիւն ձեզ, ձեր ցաւը տանեմ»,- ասաց նա:

 

Յարակից լուրեր