Հա

Քաղաքական

12/05/2021 - 12:20

«Եթէ միակողմանի միջանցք բացւի, նշանակում է՝ մենք կորցնելու ենք մեր սուվերենութիւնը Մեղրու, եթէ ոչ՝ աւելի մեծ տարածքի վրայ». Քաղաքագէտ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը AzTV պետական հեռուստաալիքին տւած հարցազրոյցում հերթական անգամ պնդել է՝ 40 կիլոմետրանոց «Զանգեզուրի միջանցքը», որն իրենց բաժանում է Նախիջեւանից, կը բացւի: Աւելին՝ նա վստահեցրել է՝ հարցը նոյեմբերի 10-ին ստորագրւած եռակողմ յայտարարութեան կէտերից մէկն է: Ի դէպ, ինչպէս նախկինում, այս անգամ եւս Ալիեւը շեշտել է՝ ««Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի երկաթուղիների սեփականատէրերն են, այդ պատճառով Բաքուն այս հարցը քննարկում է ռուսական կողմի հետ։

«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը AzTV պետական հեռուստաալիքին տւած հարցազրոյցում հերթական անգամ պնդել է՝ 40 կիլոմետրանոց «Զանգեզուրի միջանցքը», որն իրենց բաժանում է Նախիջեւանից, կը բացւի: Աւելին՝ նա վստահեցրել է՝ հարցը նոյեմբերի 10-ին ստորագրւած եռակողմ յայտարարութեան կէտերից մէկն է: Ի դէպ, ինչպէս նախկինում, այս անգամ եւս Ալիեւը շեշտել է՝ ««Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի երկաթուղիների սեփականատէրերն են, այդ պատճառով Բաքուն այս հարցը քննարկում է ռուսական կողմի հետ։

«Արեւելեան Զանգեզուրում գտնւող Զանգելանի միացումը մեր հինաւուրց հողին՝ արեւմտեան Զանգեզուրին, այնուհետեւ՝ Օրդուբադի միջոցով Նախիջեւանին եւ Թուրքիային, լինելու է մեր յաջորդ պատմական ձեռքբերումը»,- նշել է Բաքւի բռնապետը։

168.am-ի հետ զրոյցում՝ անդրադառնալով այս միջանցքի շուրջ տեղի ունեցող քննարկումներին՝ քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանն առանձնացրեց երկու դրւագ. «Առաջինը՝ այդ միջանցքը միջազգային շրջանառութեան մէջ մտնում է Զանգեզուր անւանումով, այսինքն՝ ադրբեջանական անւանումով, այլ ոչ թէ՝ Սիւնիքի միջանցք կամ Մեղրիի միջանցք, եւ Ադրբեջանի նախագահն ասում է, որ դա Արեւելեան Զանգեզուրն է»։

Յիշեցնելով Մակեդոնիայի դէպքում՝ անւանման շուրջ Յունաստանի եւ Մակեդոնիայի միջեւ վէճերը՝ քաղաքագէտը նկատեց, որ ադրբեջանական անւանումը շրջանառութեան մէջ է դրւել նաեւ Հայաստանում, մինչդեռ այն «տարածքային պահանջ է իր մէջ ներկայացնում»։

«Յաջորդ կարեւոր պահը. ինքն ասում է՝ քանի որ երկաթուղին պատկանում է Ռուսաստանին, ապա Ռուսաստանի հետ է բանակցութիւն վարում, սակայն երկաթուղին կազմակերպութիւն է, իսկ տարածքը հայկական է։ Այսինքն՝ երկաթուղի բացելու համար պէտք է Հայաստանի քաղաքական ղեկավարութեան հետ խօսել՝ անկախ նրանից, թէ երկաթուղին ում է պատկանում։ Մենք այստեղ նոյնպէս տեսնում ենք, որ Հայաստանը հասել է մի վիճակի, որի հետ նոյնիսկ բանակցութիւններ չեն վարում։ Սա է մեր գործող իշխանութեան գնահատականը, թէ ինչպիսի արտաքին քաղաքականութիւն է վարում։

Եւ նորից յիշենք, որ Հայաստանի մի մասից միւս մասը գնալով՝ Հայաստանի վարչապետը գնում է ռուսական դրօշի ներքոյ (Կապանի ճանապարհն անցնելիս). սա նոյնպէս շատ կարեւոր պահ է եւ նոյնպէս ցոյց է տալիս, թէ Հայաստանն այսօր իրենից ինչ է ներկայացնում»,- ընդգծեց Ստեփան Դանիէլեանը։

Արդեօք միջանցքի շուրջ պայմանաւորւածութիւն կա՞յ, թէ՞ ոչ՝ հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Ըստ Հայաստանի գործող վարչապետի բազմաթիւ յայտարարութիւնների՝ իրենք համաձայնել են, ուղղակի դեռ որոշակի առեւտրի խնդիրներ կան, նաեւ, որքանով ես եմ հասկանում, չնայած ուղղակիօրէն դա չի ասւել՝ նաեւ Նախիջեւանով դէպի Ջուղայ անցնող երկաթուղու մասին է խօսքը, որ դա էլ պէտք է բացւի, եւ այլն։ Այսինքն՝ նման պրոցեսներ են գնում, բայց նման պրոցեսներից մենք տեղեակ ենք լինում Ադրբեջանի ղեկավարի յայտարարութիւններից, այլ ոչ թէ Հայաստանի ղեկավարների»։

Անդրադառնալով միջանցքի հնարաւոր բացմանը յաջորդած աշխարհաքաղաքական հետեւանքներին, տարածաշրջանում եւ յատկապէս Հայաստանում ազդեցութեանը՝ Ս. Դանիէլեանը նկատեց՝ ականատես կը լինենք էքսպանսիայի. «Էքսպանսիան ոչ միայն Հայաստանով է լինելու, այլեւ թուրքական եւ ադրբեջանական էքսպանսիան շարունակւելու է դէպի Միջին Ասիա, եւ հնարաւոր է՝ Թուրքմենստանի գազը Կասպից ծովով գայ Մեղրի միջանցքով, նոր նաւթատարներ լինեն, եւ այլն։

Եւ այս պարագայում, եթէ յանկարծ որեւէ դէպք արձանագրւի, վթար լինի, որը, ենթադրւի, որ հայերն են արել, եւ այլն, Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են զօրք մտցնել իրենց սեփականութիւնը պաշտպանելու համար։ Այստեղ կարեւոր է՝ եթէ լինի հակառակ միջանցքը՝ Իրանից դէպի Հայաստան, Սեւ ծով, Ռուսաստան եւ այլն, այստեղ սրանք իրար կը հակակշռէին, եւ միւս երկրները նոյնպէս կարող էին միջամտել, որովհետեւ սա արդէն իրենց շահերին է վերաբերում։ Այսինքն՝ եթէ միակողմանի միջանցք բացւի, նշանակում է՝ մենք կորցնելու ենք, ըստ էութեան, մեր սուվերենութիւնը Մեղրու, եթէ ոչ՝ աւելի մեծ տարածքի վրայ»։

Այս իշխանութեան պարագայում հաւանակա՞ն է, որ յիշեալ միջանցքը համակշռւի այլ միջանցքով՝ հարցի պատասխանը քաղաքագէտը չհնչեցրեց՝ նկատելով. «Անկեղծ ասած, ես այստեղ իշխանութիւն չեմ տեսնում»։

Ստեփան Դանիէլեանը նշեց, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր ղեկավար, որը հասկանալի քաղաքականութիւն կը վարի՝ ինչպէս Հայաստանի քաղաքացիների, այնպէս էլ՝ միջազգային հանրութեան համար. «Հիմա ոչ մի բան հասկանալի չէ»։

Նկատենք՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիեւի յայտարարութիւններին, մասնաւորապէս՝ միջանցքի հարցը ուժով լուծելու սպառնալիքին երեւանեան այցի շրջանակներում անդրադարձել էր նաեւ ՌԴ ԱԳՆ Սերգէյ Լաւրովը՝ շեշտելով, որ հաղորդակցութիւնների ապաշրջափակման որոշումները կարող են լինել միայն կամաւոր՝ փոխշահաւետութեան հիմքով։

Աւելի վաղ Նիկոլ Փաշինեանն էլ վստահեցրել էր՝ նոյեմբերի 9-ի յայտարարութեան մէջ Զանգեզուր, Սիւնիք, միջանցք արտայայտութիւններ չկան: «Խօսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, եւ յունւարի 11-ի մոսկովեան յայտարարութեամբ մենք յստակ արձանագրել ենք եւ մեկնաբանել ենք, թէ ինչ պիտի տեղի ունենայ՝ պիտի տեղի ունենայ տարածաշրջանի հաղորդակցութեան ուղիների բացում:

Եթէ Ադրբեջանը խօսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, ուրեմն այդ նոյն տրամաբանութեամբ Հայաստանը կարող է խօսել «Նախիջեւանի միջանցքի» մասին, հիւսիս-ադրբեջանական միջանցքի մասին: Որովհետեւ Ադրբեջանը, ըստ այդ պայմանաւորւածութեան եւ գրաւոր հրապարակւած փաստաթղթերի, կարող է արժանանալ, կարող է ստանալ միայն այնպիսի «միջանցք», ինչպիսին Հայաստանը կը ստանայ Ադրբեջանի տարածքով, այդ թւում՝ Նախիջեւանի տարածքով՝ ե՛ւ բուն Ադրբեջանի տարածքով, ե՛ւ Նախիջեւանի տարածքով: Իսկ կոմունիկացիաների բացումը բոլորովին ուրիշ խնդիր է»,- ասել էր նա Սիւնիքի մարզպետարանում։

 

Զարուհի Դիլանեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։