Հա

Քաղաքական

13/05/2021 - 19:00

«Մինչ այս պահը Հայաստանում ղեկավարում է դաւաճանական իշխանութիւն, որն ունակ չէ պաշտպանել Հայաստանի անվտանգութիւնը»․ Հրանտ Մելիք-Շահնազարեան

Թուրքը Հայաստանի սահմաններից վաղուց է ներս անցել, ես որ ասում եմ Հայաստան, նկատի ունեմ նաեւ Արցախը՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը՝ մամուլի ասուլիսում անդրադառնալով Սիւնիքում թշնամու առաջխաղացմանը։

«alikonline.ir» - Թուրքը Հայաստանի սահմաններից վաղուց է ներս անցել, ես որ ասում եմ Հայաստան, նկատի ունեմ նաեւ Արցախը՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը՝ մամուլի ասուլիսում անդրադառնալով Սիւնիքում թշնամու առաջխաղացմանը։

Նրա խօսքով, Հայաստանը այն չէ, ինչը գծւած է Սովետական որոշ քարտէզներով։ Ըստ քաղաքագէտի, դրանք ադմինիստրատիւ սահմաններ են, որոնք չպէտք է համարել ՀՀ սահման։

«Թուրքը Հայաստան է ներխուժել անցած տարւայ սեպտեմբերի վերջին, որոշակի յաջողութիւններ է ունեցել ռազմաճակատում եւ մեզ կապիտուլիացիա է պարտադրել։ Ցաւօք, դա բերել է որոշ տարածքների զիջման եւ հիմա էլ մենք շարունակում ենք այդ զիջման գործընթացը։ Եւ այն, ինչ երէկ տեղի է ունեցել Սիւնիքում ու Գեղարքունիքում, տեղաւորւում է այն տրամաբանութեան մէջ, որը պարտադրւել է Հայաստանին՝ կապիտուլիացիոն ակտով։ Դա նաեւ տեղաւորւում է այն տրամաբանութեան մէջ, որ մինչ այս պահը Հայաստանում ղեկավարում է դաւաճանական իշխանութիւն, որն ունակ չէ պաշտպանել Հայաստանի անվտանգութիւնն ու սահմանները»,- նշեց նա։

Դիտարկմանը՝ Գեղարքունիքի մարզպետն այսօր լրագրողների հետ զրոյցում ասել է, որ տեղակայման պրոցեսներ չեն եղել, եւ հիմա հակառակորդը դա է անում, Հրանտ Մելիք-Շահնազարեանը պատասխանեց՝ ասելով, որ պաշտօնական յայտարարութիւնները միշտ էլ աչքի են ընկնում հակասական յայտարարութիւններով, որոնցում չափազանց մեծ է ստի չափաբաժինը։

«Փաստն այն է, որ Գեղարքունիքի բնակիչներն իրենց աչքերով տեսնում են տեղաշարժերն ու այն փաստը, որ հակառակորդը բարձունքներ է գրաւում։ Դա տեսանելի է սովորական քաղաքացիների համար»,- նկատեց նա։

Ըստ քաղաքագէտի, այս պահին Ադրբեջանը՝ պաշտօնական Երեւանի թողտւութեամբ, փորձում է երկու հիմնական խնդիր լուծել։ Առաջին. դառնալ Հարաւային Կովկասում տրանսպորտային ուղիների սիրտը եւ կիզակէտը։

«Իրենք ուզում են Սիւնիքում ունենալ բարձունքներ։ Եւ երկրորդ կարեւոր բանը, որ հիմա տեղի է ունենում, այն է, որ Ադրբեջանը ամրապնդում է իրեն Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջաններում։ Այս տարածքները, որոնք կապիտուլիանտն էր տւել թշնամուն, ըստ էութեան, Ադրբեջանը չէր կարողացել իւրացնել։ Իրենք գործելու նորմալ հնարաւորութիւն չունէին, եւ այդ տարածքները ամիսներ շարունակ անտէր էին։ Հիմա Ադրբեջանն ուզում է ամրապնդել իր դիրքերն ու իրավիճակը շտկել։ Այս պահի դրութեամբ իրենք գրաւում են հայկական Քարվաճառն ու Քաշաթաղը։ Իսկ ՀՀ իշխանութիւնները դրան ի պատասխան բառացիօրէն ոչինչ չեն անում։ Միայն յայտարարում են, որ բանակցում են։ Երեւի ուզում են խնդրել, որ ադրբեջանցիները յետ գնան Սեւ լճի տարածքից...։ Ես միայն տեսնում եմ ոչ ադեկվատ վարքագիծ իշխանութիւնների կողմից»,- ասաց նա։

Քաղաքագէտը նկատեց նաեւ, որ Սիւնիքի հարցը Փաշինեանը փորձում է լուծել ռուսական գործօնի օգնութեամբ, սակայն Ռուսաստանը պէտք է տեսնի հայկական կողմի վճռականութիւնը։

«Հայաստանն ամէն օր ինչ-որ բան կորցնում է՝ վստահութիւն, անվտանգութեան մակարդակ, տարածք։ Իսկ հասարակութեան մեծ մասը նստած հաշւում է, թէ քանի օր մնաց ընտրութիւններին։ Խնդրի լուծումը մէկն է՝ ժամ առաջ դաւաճանի հեռացումը, սակայն նրան հեռացնելու պատասխանատւութիւնն ունեցող քաղաքական ուժերը այլ մարտավարութիւն են ընտրել՝ պատրաստւելով ընտրութիւնների։ Հիմա ամէն կորսւած օրը յետագայում նշանակելու է ամիսների աշխատանք։ Հայաստանը պարտաւոր է կտրուկ գործել, եթէ թշնամին առանց մէկ կրակոցի առաջ է գալիս, պէտք է դիմադրութիւն ցոյց տաս, հակառակ դէպքում նա կրկին է փորձելու առաջ գալ»,- ասաց նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։