Հա

Քաղաքական

13/05/2021 - 19:10

Սեւ լիճը՝ Հայաստանի բնութեան յուշարձան եւ Հայաստանի սեփականութիւն

Սեւ լիճը ադրբեջանական տարածք երբե՛ք չի եղել․ աւելին, այնտեղ կան հին հայկական ժայռապատկերներ, եւ Սիւնիքի Իշխանասարի լանջերին գտնւող «Սեւ լիճ» արգելավայրը Հայաստանի բնութեան յուշարձան է,- Yerkir.am-ին յայտնեց էկոլրագրող, «Էկոմեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինէ Կիրակոսեանը։

«alikonline.ir» - Սեւ լիճը ադրբեջանական տարածք երբե՛ք չի եղել․ աւելին, այնտեղ կան հին հայկական ժայռապատկերներ, եւ Սիւնիքի Իշխանասարի լանջերին գտնւող «Սեւ լիճ» արգելավայրը Հայաստանի բնութեան յուշարձան է,- Yerkir.am-ին յայտնեց էկոլրագրող, «Էկոմեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինէ Կիրակոսեանը։

Լճի տարածքի՝ Հայաստանի բնութեան յուշարձան լինելու մասին է վկայում կառավարութեան 2008 թւականի օգոստոսի 14-ի՝ բնութեան յուշարձանների ցանկը հաստատող որոշումը։ 

Յուշարձանն ունի 27 անձնագիր՝ երկրաբանական, ջրաերկրաբանական, ջրագրական, բնապատմական յուշարձանների մասին։ Ըստ Նարինէ Կիրակոսեանի՝ այն չհոսող, քաղցրահամ լիճ է՝ համարեա 2ք/կմ մակերեսով՝ 2666 մետր բարձրութեան վրայ`  շեշտելով, որ ջրի ծաւալը մօտաւորապէս 9 միլիոն խմ է։

«Մենք հեշտութեամբ, փաստօրէն, մեր ազգային արժէքները կորցնում ենք։ Թշնամին մեր հող է մտել, հատել է մեր երկրի սահմանը։ Սեւ լճի անձնագրեր ունենք, դա նաեւ իրաւական հիմք է ՀԱՊԿ-ին դիմելու եւ այդ կառոյցի միջոցով պահելու մեր սահմանները, որովհետեւ մենք շատ լաւ գիտենք, որ այս պահին բանակը թոյլ է, եւ եթէ նորից օդից գրոհ լինի, պաշտպանւելը դժւար է լինելու։ Եթէ ՀԱՊԿ կազմում ենք, եւ պարտաւորութիւններ կան, ինչո՞ւ չդիմել այդ կառոյցին։ Յիշեցնեմ, որ վերջերս էլ Կապանի տարածքում գտնւող «Սոսիների պուրակ» էին եկել Ալիեւները։ Շատերն ասում էին, որ դա եղել է ադրբեջանական տարածք։ Ադրբեջանը կազմաւորւել է Խորհրդային միութեան տարիներին»,- նշում է Նարինէ Կիրակոսեանը։

«Սեւ լիճը, բացի արգելավայր լինելուց, նաեւ ոռոգման մեծ նշանակութիւն ունի, համարեա 1 տասնեակ բնակավայր է սնւում՝ ոռոգման նպատակով, եւ եթէ մենք լիճը տալիս ենք, ստացւում է, որ այդքան գիւղ զրկում ենք ոռոգման ջրից։ Բացի դրանից, երբ մենք Քարվաճառի հողերը յանձնեցինք, այդտեղ էլի ջրի անվտանգութեան խնդիր բացւեց, քանի որ մենք ունեցել ենք նման դէպքեր, երբ Արցախի առաջին պատերազմից առաջ մի քանի անգամ թշնամին փորձել է թունաւորել։ Բնապահպաններն ինչո՞ւ են լռում․ մենք ջրային ռեսուրս ենք կորցնում, թշնամին եկել մտել է մեր հող, ոչ ոք միջազգային լսարանի համար ոչինչ չխօսեց։ Ո՛չ Սիւնիքի «Սոսիների պուրակի», ո՛չ Քարվաճառի, նաեւ Արցախի անտառները ջերմային ռումբերով հրդեհելու դէպքում։ Մենք մեր տարածքների վերաբերեալ իրաւական հիմքեր ունենք»,- Yerkir.am-ին ասաց էկոլրագրողը։

Յիշեցնենք, որ կապիտուլիացիայի փաստաթղթով Արցախը կորցրեց բազմաթիւ պատմամշակութային յուշարձաններ եւ կոթողներ․ նոյն վտանգը, ցաւօք, Հայաստանի գլխին է։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։