Հա

Քաղաքական

15/05/2021 - 08:15

«200 հոգի գալիս են, դու նահանջում ես ու հպարտանում, որ զոհ չես տւել, մինչեւ Երեւան նահանջի թող գան». Վազգէն Մանուկեան

Զարմանալի է, որ մեր բանակը միանգամից պատասխան չի տալիս։ Այս մասին երէկ՝ մայիսի 14-ին, «Հայրենիքի փրկութեան շարժման» խորհրդի նիստի աւարտից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայրենիքի փրկութեան շարժման» վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը:

«alikonline.ir» - Զարմանալի է, որ մեր բանակը միանգամից պատասխան չի տալիս։ Այս մասին երէկ՝ մայիսի 14-ին, «Հայրենիքի փրկութեան շարժման» խորհրդի նիստի աւարտից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայրենիքի փրկութեան շարժման» վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը. հաղորդում է Yerkir.am-ը:

Նրա խօսքով՝ ցանկացած երկրի սահմաններ երբ խախտւում են՝ զինւորականները կրակելով ու պաշտպանելով են պահում. «Այն, որ իշխանութիւնը տկար է, դաւաճան է, շատ է ասւել, բայց ես զարմանում եմ զինւորականների վրայ։ Իրենց համար աւելի կարեւոր է դառնում կարգադրութիւն կատարել կամ չկատարելը, քան իրենց առաջին պարտականութիւնը՝ հայրենիքի պաշտպանութիւնը։ Մենք ունենք պետութիւն, բանակ, որը լաւ զինւած է, միլիարդներ են ծախսւել այդ բանակի վրայ. այդ բանակը դատապարտւած է անգործութեան»։

Մանուկեանն ասաց, որ խորհրդի նիստի ընթացքում եղել են բազմաթիւ առաջարկութիւններ՝ կազմակերպչական, քաղաքական գործունէութեան. «Որոշւեց, որ պէտք է յայտարարութիւն գրել, որտեղ մեր մտահոգութիւնները կը գրենք։ Միւս կողմից էլ ընտրութիւններ կան, թէ՝ չկան. ամէն օրը այս իշխանութեան՝ երբ այս պետության գլխին է մնալու՝ վտանգաւոր է Հայաստանի համար։ Այս իշխանութիւնն անպայման պէտք է փոխել»։

Անդրադառնալով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելուն՝ Վազգէն Մանուկեանն արձագանքեց.

«Եթէ դու ինքդ քո երկիրը չես պաշտպանում, քեզ ոչ մէկը չի պաշտպանի։ Դու պիտի պաշտպանես երկիրդ, որպէսզի նոր իրավիճակ ստեղծւի եւ գան քեզ օգնելու։ 200 հոգի գալիս են, դու նահանջում ես ու հպարտանում, որ զոհ չես տւել, զոհ չես տւել, մինչեւ Երեւան նահանջի թող գան ադրբեջանցիները։ Ես գտնում եմ, որ պէտք էր դիմել միջազգային կազմակերպութիւններին։ Բայց մեր յոյսը մեզ հետ պէտք է կապենք։ Ունենք պատրաստի կառոյցներ, որոնք տասնեակ տարիներ ծառայել են Հայաստանի համար եւ հիմա ոչ մի օգուտ չկայ այդ կառոյցներից»։

Հարցին՝ արդեօք կարիք կա՞յ ռազմական դրութիւն մտցնելու՝ Մանուկեանն ասաց. «Եթէ մտցնեն ռազմական դրութիւն, ռազմական դրութեան օրօք բանակը կանգնեցնեն սահմանների վրայ, ադրբեջանցիներին դուրս շպրտեն, կանգնեն մեր դիրքերի վրայ, այդ դէպքում ռազմական դրութիւնն արդարացւած է։ Բայց եթէ ռազմական դրութիւնը յայտարարւելու եւ որեւիցէ բան չի արւելու, այդ դէպքում ինչո՞ւ է ռազմական դրութիւն յայտարարւում»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։