Հա

Քաղաքական

15/05/2021 - 11:00

«Իրանից Հայաստանը համարժէք ազդակներ ստացել է եւ պէտք է փորձի գործակցել Իրանի հետ». Վարդան Ոսկանեանը՝ Սիւնիքում ստեղծւած իրավիճակի մասին

Մայիսի 12-ից Սիւնիքի մարզում թշնամու զինւորականները 3-4 կիլոմետր առաջ են եկել, դիրքաւորւել եւ յետ չեն գնում։ Ընդ որում, թշնամին առաջ է եկել ոչ միայն Սիւնիքի, այլեւ Գեղարքունիքի մարզում։

«alikonline.ir» - Մայիսի 12-ից Սիւնիքի մարզում թշնամու զինւորականները 3-4 կիլոմետր առաջ են եկել, դիրքաւորւել եւ յետ չեն գնում։ Ընդ որում, թշնամին առաջ է եկել ոչ միայն Սիւնիքի, այլեւ Գեղարքունիքի մարզում։

Թշնամու հետ ընթացող բանակցութիւնները մինչեւ այս պահը որեւէ արդիւնք չեն տւել, նրանք շարունակում են տեղակայւած մնալ առաջ եկած տարածքում։

Սիւնիքի հարցում Իրանի Իսլամական Հանրապետութիւնն ինչպէ՞ս կարող է օգնել Հայաստանին, հաշւի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Սիւնիքը մեծ կարեւորութիւն ունի նաեւ Իրանի համար։

168.am-ի հետ զրոյցում ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանը պատասխանելով հարցին՝ նշեց. «Իրանի պաշտօնական դիրքորոշումներում հստակօրէն արձանագրւել է Հայաստանի տարածքային ամբողջականութեան խնդիրը։ Սա արւել է երկու անգամ՝ 44-օրեայ պատերազմի վերջում Իրանի հոգեւոր առաջնորդի առանձին ուղերձում եւ Երեւան ԻԻՀ արտգործնախարարի կատարած այցի ժամանակ։ Նա արձանագրել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն Իրանի համար «կարմիր գիծ է։ Այս համատեքստում Իրանից Հայաստանը համարժէք ազդակներ ստացել է եւ պէտք է փորձի գործակցել Իրանի հետ, նաեւ այդ ազդակների նախանշւած շրջանակներում»։

Իրանագէտի կարծիքով՝ չափազանց կարեւոր ու տեղին կը լինէր, եթէ ՀՀ արտգործնախարարն այս խնդրով հեռախօսազրոյց ունենար Իրանի արտաքին գերատեսչութեան ղեկավարի հետ։ Երէկ նաեւ արդէն տեղեկացել են, որ խնդրի համատեքստում տեղի է ունեցել ՀՀ դեսպանի հանդիպումը Իրանի արտգործնախարարութեան բարձրաստիճան պաշտօնեայի հետ։ Այդուհանդերձ Վարդան Ոսկանեանը կարծում է, որ երկու երկրների արտգործնախարարների անմիջական շփումը շատ աւելի արդիւնաւէտ կարող է լինել։

«Սիւնիքը ՀՀ անվտանգութեան կարեւորագոյն բաղադրիչներից մէկն է։ Հաշւի առնելով Հայաստանում այսօր դեռեւս իրենց իշխանութիւն համարող վարչախմբի ապաշնորհ գործունէութիւնը եւ ըստ էութեան պարտւողական վարքագիծը թշնամական արհեստածին կազմաւորման նկատմամբ, որեւէ ակնկալիք ունենալը պատրանքային կը լինի։ Հետեւաբար՝ առաջին անհրաժեշտութիւններից մէկն այն է, որ Հայաստանը նման աղէտալի վիճակի հասցրած վարչախումբը պէտք է հեռանայ, եւ նրան փոխարինեն ազգային առողջ ու կարող ուժեր։ Եթէ ադրբեջանական բաշիբոզուկները ՀՀ տարածքը չեն լքում խաղաղ բանակցութիւնների արդիւնքում, ապա նրանք ուղղակի պէտք է դուրս շպրտւեն, որովհետեւ դա մեր պետութեան, ազգաբնակչութեան անվտանգութեան խնդիրն է։ Այս առումով շատ կարեւոր է նաեւ դաշնակից պետութեան՝ ՌԴ-ի հետ նորմալ յարաբերութիւնների ու աշխատանքային մթնոլորտի ձեւաւորումը»,- յաւելեց Վարդան Ոսկանեանը։

Նա ընդգծեց՝ որպէսզի Հայաստանը կարողանայ վերը նշւած քայլերն իրականացնել, պէտք է ունենայ ազգային ու առողջ իշխանութիւն, որոնք առաջին հերթին կը հասկանան բոլոր խնդիրները եւ ունակ կը լինեն ձեւաւորելու համապատասխան գործընկերային յարաբերութիւնների դաշտ՝ ռազմավարական դաշնակիցների ու բարեկամ պետութիւնների հետ, որոնց թւում՝ առաջնային դերակատարութիւն ունի Իրանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։