Հա

Քաղաքական

15/05/2021 - 15:30

«Մատենադարանի գիտաշխատողն աջակցում է Սեւ լիճը գրաւած ադրբեջանական բանակին». Վահան Իշխանեան 

«Յայտնի է արդէն, որ Հայաստանի հասարակութեան մի զգալի հատւած անտարբեր է Արցախի եւ Սիւնիքի բնակավայրերի կորստի նկատմամբ։ Անտարբերութեան  ապացոյցն այն է, որ կապիտուլեանտը կապիտուլեացիան ստորագրելուց յետոյ 6 ամիս դեռ իշխանութեան է եւ կարող է էլի մնալ։ Սակայն մտքովս չէր անցնի, որ Հայաստանում կը լինեն անձինք, ովքեր կարդարացնեն Ադրբեջանի երէկւայ ներխուժումը Սեւ լիճ՝ ասելով. «30 տարի շարունակ այս պետութիւնը բռնազաւթել էր եւ մտել մէկ ուրիշ պետութեան սահմաններ…», եւ ուրեմն «Ինչ-որ պահի պէտք է կանգ առնել եւ չգոչել, չճչալ այդքան ցաւագին, երբ ադրբեջանցիները մի կիլոմետր առաջ են եկել»,- սա մէջբերում է հայ գիտնականից։ 

«alikonline.ir» - Վահան Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Յայտնի է արդէն, որ Հայաստանի հասարակութեան մի զգալի հատւած անտարբեր է Արցախի եւ Սիւնիքի բնակավայրերի կորստի նկատմամբ։ Անտարբերութեան  ապացոյցն այն է, որ կապիտուլեանտը կապիտուլեացիան ստորագրելուց յետոյ 6 ամիս դեռ իշխանութեան է եւ կարող է էլի մնալ։ Սակայն մտքովս չէր անցնի, որ Հայաստանում կը լինեն անձինք, ովքեր կարդարացնեն Ադրբեջանի երէկւայ ներխուժումը Սեւ լիճ՝ ասելով. «30 տարի շարունակ այս պետութիւնը բռնազաւթել էր եւ մտել մէկ ուրիշ պետութեան սահմաններ…», եւ ուրեմն «Ինչ-որ պահի պէտք է կանգ առնել եւ չգոչել, չճչալ այդքան ցաւագին, երբ ադրբեջանցիները մի կիլոմետր առաջ են եկել»,- սա մէջբերում է հայ գիտնականից։ Պարզւում է՝ ոչ միայն կան, ոչ միայն նրանք լուրջ մտաւորական շրջանակներ են, ոչ միայն իրենց ձախ են հռչակել, «ձախ» խմբաւորումների անդամ են, այլեւ ունեն համախոհների լայն շրջանակ, արտասահմանեան մամուլում հարցազրոյցներ են տալիս՝ մեղադրելով հայկական կողմին։

Ներքոդրեալ այդ անձի գրութեանը փորձում էի պատասխանել՝ որ 100 տարի թուրքական տարբեր ազգեր հայերին բնաջնջում են, որ, հայերի ցեղասպանութիւնը Օսմանեան կայսրութիւնից փոխանցւեց Կովկասի թաթարներ կոչւող թուրքական ցեղին, որը սկսեց բնաջնջել հայերին Բաքւում, Շուշիում, Նախիջեւանում։ Որ Արցախը այն կղզեակներից էր, որ փորձում էր դիմադրել այդ բնաջնջմանը, որ ինքնորոշւելու իր դիմադրութեանը թուրք-ադրբեջանցիները պատասխանեցին Սումգայիթի, Կիրովաբադի ու Բաքւի արդէն երկրորդ ջարդերով ու պատերազմով՝ զէնքով եկան, որ կոտորեն Արցախի բնակչութեանը եւ պարտւեցին։ Արդարամիտ դիտորդը կընդունի, որ Արցախի պայքարը արդար է, եթէ միայն նայի քարտէզին տեսնելու համար, թէ երբեմնի հայերով բնակեցւած ծովից ծով Հայաստանից մնացած ինչ չնչին տարածքի վրայ են հայերը ծւարել  թուրքական լայնարձակ պետութիւնների արանքում։ Եւ հայերին մեղադրելը, որ պաշտպանական գիծ էին գծել բուն Արցախի ու Հայաստանի տարածքից դուրս, մեղմ ասած անարդար է, իսկ աւելի ստոյգ՝ փաստաբանութիւն է դահճին։

Ի պատասխան այն մեղադրանքի, թէ այլ պետութեան տարածք են հայերը մտել. յանուն արդարութեան եթէ անհրաժեշտ է, նաեւ պէտք է մտնես այլ պետութեան տարածք (ինչպէս Կուբան արդարութիւնը պաշտպանելու համար զօրք էր մտցրել Անգոլա)։

Ասէի՝ ի՞նչ ես խօսում՝ «Ղարաբաղեան կոնֆլիկտը՝ կենդանի թէ մեռած, ունի մէկ իմաստ եւ նշանակութիւն՝ ծառայել փողի իշխանութեանը», որտե՞ղ էր փողի իշխանութիւնը՝ Ղարաբաղի մելիքութիւններից սկսած մինչեւ 1988-ի շարժման մէջ, 1990-ականների ազատգրական մարտերում, ուր բազմաթիւ անձինք պատերազմ էին մեկնում իմանալով, որ կարող է զոհւեն, ո՞վ կարող էր այսպէս վարկաբեկել 200 տարուց աւել ձգւող Ղարաբաղի ազատագրական պայքարը. թո՞ւրքը։ պարզւում է նաեւ այն հաստատութեան գիտաշխատողը, որտեղ պահւող մատեանների մի ստւար մասը փրկւել է թուրքական բնաջնջումից, այս խօսքը Հայաստանի Մատենադրանի գիտաշխատողն է ասում։

Բայց ինչ փորձում էի գրել, այնքան յայտնի ճշմարտութիւն էր թւում, որ ի վերջոյ դադար առայ, որոշեցի մեծ մէջբերում դնել նրանից (ամբողջի յղումը մեկնաբանութեան մէջ)։

Եւ մի բան, եթէ հասկացել էք թէ ինչու Հայաստանը պարտւեց եւ փնտրում էք եւս մի պատճառ, ապա խնդրեմ, եւս մէկը՝ որ Հայաստանի Մատենադրանում այսպիսի գիտաշխատողներ կան (հնարաւո՞ր է պատկերացնել Իսրայէլի գիտական հաստատութիւնում գերմանական նացիզմի կողմնակից)։

Հեղինակ՝ Գայանէ Այւազեանը Մաշտոցի անւան Մատենադրանի գիտաշխատող.

«30 տարի շարունակ այս պետութիւնը բռնազաւթել էր եւ մտել մէկ ուրիշ պետութեան սահմաններ: Մենք, իհարկէ, համարում ենք, որ Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերն էին իրենց տիրապետութեան տակ առել եւ պահում Ադրբեջանի եօթ շրջանները: 30 տարի շարունակ հայկական ինտերւենցիայի արդիւնքում հարիւր հազարաւոր մարդիկ են դարձել փախստական, լքել իրենց տները, քաղաքներ ու գիւղեր են քանդւել, մշակութային եւ մարդկային կորուստներ եղել: Այս ամէնը եղել է: Մենք հանգիստ ու հանդարտ ապրում էինք այս իրողութեան հետ: Հասկանալի է՝ մենք չէինք անձամբ քշել այս մարդկանց իրենց տներից, մենք մարդ չենք սպանել անձամբ: Հասկանալի է՝ մենք վատ կրթութիւն ենք ստացել, մեզ ճիշտը չեն ասել, խաբել են: Հասկանալի է՝ մենք աղքատ ենք եւ զրկւած ենք եղել հաղորդակցութեան միջոցներից, ճանապարհներից, շատ տեղ չենք գնացել, շատ բան չենք լսել: Բայց այս ամէնը անվերջ չի կարող արդարացնել եւ սնել քաղաքական անմեղսունակութիւնն ու ազգայնական էգոիզմը: Այդպէս չի լինում: Ինչ-որ պահի պէտք է կանգ առնել եւ չգոչել, չճչալ այդքան ցաւագին, երբ ադրբեջանցիները մի կիլոմետր առաջ են եկել: Քանի՞ մարդ էր Հայաստանում ունեցել դիսկոմֆորտի զգացողութիւն Հայաստանի ռեւանշիստական իշխանութիւնների զաւթողական քաղաքականութիւններից»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։