Հա

Քաղաքական

16/05/2021 - 11:00

Հայաստանը կարող է դառնալ բաւականին հետաքրքիր հարթակ ռուս-իրանական համագործակցութեան համար

Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սիւնիքի մարզի սահմանային գօտում առաջացած լարւածութեան հետ կապւած` իրանական կողմի արձագանքներին։

«alikonline.ir» - Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սիւնիքի մարզի սահմանային գօտում առաջացած լարւածութեան հետ կապւած` իրանական կողմի արձագանքներին։

Վարդան Ոսկանեանի փոխանցմամբ` իրանական լրատւամիջոցների տիրոյթում հայ-ադրբեջանական սահմանային միջադէպերի լուսաբանման առումով ակտիւ տեղեկատւական ու վերլուծական հոսք կը լինի այսօրւանից, որովհետև շաբաթը մահմեդականների երկուշաբթին է, եւ այդ առումով արդէն իսկ լայն արձագանք կայ Իրանի ԱԳՆ խօսնակի պաշտօնական յայտարարութեան հետ կապւած։

«Դա, ըստ էութեան, հաւասարակշիռ յայտարարութիւն էր` միտւած բոլոր խնդիրները խաղաղ եղանակով լուծելուն։ Այս համատեքստում իրանեան փորձագիտական շրջանակների գնահատականներին պէտք է սպասել առաջիկայ օրերին։ Այդուհանդերձ, լրատւութիւնն օբիեկտիւ է` հիմնւած տարբեր տեղեկատւական հոսքերի վրայ, մինչդեռ Հայաստանի պարագայում ունենք լրատւական քաոսի տարրեր, երբ իրարամերժ յայտարարութիւններ են լինում նաեւ պաշտօնական աղբիւրներից»,- նշեց իրանագէտը։

Ոսկանեանի պնդմամբ` Իրանում բաւականին մեծ դերակատարում ունի նաեւ սոցցանցային տիրոյթը, յատկապէս Telegram ալիքների հատւածը, որոնց միջոցով նոյնպէս տարածւում է օբիեկտիւ տեղեկատւութիւն, չնայած կան նաեւ անկառավարելի պանթուրքական գաղափարախօսութիւն դաւանող ալիքներ, որոնք արտացոլում են ադրբեջանական կողմի աղճատւած տեսակէտները։

«Հարեւան երկրում առկայ դիրքորոշումները մշտապէս տեղաւորւում են երկու տիրոյթում, նախ խօսքը վերաբերում է պաշտօնապէս արւած յայտարարութիւններին, որոնց միջոցով փորձ է արւում հաւասարակշիռ մօտեցում ցուցաբերել, բայց առաւել կարեւոր էր Երեւանում Իրանի ԱԳ նախարարի կողմից արւած յայտարարութիւնը, ըստ որի` Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն Իրանի համար կարմիր գիծ է, որը չի կարելի հատել։ Շատ բան կախւած է նաեւ այն հանգամանքից, թէ ինչպէս պէտք է Հայաստանն աշխատի Իրանի հետ»,- նշեց ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչը։

Ոսկանեանի խօսքով` միւս կարեւոր հանգամանքն այն է, որ իրանցիներն աշխատում են ոչ միայն հայերի ու ադրբեջանցիների, այլեւ Ռուսաստանի Դաշնութեան հետ եւ տարածաշրջանային կարեւոր խնդիրները բնականաբար քննարկւում են դաշնակից գերտէրութիւնների միջեւ, հետեւաբար, եթէ Հայաստանում լինի մարտահրաւէրներին պատշաճ արձագանքող իշխանութիւն, ապա մենք կարող ենք դառնալ բաւականին հետաքրքիր հարթակ ռուս-իրանական համագործակցութեան համար։

Յիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարւածութեանն առնչւող յայտարարութիւնը հնչեցրել էր Իրանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:

Նա նշել է, որ Իրանն ուշադիր հետեւում է վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի զարգացմանը եւ յուսով է, որ հակասութիւնները հնարաւոր կը լինի արագ լուծել խաղաղ ճանապարհով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։