Հա

Քաղաքական

17/05/2021 - 11:25

«Պետութեան աւարտը սկսում է բանակի ապալեգիտիմացումից». Անդրանիկ Թեւանեան

Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

44-օրեայ պատերազմը ոչ միայն պետական ու մարդկային ողբերգութիւն էր, այլ նաեւ 44-օրեայ ինտենսիւ ստերի մատուցման դիւերսիոն գործընթաց։

«alikonline.ir» - Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«44-օրեայ պատերազմը ոչ միայն պետական ու մարդկային ողբերգութիւն էր, այլ նաեւ 44-օրեայ ինտենսիւ ստերի մատուցման դիւերսիոն գործընթաց։

Սրանք այնքան են ստել, որ պաշտօնական բոլոր հաղորդագրութիւններն այլեւս հակառակ իմաստով են ընկալւում գիտակից մարդկանց կողմից։

Յետանկախական շրջանում թերեւս միակ պետական կառոյցը, որի լեգիտիմութիւնը կասկածի տակ չէր դրւում, բանակն էր (թէեւ թուրքական 5-րդ շարասիւնը տարիների ընթացքում ահագին վարկաբեկել էր այն)։

44 օրում Նիկոլ Փաշինեան-Արայիկ Յարութիւնեան-Արծրուն Յովհաննիսեան եռեակը հողին հաւասարեցրեց բանակի եւ ի վերջոյ՝ պետութեան լեգիտիմութիւնը. պաշտօնեաների խօսքը զրօ վստահութիւն ունի։ Դա է պատճառը, որ ՀՀ պաշտպանութեան նախարարութեան եւ ընդհանրապէս բոլոր պետական մարմինների տարածած հաղորդագրութիւններին որեւէ մէկը չի հաւատում։

Երբ մարդիկ պաշտօնեաներից լսում են, որ ամէն ինչ կարգին է, անմիջապէս խուճապի են մատնւում, քանզի տեսել են, թէ ինչ է տեղի ունեցել «Յաղթելու ենք» կարգախօսի ներքոյ։

Հիմա մեր ՊՆ-ը հաղորդագրութիւն է տարածում Սիւնիքում ու Գեղարքունիքում տիրող վիճակի կապակցութեամբ, իսկ բարձրաստիճան պաշտօնեաներից մէկը մարտական լուսանկար է հրապարակում լճերից մէկի մօտից՝ ցոյց տալու համար, թէ իբր ամէն ինչ կարգին է, բայց որեւէ նորմալ մարդ չի հաւատում սրանց ասածներին կամ արածներին։

Ժողովրդական խօսք կայ. սուտասանի տանը հրդեհ է բռնկւում, կանչում է օգնութեան, որեւէ մէկը չի արձագանքում, քանզի մտածում են, որ հերթական «փչոցն» է։ Այսինքն՝ եթէ անգամ հազւադէպ ճիշտ բան ասեն սրանք, միեւնոյն է հաւատացող չկայ։

Յ.Գ. Սովետական միութիւնը փլուզւեց, երբ կորաւ հաւատն իշխող գաղափարախօսութեան ու քարոզչական մեքենայի նկատմամբ։ Բազմաթիւ այլ պատճառներ էլ կային, իհարկէ, սակայն գլխաւորն այն էր, որ ինչ-որ պահից սկսած ԽՍՀՄ-ն արդէն լեգիտիմ չէր սովետական քաղաքացիների մտքերում եւ սրտերում։

Երբ «Վրեմեա» լրատւական ծրագիրը լսում ու հակառակն էին ընկալում, արդէն վերջն էր։ ԽՍՀՄ-ի վերջը։ Սարսափելի զուգահեռներ եմ անցկացնում, բայց ստիպւած եմ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։