Հա

Քաղաքական

18/05/2021 - 12:30

Ալիեւը գաղտնազերծում է գործակալներին

«Մեզ յաջողւեց պահպանել Արարատեան դաշտը, Երեւանը եւ մէկ արօտավայր Տաւուշում, կեցցէ Նիկոլ Փաշինեանը»,- ինչ-որ ժամանակ յետոյ այսպիսի բովանդակութեամբ հայտարարութիւններ կարող են հնչել, եթէ Նիկոլ Փաշինեանը շարունակի պահպանել իշխանութիւնը Հայաստանում։ Սիւնիքում ու Գեղարքունիքում տեղի ունեցող իրադարձութիւններն առանց պատերազմի Հայաստանն էքսպանսիայի ենթարկելու ցցուն օրինակներ են, իսկ ադրբեջանաթուրքական էքսպանսիան, ինչպէս յայտնի է, սահմաններ չունի։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

«Մեզ յաջողւեց պահպանել Արարատեան դաշտը, Երեւանը եւ մէկ արօտավայր Տաւուշում, կեցցէ Նիկոլ Փաշինեանը»,- ինչ-որ ժամանակ յետոյ այսպիսի բովանդակութեամբ հայտարարութիւններ կարող են հնչել, եթէ Նիկոլ Փաշինեանը շարունակի պահպանել իշխանութիւնը Հայաստանում։ Սիւնիքում ու Գեղարքունիքում տեղի ունեցող իրադարձութիւններն առանց պատերազմի Հայաստանն էքսպանսիայի ենթարկելու ցցուն օրինակներ են, իսկ ադրբեջանաթուրքական էքսպանսիան, ինչպէս յայտնի է, սահմաններ չունի։

Հիմա Ադրբեջանն առանց պատերազմի ցանկանում է ու վերցնում է այն, ինչի մասին Հայաստանում այլ իշխանութեան պարագայում կարող էր միայն երազել։ Հարցը՝ ինչո՞ւ է հիմա հնարաւոր դարձել անհնարին թւացողը, մեծ հաշւով, ունի երկու հնարաւոր պատասխան՝ կա՛մ Նիկոլ Փաշինեանն իսկապէս դաւադրութիւնների մասնակից է եւ յանձնում է Ալիեւի հետ գաղտնի պայմանաւորւածութիւններով խոստացած տարածքները, կա՛մ պատերազմում պարտւած նրա իշխանութիւնն այնքան թոյլ է, որ Ադրբեջանը գործում է ուժեղի դիրքից, իսկ հայկական կողմը ելնելով թուլութիւնից՝ չի կարողանում համարժէք պատասխանել։

Այսինքն՝ գործ ունենք կա՛մ դաւաճանութեան, կա՛մ իրողութեան հետ, որ Նիկոլ Փաշինեանը՝ յանուն իշխանութեան պահպանման, թշնամուն է զիջում հայկական տարածքները։ Երկուսն էլ հակապետականութեան դրսեւորումներ են։

Նիկոլ Փաշինեանի իշխանութեան համար Հայաստանը չափազանց թանկ գին է վճարում, հազարաւոր զոհերին աւելանում են ռազմավարական նշանակութեան տարածքները, վաղն այդ գինը կարող է բազմապատիկ աւելի դառնալ։

Հայաստանում ադրբեջանական ու թուրքական ազդեցութեան գործակալների մասին խօսում է մէկը, ով գլխաւորում է ադրբեջանաթուրքական երազանքներն իրականութիւն դարձրած իշխանութիւնը։ Գողը, ինչպէս յայտնի է, ամենաբարձրն է գոռում՝ բռնէք գողին։ Նոյնը, երեւի, գործակալների պարագային է։ Իրականում, սակայն, այս իրադարձութիւններով Ալիեւը գաղտնազերծում է իր իրական գործակալներին, որոնց մի մասը գուցէ տեղեակ էլ չէ, որ յատկապէս Ալիեւի գործակալն է։

Այս պայմաններում Հայաստանը պատրաստւում է ընտրութիւնների, որոնց մասնակցելու են ոչ միայն ու ոչ այնքան՝ ծագումով հայկական քաղաքական ուժերը, որքան դաշնակից ու թշնամական մայրաքաղաքների գործակալատէր գրասենեակները, այդ թւում՝ նրանք, որոնց գծագրած սցենարներով այս օրերին վերաձեււում է Հայաստանի պետական սահմանը։

Քաղաքական դաշտի ներկայացուցիչները, չհաշւած հերթապահ բաժակաճառերը, ընդհանուր առմամբ հաշտ են այս իրողութեան հետ եւ հաճոյքով մասնակցում են մի մրցութեան, որի նպատակը Հայաստանի սահմանների ադրբեջանաթուրքահաճոյ գծագրումն անշրջելի դարձնելն է։

Ինչ վերաբերում է ընտրութիւնների հիմնական սուբիեկտին ու շահառուին՝ հասարակութեանը, ապա տեղի ունեցողի նկատմամբ այն անտարբեր է համարեա այնքան, որքան միջազգային հանրութիւնը Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնձգութեան փաստի առթիւ։ Իսկ իշխանութիւնն անձնուրաց աշխատում է Երեւանն ու Արարատեան դաշտն անառիկ պահելու ազգափրկիչ ծրագրի վրայ, որը յարմար պահի կը վաճառւի՝ կեանքն անխռով վայելողներին։

 

168.am

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։