Հա

Քաղաքական

23/05/2021 - 10:50

«Տաւուշի 5 անկլաւներին տիրանալուց յետոյ Ադրբեջանը թուրք խաղաղապահներին տեղակայելու հարց կը բարձրացնի». Խաչատուր Ստեփանեան

168.am-ի «Ռէւիւ» հաղորդաշարի եթերում Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմութեան ամբիոնի վարիչ, պատմաբան Խաչատուր Ստեփանեանն անիրատեսական համարեց ադրբեջանցիների՝ մեր երկրի սահմանները լքելը՝ առանց ուժային յստակ հակազդեցութեան։

«alikonline.ir» - Մայիսի 12-ից ի վեր Ադրբեջանի Զինւած ուժերի ներկայացուցիչները ներխուժել են Հայաստանի Հանրապետութեան տարածք. ըստ Նիկոլ Փաշինեանի՝ ՀՀ-ում գտնւող ադրբեջանցի զինծառայողների թիւը 500-600 է, ըստ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանի՝ 3000։

Մայիսի 22-ի դրութեամբ ադրբեջանցիները շարունակում են գտնւել Հայաստանի տարածքում, իսկ ՀՀ իշխանութիւնը ջանքեր է գործադրում, որ ադրբեջանցիներն ինչպէս եկել են, այնպէս էլ հեռանան։

168.am-ի «Ռէւիւ» հաղորդաշարի եթերում Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմութեան ամբիոնի վարիչ, պատմաբան Խաչատուր Ստեփանեանն անիրատեսական համարեց ադրբեջանցիների՝ մեր երկրի սահմանները լքելը՝ առանց ուժային յստակ հակազդեցութեան։

«Եթէ փորձեն հակառակորդի զինւած ուժերի ներկայացուցիչներին հեռացնել դիւանագիտական ճանապարհով, ապա դա լինելու է հերթական անգամ ինչ-որ զիջումների գնալու ճանապարհով։ Մեր երկիրն այս պահին ի զօրու չէ սեփական իշխանութեամբ դիմադրել թշնամուն, եւ եթէ հարցը փորձի կարգաւորել դիւանագիտական ճանապարհով, ապա հետագայում բերելու է դա նոր բարդութիւնների. օրինակ՝ Ադրբեջանը կարող է որոշակի ժամանակ անց նորից զինւորներ մտցնել Հայաստան ու դրա դիմաց պահանջել նոր զիջումներ»,- ասաց պատմաբանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը յետ կարող է քաշւել միայն այն դէպքում, երբ իր առաջ տեսնի ուժեղ բանակ եւ պետութիւն, ինչպիսին տեսել է նախորդող 30 տարիների ընթացքում։

Նրա փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինեանը մանիպուլեացնում է հանրութեանը՝ յայտարարելով, թէ Վատիկանում ՀՀ նախկին դեսպանի հրապարակած եւ այս պահին սեղանին դրւած փաստաթուղթը 100 տոկոսով բխում է հայ ժողովրդի շահերից, քանի որ այդ փաստաթղթով ադրբեջանական կողմը պահանջում է Հայաստանից Տաւուշի մարզի անկլաւները, որոնք մեզ համար ունեն ռազմավարական նշանակութիւն։

«Այդ հինգ անկլաւները 1920-ական թւականների քարտէզներով եղել են Խորհրդային Հայաստանի կազմում, ամբողջ Ղազախի շրջանը՝ եւս, հետեւաբար՝ պէտք է այս քարտէզները հաշւի առնել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի պահանջած միւս տարածքին՝ Արարատի մարզի Տիգրանաշէն գիւղին, ապա դա յանձնելու պարագայում վտանգւում է ամբողջ այդ մարզի եւ Վայոց ձորի անվտանգութիւնը, եւ չի բացառւում, որ յաջորդիւ Ադրբեջանը մեզ պարտադրի այլ զիջումներ եւս։ Այդ ստորագրութիւնը բերելու է Տաւուշի, Սիւնիքի մարզերի մեկուսացման։ Ադրբեջանի պահանջած 5 անկլաւների հետ կապւած՝ Հայաստանն ունի բոլոր հնարաւորութիւնները որեւէ անկլաւ Ադրբեջանին չզիջելու, կամ բանակցութիւն վարելու, որ Արծւաշէնը փոխանակւի այս անկլաւների հետ (այսինքն` հրաժարւի Արծւաշէնից այդ 5 անկլաւների դիմաց.- Ա.Ս.)։ Եթէ Փաշինեանը սա չի կարողանում անել, ապա պէտք է գնայ, որ այդ գործը գան եւ անեն կարող ուժերը, որովհետեւ, եթէ Տաւուշի մարզի անկլաւներն անցան Ադրբեջանին, ապա ադրբեջանցիները կը հասնեն Սեւան ու օղակը կը սեղմեն Երեւանի շուրջ։ Այդ անկլաւները ռազմավարական կարեւոր բարձունքներ են մեզ համար ու ռազմավարական կարեւոր ճանապարհներ՝ դէպի Իրան եւ Վրաստան։ Ադրբեջանի պահանջած այդ հինգ անկլաւները միասին վերցրած՝ իրենց տարածքով շատ աւելի փոքր են, քան Արծւաշէնը, այնպէս որ, Ադրբեջանին ոչ թէ այդ գիւղերն են պէտք, այլ Հայաստանի համար կարեւոր ճանապարհների ու ռազմավարական բարձունքների վրայ վերահսկողութիւն սահմանելը։ Բացի այդ, Տաւուշի մարզի անկլաւները տալուց յետոյ նոր սահման է առաջանալու, եւ չի բացառւում, որ Ադրբեջանը բարձրացնի թուրք խաղաղապահներին այդ սահմաններին տեղակայելու հարցը, իսկ Հայաստանի չհամաձայնելու դէպքում էլ զիջումներ կորզի՝ սկսած տարածքներից, վերջացրած Հայաստանի ճանապարհներով առանց մաքսատուրքի օգտւելով։ Ժողովուրդը պէտք է շատ լաւ սա գիտակցի, որ Տաւուշի շրջանի գիւղերն Ադրբեջանին տալով՝ մեր սահմաններն էլ աւելի են երկարելու եւ լրացուցիչ զինւորներ տեղակայելու հարց է առաջանալու»,- ասաց նա։

Խաչատուր Ստեփանեանի փոխանցմամբ՝ քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի գլխաւոր նպատակ մէկն է՝ հայկական պետականութեան ոչնչացումը սեփական հայրենիքում, եւ, բնականաբար, նրանք չեն բաւարարւելու պանթուրքիզմի ճանապարհի սեպ համարւող Սիւնիքին տիրանալով, հիմա Տաւուշը վերցնելով՝ վտանգելու են Հայաստանի հիւսիս-արեւելքն ամբողջութեամբ եւ Հայաստան-Վրաստան երկու ճանապարհներից մէկը։

«Դրանից յետոյ ժամանակի ընթացքում ադրբեջանցիները պահանջելու են Սեւանայ լճի կէսը, յետոյ՝ միւս կէսը։ Մենք պարփակւելու ենք Երեւանի շուրջ, լաւագոյն դէպքում՝ կը դառնանք սպասարկող քաղաք-պետութիւն, վատագոյն դէպքում՝ կը վերանանք կամ կարող ենք փրկութիւն գտնել, ենթադրենք, Ռուսաստանի կազմում»,- ասաց պատմաբանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։