Print this page
24/05/2021 - 11:45

«Կէտ առ կէտ բացատրեմ, թէ ինչ հետեւանքներ է ունենալու Հայաստանի համար այն փաստաթուղթը, որը պատրաստւում է ստորագրել կապիտուլեանտ՝ Ն. Փաշինեանը». Վարուժան Գեղամեան

Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է սպասւող նոր եռակողմ փաստաթղթի հետեւանքներին.

«alikonline.ir» - Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է սպասւող նոր եռակողմ փաստաթղթի հետեւանքներին.

«Կէտ առ կէտ բացատրեմ, թէ ինչ հետեւանքներ է ունենալու Հայաստանի համար այն փաստաթուղթը, որը պատրաստւում է ստորագրել կապիտուլեանտ Ն. Փաշինեանը

- Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնն այն սահմաններով, որը թելադրում է Ադրբեջանը։ Այդ թւում բոլոր վիճելի տարածքներն անցնում են Ադրբեջանին։

- Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը՝ Հայաստանը վերջնականապէս հրաժարւում է հայկական Արցախից։ Որպէս արդիւնք՝ Արցախը վերջնականապէս հայաթափւում է։

- Հայաստանը Ադրբեջանին է յանձնում Տաւուշի եւ Արարատի մարզում գտնւող մի շարք տարածքներ (տե՛ս կից Սեդրակ Մկրտչեանի քարտէզները՝ յանձնւող տարածքների նշումով), որոնք ԽՍՀՄ տարիներին տարօրինակ որոշումներով տարբեր փուլերում տրւել են Խորհրդային Ադրբեջանին։ Ադրբեջանը հրաժարւում է Հայաստանին տալ հայկական անկլաւը (Արծւաշէնը)։ Եթէ նոյնիսկ այդպիսի բան լինի (չի լինի), ապա Արծւաշէնում, որը հեռու է ՀՀ-ից մօտ 7 կմ եւ բոլոր կողմերից շրջափակւած է Ադրբեջանով, որեւէ հայ մարդ բնակութիւն չի հաստատի։ Այսինքն՝ զիջման դիմաց մենք որեւէ բան չենք ստանում։

- Տարածքային զիջումների արդիւնքում Տաւուշի, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերում մենք ստանում ենք Ադրբեջան-Թուրքիա ուղիղ ռազմական ներկայութիւն, որոնք ամէն յարմար առիթի փորձելու են խորացնել այդ ներկայութիւնը եւ ճնշում գործադրել Հայաստանի վրայ՝ ճանապարհի օգտագործմանը խոչընդոտելուց մինչեւ առաջխաղացում։

- Նոյն տարածքային զիջումների արդիւնքում Հայաստանը զրկւում է արտաքին աշխարհի հետ կապող իր երկու հիմնական անվտանգ ճանապարհներից։ Իրանի հետ ճանապարհի Գորիս-Կապան հատւածը կապիտուլեանտի շնորհիւ արդէն դեկտեմբերից թուրքերի վերահսկողութեան տակ է, իսկ նոր զիջումներով թուրքերի վերահսկողութեան տակ կը յայտնւի նաեւ Վրաստանի հետ կապող հիմնական ճանապարհը (դրանով իսկ կը մեռնի «Հիւսիս-Հարաւ» ճանապարհի նախագիծը)։ Այսինքն «տրանսպորտային ապաշրջափակում» գեղեցիկ արտայայտութիւնը իրականութեան մէջ վերածւում է Հայաստանի լիարժէք շրջափակման։

- Հայաստանը Սիւնիքով յատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ՝ միջանցք է տալիս Թուրքիային եւ Ադրբեջանին, որը ամրագրւած է նոյեմբերի 9-ի կապիտուլեացիոն փաստաթղթով։ Հայաստանը որեւէ նման բան Ադրբեջանից չի ստանում։ Ադրբեջանով անցնող ճանապարհները ոչ միայն ձեռնտու չեն մեզ տարբեր առումներով, այլեւ որեւէ անվտանգային երաշխիք չունեն հայերի համար։ Այլ խօսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան ազատ կօգտւեն ճանապարհից, իսկ մենք՝ ոչ։

- Ադրբեջանը եւ Թուրքիան տարբեր միջոցներով ճնշում են գործադրելու, որպէսզի մենք հրաժարւենք սեփական բանակից (այդ թեմայով արդէն իսկ երկու երկրները աշխատում են, իսկ տեղական օկուպացիոն ռեժիմը սկսել է կրճատել բանակի թիւը)։ Մենք զրկւած ենք լինելու դիմադրելու որեւէ հնարաւորութիւնից

Որպէս արդիւնք՝ Հայաստանը զրկւում է իր աշխարհաքաղաքական կշռից, 5 տարւայ հեռանկարում վերջնականապէս կորցնում է Սիւնիքը եւ վերածւում է Թուրքիայի եւ Ադրբեջանի գաղութի։

Ֆորմալ առումով մենք պետութիւն դեռ կունենանք (դրօշ, գերբ, հիմն եւ այլն), բայց իրականութեան մէջ կը լինենք ամբողջապէս Թուրքիայի եւ Ադրբեջանի կամքից կախւած երկիր, որոնք կը թելադրեն մեր գոյութեան իրենց պայմանները։ Պիտի յիշեցնեմ նաեւ, որ վերջիններիս պլաններում այս տարածքում անկախ ու ուժեղ Հայաստան պետութեան գոյութիւնը անթոյլատրելի է, նրանք հետեւողական թուլացնելու են Հայաստանը, ինչպէս որ արել են մինչ այս պահը։

Ու եթէ ձեզ թւում է, որ նոյնիսկ այսպիսի նւաստացուցիչ պայմաններում կարողանալու էք հանգիստ ձեր հացը վաստակել ու անվտանգ քնել, ապա չարաչար սխաւում էք։

Չէ՞ք հաւատում։ Հարցրէք Կիպրոսի յոյներին, Սիրիայի հայերին կամ սիւնեցիներին։

ՀԵՏԵՒՈՒԹԻՒՆ

Հայաստանի դէ ֆակտօ թուրքամէտ իշխանութեան պարագլուխը պատրաստւում է ստորագրել Հայաստանի ԵՐԿՐՈՐԴ կապիտուլեացիան, որից կարելի էր հանգիստ խուսափել, եթէ նոյեմբերից մենք մերժած լինէինք այս իշխանութեանը։

Այսօր նոր կապիտուլեացիայի ստորագրմանը կարող է խանգարել միայն ժողովրդական անհամաձայնութիւնը։

Բացատրէ՛ք սա ձեր ընկերներին, բարեկամներին ու ինքներդ ինքնակազմակերպւէ՛ք, մի՛ սպասէք որեւէ մէկին։ Մի՛ տրւէք էժան շանտաժի։ Հայաստանում կան վատ ու լաւ ղեկավարներ, բայց դաւաճանը մէկն է, որին պէտք է կանգնեցնել եւ հեռացնել։

Իմ պարտքն է զգուշացնել, որ Հայաստանը այս երկրորդ կապիտուլեացիայից կարող է եւ երբեք չվերականգնւել»։

 

Յարակից լուրեր