Հա

Քաղաքական

25/05/2021 - 12:55

«Որոշ պաշտօնեաներ ՀՀ սահմանների մասին անում են խիստ վտանգաւոր, անպատասխանատու յայտարարութիւններ, որոնք թմրեցնում են ժողովրդի զգօնութիւնը եւ հակասում բնակչութեան օրինական շահերին». Ա. Թաթոյեան

Որոշ պաշտօնեաներ ու հանրային գործիչներ վերջին օրերին ՀՀ սահմանների մասին անում են խիստ վտանգաւոր յայտարարութիւններ, խօսում են մեխանիկական մօտեցումներով՝ յղումներ անելով պարզապէս ինչ որ քարտէզների կամ ուղղակի օգտագործելով «սահմանազատում» ու «սահմանագծում» բառերը: 

«alikonline.ir» - Որոշ պաշտօնեաներ ու հանրային գործիչներ վերջին օրերին ՀՀ սահմանների մասին անում են խիստ վտանգաւոր յայտարարութիւններ, խօսում են մեխանիկական մօտեցումներով՝ յղումներ անելով պարզապէս ինչ որ քարտէզների կամ ուղղակի օգտագործելով «սահմանազատում» ու «սահմանագծում» բառերը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«Այդ պաշտօնեաներին ու հանրային գործիչներին զգուշացնում եմ՝ ձեր մեխանիկական յայտարարութիւններն ուղղակիօրէն հակասում են ՀՀ ողջ բնակչութեան ու առաջին հերթին սահմանային բնակիչների իրաւունքներին ու օրինական շահերին:

Այդ անպատասխանատու յայտարարութիւնները թմրեցնում են մեր ժողովրդի զգօնութիւնը, երկարաժամկէտ հեռանկարում վտանգում են մեր երեխաների իրաւունքներն ու խաղաղ ապագան:

Ճիշտ սահմանազատումը մարդու իրաւունքների կարեւոր երաշխիք է, բայց չի կարելի սահմանազատման հարցերին վերաբերւել մեխանիկական մօտեցումներով:

Սահմանազատումն ուղիղ ազդցեցութիւն ունի մեր սահմանային գիւղերում ու քաղաքներում ապրող մարդկանց իրաւունքների (սեփականութեան, հողագործութեամբ ու անասնապահութեամբ զբաղւելու, արժանապատիւ, անվտանգ ու խաղաղ ապրելու եւ այլ իրաւունքներ) վրայ:

Չպէտք է մոռանալ, որ ադրբեջանական բարձրագոյն իշխանական մակարդակում Հայաստանն ու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին համարւում են թշնամի, իսկ հայատեացութիւնն ունի պետական հովանաւորչութիւն: Չպէտք է մոռանալ, որ ադրբեջանական զինւած ծառայողները ընդամէնը մի քանի ամիս առաջ խոշտանգում ու գլխատում էին մեր հայրենակիցներին ու դրա համար նրանք ոչ միայն չեն ենթարկւել պատասխանատւութեան, այլ դա միայն խրախուսւել է: Չպէտք է մոռանալ զինւած յարձակումների դադարից յետոյ Սիւնիքում ու Գեղարքունիքում ադրբեջանական զինւորականների կողմից մարդու իրաւունքների խախտումների մասին, ինչպէս նաեւ այն մասին, որ որ ադրբեջանական իշխանութիւնները մինչ օրս հրաժարւում են վերադարձնել մեր գերիներին՝ մարդու իրաւունքների միջազգային երաշխիքների կոպիտ խախտումներով:

Պէտք է անել ճիշտ հակառակը՝ սահմանազատումը պէտք է իրականացնել միայն անվտանգութեան գօտի ստեղծելուց յետոյ կամ առնւազն դրան զուգահեռ:

Եւս մէկ անգամ յատուկ ընդգծում եմ, որ առկայ պայմաններում Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգութեան գօտու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու յատկապէս ՀՀ սահմանային բնակիչների իրաւունքները, այլ կը դառնայ իրաւունքների նոր խախտումների ու նոր լարւածութեան պատճառ, չի ապահովելու խաղաղութիւն տարածաշրջանում»,- գրել է Թաթոյեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։