Հա

Քաղաքական

26/05/2021 - 12:50

«Քւէարկե՞լ, թէ՞ ոչ»․ Արմէն Գէորգեան

Նախկին փոխվարչապետ Արմէն Գէորգեանը տելեգրամեան իր ալիքում գրում է․

«alikonline.ir» - Նախկին փոխվարչապետ Արմէն Գէորգեանը տելեգրամեան իր ալիքում գրում է․

«Քւէարկե՞լ, թէ՞ ոչ:

Իմ մարզային այցերի եւ ընտրողների հետ հանդիպումների ընթացքում նկատել եմ մի կարեւոր միտում. Շատ քաղաքացիներ կա՛մ դեռ չեն որոշել մասնակցել քւէարկութեանը, կա՛մ մտադիր չեն մասնակցել: Նրանց թիւը շատ մեծ է: Կը ցանկանայի կիսւել, թէ որքան կարեւոր է, որ հնարաւոր շատ քաղաքացիներ մասնակցեն ընտրութիւններին:

1. 2018-ի դեկտեմբերին անցկացւեցին արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ: Դրանք յիշւում են այն փաստով, որ Նիկոլը հաւաքեց 70 տոկոս ձայն: Յետոյ նա օգտագործեց այսպէս կոչւած բարձր լեգիտիմութիւնը մեր երկրի համար աղէտալի քաղաքականութիւնն իրականացնելու համար: Փաստօրէն, նշենք, որ բնակչութեան միայն 30 տոկոսն է քւէարկել Նիկոլի եւ նրա ուսապարկերի օգտին, կամ քւէարկելու իրաւունք ունեցողների ոչ աւելի, քան 35 տոկոսը: Իսկ ընտրութիւններին մասնակցութեան ցուցանիշը Հայաստանի պատմութեան մէջ ամենավատն էր՝ 49 տոկոս: Սա Հայաստանում իշխանութեան ձեւաւորման ամենացածր հանրային լեգիտիմութեան ցուցանիշն է:

2. Այսօր Նիկոլը ելնում է այն նախադրեալից, որ ընտրութիւններին մասնակցութիւնը չպէտք է բարձր լինի: Օգտագործելով վարչական ռեսուրսներ՝ նա եւ իր թիմը կը ձգտեն մոբիլիզացնել իրենց կողմնակիցների առաւելագոյն քանակը քւէարկելու համար: Դա նրանց հնարաւորութիւն կը տայ ցածր մասնակցութեան դէպքում կրկին ձայների բարձր տոկոս հաւաքել իրենց օգտին: Այդ պատճառով նրանք տեղերում սկսել են իրական տեղեկատւական եւ իրաւական տեռոր. Ստեղծել վախի մթնոլորտ եւ ընտրութիւնների արդիւնքների կանխորոշւածութեան զգացողութիւն, որպէսզի հնարաւոր ամենափոքր թւով մարդիկ ընդդիմադիր գործունէութիւն ծաւալեն եւ իրականացնեն հակաիշխանական քարոզչութիւն:

3. Բոլորիս համար կարեւոր է հասկանալ, որ, ի տարբերութիւն մեր նախորդ բոլոր ընտրութիւնների՝ հիմա որոշւում է ոչ թէ իշխանութեան հարցը, այլ` արդեօ՞ք Հայաստանը պէտք է լինի անկախ, թէ ոչ: Որոշ չափով դրանք ունեն անկախութեան հանրաքւէի նշանակութիւնը: Իր գոյութիւնից 30 տարի անց երկիրը կանգնեց նոր ընտրութեան առջեւ՝ կա՛մ լինել թուրքական կոալիցիայի կցորդ եւ կորցնել արժանապատւօրէն զարգանալու հնարաւորութիւնը, կա՛մ պահպանել իր ինքնիշխանութիւնը եւ կրկին դառնալ ուժեղ եւ կազմակերպւած պետութիւն:

4. Աշխարհի շատ երկրներում դեռ կայ նորմ, ըստ որի քաղաքացիների քւէարկութեանը մասնակցելը պարտադիր է: Մենք այս աւանդոյթը դեռ չունենք: Այն օգնում է մեր նման երկրներին ստեղծել քաղաքացիական հասարակութեան ամուր հիմքերը, ձեւաւորել քաղաքացիական գիտակցութիւն եւ ընտրողների ակտիւ դիրքորոշում: 20-րդ դարում զարգացած շատ ժողովրդավարական երկրներ նոյնպէս անցել են այս ուղիով: Մենք բոլորս պէտք է մի պահ պատկերացնենք, որ նոյնպէս ունենք այս կանոնը եւ անպայման մասնակցենք քւէարկութեանը: Չմասնակցելը հաւասարազօր է ձեր ձայնը Նիկոլին ու նրա խունտային տալուն:

5. Նիկոլն ու իր թիմը յոյս ունեն, որ ընտրութիւնների միջոցով կը կարողանան պահպանել իրենց իշխանութիւնը: Հասարակութիւնում արդէն կայ այն մասը, որը երբեք չի համաձայնւի նման իրավիճակի հետ: Ակտիւ մասնակցութիւնը ընտրութիւններին պէտք է ցոյց տայ, որ եթէ Նիկոլն եւ նրա ուսապարկերը ընտրազանգւած ունեն, ապա այն ճնշող փոքրամասնութիւն է, որը այլեւս չի կարողանայ ազդել երկրի զարգացման գործընթացների վրայ: Հաւատացէք, առանց իշխանական լծակների եւ տեղեկատւական ռեսուրսների հասանելիութեան, Նիկոլի ամենաջերմեռանդ համակիրները շատ շուտով անիծելու են իրենց կուռքին, երբ պարզւեն մանրամասները, թէ ինչեր էին անում Նիկոլն ու նրա ուսապարկերը, եւ թէ ինչպէս են անպիտան ղեկավարել պետութիւնը վերջին երեք տարիների ընթացքում:

Ես բոլորին կոչ եմ անում ակտիւօրէն մասնակցել ընտրութիւններին: Հայաստանում ապագայ կայ, բայց առանց Նիկոլի»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։