Հա

Քաղաքական

26/05/2021 - 18:00

«Իրանի հետ քննարկումները կրում են ռազմավարական բնոյթ». Նիկոլ Փաշինեան

ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆին:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆին: «Արմէնպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:

Ողջունելով Իրանի ԱԳ նախարարի այցը Երեւան՝ Նիկոլ Փաշինեանը նշել է. «Իրանի հետ մեր յարաբերութիւնները եւ հարեւանութիւնը ռազմավարական նշանակութիւն ունեն: Անկախութեան առաջին տարիներից Իրանի հետ մեր ունեցած սահմանն ապահովել է մեր երկրի անվտանգութիւնը մի շարք առումներով: Ուրախ եմ արձանագրել, որ Իրանում նոյնպէս այդպիսի ընկալում կայ մեր հարեւանութեան եւ յարաբերութիւնների վերաբերեալ:

Իհարկէ, երկար տարիներ մեր տնտեսական կապերը զարգացել են, յատկապէս Սիւնիքի մարզում միշտ առկայ է եղել ընդհանուր ծրագրերի շատ մեծ հետաքրքրութիւն: Մենք Մեղրիում ազատ տնտեսական գօօտի ենք ստեղծել Իրանի հետ տնտեսական յարաբերութիւնները խորացնելու համար: Մի շարք հանգամանքների, այդ թւում՝ կորոնավիրուսի պատճառով այդ ազատ տնտեսական գօտին դեռ բաւարար թափ չի ստացել, բայց համոզւած ենք, որ դա կարող է դառնալ մի շատ կարեւոր յենման կէտ՝ մեր յարաբերութիւնների տնտեսական հատւածի հետագայ զարգացման համար:

Մենք իհարկէ հետաքրքրւած ենք նաեւ, նախկինում էլ քննարկել ենք մեր քաղաքական բարձր մակարդակի յարաբերութիւններն աւելի խորացնելու հարցը: Անվտանգային ոլորտում նոյնպէս քննարկումներ ունենք, օրակարգում առկայ են որոշակի հարցեր, եւ մեր խօսակցութիւնների ու քննարկումների բնոյթը ռազմավարական է: Մենք պէտք է ջանքեր գործադրենք յաջողութեան հասնելու համար:

Դուք տեղեակ էք, որ վերջին շրջանում որոշակի լարում ունենք Ադրբեջանի հետ սահմանին: Ադրբեջանի զինւած ուժերի ստորաբաժանումները մի քանի հատւածներում ապօրինի կերպով հատել են Հայաստանի սահմանը: Մեր դիրքորոշումը միանշանակ է, որ Ադրբեջանի զինւած ուժերի ստորաբաժանումները պէտք է հեռանան մեր տարածքից: Եւ մենք սրա համար առաջին հերթին քաղաքական-դիւանագիտական ջանքեր ենք գործադրում, նաեւ այն պատճառով, որ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան մեր գործընկերները հէնց առաջին օրերից յորդորում են մեզ, որպէսզի փորձենք հարցը լուծել առաջին հերթին դիւանագիտական-քաղաքական ճանապարհով։ Տեղեակ էք, որ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի համաձայն՝ ռազմական գործողութիւնները մեր երկրի տարածքում կը նշանակի, որ պատերազմի մէջ ներքաշւում են նաեւ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան միւս երկրները։ Իհարկէ մեր ցանկութիւնն է նաեւ, որ հարցը լուծւի դիւանագիտական-քաղաքական ճանապարհներով։ Ցաւօք, կարող եմ արձանագրել, որ այս իրավիճակում երէկ արդէն մենք ունեցանք զոհ։ Ադրբեջանի զինւած ուժերի ներկայացուցիչների կողմից արձակւած հրազէնային կրակից սպանւել է Հայաստանի զինւած ուժերի զինծառայող։ Այնպէս որ, իրադրութիւնը բաւականին լարւած է եւ այս հանդիպումը լաւ առիթ է, որպէսզի ծանօթանանք նաեւ իրավիճակի յաղթահարման վերաբերեալ Իրանի Իսլամական Հանրապետութեան տեսակէտներին»։

Իր հերթին, Իրանի ԱԳ նախարարը նշել է. «Շնորհակալութիւն մեծարգոյ վարչապետ, թոյլ տւէք շնորհակալութիւն յայտնել հանդիպման այս առիթը իմ եւ իմ գործընկերներին ապահովելու համար։ Եւ թոյլ տւէք նաեւ մեծարգոյ պարոն Ռոհանիի, ինչպէս նաեւ պարոն Ջահանգիրիի ջերմ ողջոյնները փոխանցել Ձեզ։ Հայաստանը միշտ մեր լաւ բարեկամն է եղել եւ երկու երկրների ժողովուրդների յարաբերութիւնները գալիս են դարերի խորքից: Իրանի եւ Հայաստանի միջեւ համագործակցութեան ոլորտները բազմաթիւ են եւ այս վերջին երկու օրւայ ընթացքում Իրանի քաղաքաշինութեան ու ճանապարհների նախարարի այցը դրա վառ վկայութիւնն է, որը շատ յաջողւած այց էր։

Եւ յուսով եմ՝ այս պանդեմիայի աւարտից յետոյ մենք կը կարողանանք տնտեսական ոլորտում երկկողմ յարաբերութիւններն աւելի զարգացնել։ Մեղրիի ազատ տնտեսական գօտին, ինչպէս նաեւ Իրան-Նախիջեւան-Հայաստան երկաթգծի առկայութիւնը շատ արդիւնաւէտ կարող է լինել երկու երկրների համար։ Լաւ համաձայնութիւն է ձեռք բերւել։ Եւ յուսով եմ՝ առաջիկայում կը կարողանանք ակտիւ ներկայութիւն ապահովել Սիւնիքի մարզում: Սա այն կարեւորութիւնն է, որ մենք տալիս ենք երկկողմ յարաբերութիւններին։ Ռազմավարական շատ երկխօսութիւն եմ ունեցել Հայաստանի գործընկերների հետ եւ առաջին իսկ պատեհ առիթով մեր ներկայացուցիչը, մեր բանակցողը կը գայ Հայաստան ու կը արունակի այդ երկխօսութիւնը:

Շատ կարեւոր հարցեր կան ե՛ւ երկկողմ, ե՛ւ տարածաշրջանային շրջանակում, որին պէտք է հետամուտ լինել: Մենք ցանկանում ենք խաղաղութիւն հաստատւի այս տարածաշրջանում: Եւ միշտ ընդգծել ենք տարածքային ամբողջականութեան, ինքնիշխանութեան եւ ճգնաժամերի խաղաղ լուծման մասին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը շատ կարեւորում է միջազգային իրաւունքին յարգանքով վերաբերւելը: Այս շրջանակում վերջին սրացումները լուծելու նպատակով, մեր երկրից երեք այց է իրականացւել Հայաստան: Առաջին այցով ես եմ այցելել, ինձնից յետոյ մեր յատուկ ներկայացուցիչ-բանագնացն է այցելել Հայաստան եւ այժմ դարձեալ ես եմ այցելում Հայաստան:

Ցաւում եմ, որ այս նոր սրացման հետեւանքով զոհ էք ունեցել: Երէկ ես շատ մանրամասն եւ բովանդակալից խօսակցութիւն եմ ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Յուսով եմ՝ այսօրւայ մեր հանդիպումը, ինչպէս նաեւ իմ հանդիպումը, որ ունեցել եմ իմ յարգարժան գործընկերոջ հետ, կը կարողանայ նպաստել, որպէսզի այս ճգնաժամը լուծում ստանայ: Եւս մէկ անգամ շնորհակալութիւն եմ յայտնում»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծւած իրավիճակի հանգուցալուծմանն ուղղւած քայլերը: Իրանի ԱԳ նախարարը շեշտել է իր երկրի շահագրգռութիւնը՝ տարածաշրջանի կայունութեան ապահովման, Հայաստանի տարածքային ամբողջականութեան լիարժէք պահպանման ու ապահովման հարցում:

Նիկոլ Փաշինեանը եւ Մոհամմադ Ջաւադ Զարիֆն անդրադարձել են նաեւ տնտեսութեան ոլորտում երկու երկրների փոխգործակցութեան հետագայ զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի: Կարեւորւել է փոխգործակցութեան շարունակական զարգացումը գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի շրջանակում, մասնաւորապէս, անհրաժեշտ է համարւել ծրագրի ժամկէտի երկարաձգումը, գազի եւ էլեկտրաէներգիայի ծաւալների մեծացումը, ենթակառուցւածքների զարգացման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը, կրթութեան, մշակոյթի բնագաւառներում յարաբերութիւնների ընդլայնումը:

ՀՀ վարչապետի պաշտօնակատարը եւ Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, կայունութեան ու խաղաղութեան ապահովմանը միտւած քայլերի, այդ գործում երկու երկրների սերտ փոխգործակցութեան շուրջ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։