Հա

Քաղաքական

26/05/2021 - 18:30

ՀՀ նախագահն ու Իրանի արտգործնախարարն քննարկել են հայ-իրանական երկկողմ օրակարգը

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն հիւրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆին եւ նրա գլխաւորած պատւիրակութեանը:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն հիւրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆին եւ նրա գլխաւորած պատւիրակութեանը: «Արմէնպրես»-ին այս մասին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը ողջունել է բարեկամ Իրանի արտգործնախարարի այցը եւ ընդգծել, որ Հայաստանն Իրանին համարում է վստահելի գործընկեր ու բարեկամ հարեւան: Նրա խօսքով՝ տարածաշրջանում ստեղծւած բարդ իրավիճակի պայմաններում չափազանց կարեւոր են դարձել Հայաստանի եւ Իրանի միջեւ յարաբերութիւնների առաւել զարգացումն ու խորացումը:

ՀՀ նախագահ Սարգսեանն անդրադարձել է նաեւ ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի տարածք ներխուժելու փաստին եւ սահմանային իրավիճակին՝ նշելով, որ Ադրբեջանն իր սադրիչ գործողութիւններով նոր սպառնալիք է ստեղծում ողջ տարածաշրջանի համար:

Մոհամմադ Ջաւադ Զարիֆը շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար՝ ՀՀ նախագահ Սարգսեանին է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջոյնները: Նա նշել է, որ Հայաստանը միշտ էլ Իրանի լաւ բարեկամն է եղել, եւ երկու երկրների ժողովուրդների յարաբերութիւնները գալիս են դարերի խորքից: Արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը շեշտել է, որ Իրանը կողմնակից է տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանն ու կայունութեան ապահովմանը եւ պատրաստ է հնարաւոր ջանքերը ներդնել այդ ուղղութեամբ: Նա միեւնոյն ժամանակ շեշտել է իր երկրի շահագրգռւածութիւնը՝ Հայաստանի տարածքային ամբողջականութեան լիարժէք պահպանման ու ապահովման հարցում՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կարեւորում է յարգանքը միջազգային իրաւունքի նորմերի նկատմամբ:

Հայաստանի Հանրապետութեան նախագահն ու Իրանի արտգործնախարարն անդրադարձել են նաեւ հայ-իրանական երկկողմ օրակարգին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ տարածաշրջանի առջեւ ծառացած նոր մարտահրաւէրները պարտադրում են աշխատել երկկողմ քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւնների օրակարգն ընդլայնելու ուղղութեամբ: Նշելով, որ Իրանը եւ Հայաստանը համագործակցութեան շատ աւելի մեծ ներուժ ունեն, քան իրականում օգտագործում են, նրանք կարեւորել են համատեղ տարբեր ծրագրերի շրջանակում փոխշահաւէտ համագործակցութեան շարունակական զարգացումը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։