«Հայաստան» դաշինքը շնորհաւորական ուղերձ է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ։
«alikonline.ir» - «Հայաստան» դաշինքը շնորհաւորական ուղերձ է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ։
Սիրելի հայրենակիցներ, Արցախի եւ Հայաստանի Հանրապետութիւնների քաղաքացիներ, Սփիւռքի եղբայրներ եւ քոյրեր
Այսօր՝ Մայիսի 28-ին, որտեղ էլ որ գտնւելիս լինենք, մեր Եռագոյնն ենք բարձրացնում եւ ամենից առաջ գլուխ խոնարհում՝ յարգելով 1918 թւականին Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայի մատոյցներում մեր ժողովրդի գոյութեան իրաւունքի համար թուրքական ցեղասպան հորդաների դէմ կենաց-մահու կռւի ելած եւ անուրանալի յաղթանակներ կերտած մեր փառահեղ նախնիների ու հերոսների լուսաւոր յիշատակը:
Ուղիղ 103 տարի առաջ, շուրջ 10 օր տեւած յամառ մարտերում, զինւորագրւած հայութիւնը ջարդեց ու պարտութեան մատնեց թուրքական բանակներին: Յաղթեցինք անհաւասար կռիւներում ու յաղթանակով հաւաստեցինք մեր ոչ միայն գոյութեան, այլեւ՝ պետականութեան իրաւունքը:
Այսօր 1918-ի յաղթանակները կերտողների օրինակով, մենք պէտք է վճռական լինենք՝ յանուն մեր ժողովրդի, յանուն Հայաստանի, յանուն Արցախի հետագայ գոյութեան իրաւունքի եւ վերընձիւղման:
Թշնամու գործակատարները կը տապալւե՛ն: Իսկ մենք կը շարունակենք մեր ստեղծագործ ընթացքը, այն պսակելով նոր յաղթանակներով ու նոր վերելքով:
Շնորհաւոր Մայիս 28, շնորհաւոր Հայաստանի Հանրապետութեան տօնը: