Հա

Քաղաքական

29/05/2021 - 12:35

««Ուզում ես տանդ քնես, ուրիշը գայ քո տան պարիսպը պաշտպանի, չի լինում այդպէս». Սէյրան Օհանեանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին». «Ժողովուրդ»

Հարցազրոյց՝ պաշտպանութեան նախկին նախարար, այժմ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Սէյրան Օհանեանի հետ։ 

«alikonline.ir» - «Հարցազրոյց՝ պաշտպանութեան նախկին նախարար, այժմ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Սէյրան Օհանեանի հետ։ 

 

- Ինչպէ՞ս էք ընկալել Փաշինեանի «փոխշահաւէտ» առաջարկը՝ հայ-ադրբեջանական սահմանից երկուստեք յետ քաշել զինւած ուժերը, տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութիւնը ներկայացնող երկրների դիտորդներ, որից յետոյ կընթանայ սահմանային կէտերի ճշգրտման աշխատանք: Կարո՞ղ է, արդեօք, դա իրավիճակը լիցքաթափել սահմանին, ինչի մասին խօսում է Փաշինեանը:

- Երկու ուղղութեամբ կարող եմ մեկնաբանել: Առաջինը. իւրաքանչիւր երկիր պէտք է իր սահմաններն ինքը կարողանայ պահպանել, պաշտպանել: Դրա համար գոյութիւն ունի Պաշտպանութեան նախարարութեան գլխաւոր շտաբ եւ Ազգային անվտանգութեան ծառայութիւն՝ իր սահմանապահ զօրքերով, եւ ամբողջ անվտանգային համակարգը, որոնք երաշխաւորն են մեր պաշտպանութեան, անվտանգութեան, տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անձեռնմխելիութեան:

Եթէ երկիրն ի վիճակի չէ ինքնուրոյն սահմանները պահել, արդէն ինքնիշխանութեան կորստի խնդիր է, եւ այդ ամէնը, ես կարծում եմ, մեր անիշխանութեան պատճառն է: Գաղտնիք չէ, որ պարտւած իշխանութիւններն անընդհատ գտնւում են ճնշման տակ՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ միջազգային, ե՛ւ ռազմական, եւ նաեւ՝ աշխարհագրական: Ադրբեջանը քայլ առ քայլ առաջ է գալիս, որ հետագայում, երբ որ պայմաններ լինեն դելիմիտացիայի եւ դեմարկացիայի, ինքն իր դրած ոտքը երբեւիցէ յետ չի տանելու, հնարաւորինս շատ տարածքներ է փորձելու վերցնել: Դա շարունակութիւնն է նրա, որ Ադրբեջանը տեսաւ, որ հայաստանեան այսօրւայ իշխանութիւններն ադեկվատ չեն, եւ քանի որ այս ոչ ադեկվատ, անգրագէտ եւ թոյլ իշխանութիւններն են, ես պատերազմը սկսեմ եւ յաղթեմ: Օգտւելով նրանից, որ այսօր նոյն իշխանութիւնն է, դրան գումարած նախընտրական ժամանակահատւածում կասկած ունեն, որ ընտրութիւններում Նիկոլը չի դառնալու իշխանութիւն, շարունակում են ճնշումները՝ ՀՀ-ի շուրջ այդ օղակն աւելի սեղմելու համար: Այս իրականութեան մէջ իր առաջարկը, իմ կարծիքով, անիրագործելի է:

 

- Ինչո՞ւ է անիրագործելի, եթէ քննարկումներ կան, որ, ի հակակշիռ Ռուսաստանի, հնարաւոր է այլ ուժեր բերի տեղակայի:

- Ես չեմ համարում իրատեսական, որ որեւէ երկրի դիտորդ կը գայ եւ դիտորդութիւն կանի, յամենայնդէպս, դա մօտ ժամանակներս անիրագործելի է: Հայելաձեւ յետ քաշւելն էլ չեմ պատկերացնում: Կարող է մենք յետ քաշւենք, ադրբեջանցիները նորից առաջ գան, այդպէս չի լինում: Եւ, ի վերջոյ, յանուն ինչի մենք պէտք է յետ քաշւենք մեր դիրքերից, եւ յանուն ինչի ադրբեջանցիները պէտք է իրենց սահմանից յետ քաշւեն, իսկապէս անհասկանալի է: Ինքը միշտ է ասում, որ պէտք է գանք այնպիսի պայմանի, որը շահաւէտ լինի ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի, ոչ վաղ անցեալում՝ նաեւ Արցախի համար, իսկ հիմա միայն առաջին երկուսի, որ հետագայում սահմանները ճշգրտենք, բայց պէտք է հասկանայ, որ հակառակ կողմը՝ Ադրբեջանը, այդպէս չի մտածում, իրենք մտածում են միայն ու միայն, բացառապէս իրենց շահերի մասին, թքած ունեն մեր վրայ եւ որտեղ կանգնեն, այնտեղ էլ մնալու են, եւ հետագայում դեմարկացիայի, դելիմիտացիայի ժամանակ մենք խնդիրներ ենք ունենալու իրենց յետ շպրտելու: Ես չգիտեմ՝ ինքն ինչի վրայ է յենւում նման յայտարարութիւն անելիս:

 

- Իսկ գուցէ դրսից մարդկանց է բերում՝ թէկուզ մեր ինքնիշխանութիւնը սահմանափակելու գնով, որ կարողանայ սաստել Ադրբեջանի նկրտումները: 

- Ամէն մի երկիր ինքն է պահում իր սահմանը, ամէն տանտէր տան պարիսպներն ինքն է դնում եւ պաշտպանում: Եթէ դու ուզում ես տանդ քնես, բայց ուրիշը գայ քո տան պարիսպը պաշտպանի, այդպէս չի լինում: Այս իշխանութիւնը, իսկապէս, վեց ամիս քնած է եղել եւ չի կազմակերպել մեր երկրի պաշտպանութիւնը: Դեռ աւելին ասեմ՝ լաւ, ինչ-որ տեղ սխալ են գործել Սեւ լճի տարածքում, բայց այդ սխալ գործած տեղը մինչ կանգնեցնեին, բանակցութիւններ վարէին միջազգային առումով, մնացած տեղերն արագ փակել է պէտք, ինչը չեն անում: Ամէն օր մենք մի նոր միջադէպի մասին ենք լսում՝ առաջ գալ, մեր զինւորին սպանել, վեց հոգի գերեվարել, սա ինչ բան է: Այս իրավիճակում ես խորհուրդ կը տայի փակել մնացած տեղերը, ապա միջազգային եւ ռազմական միջոցներ ձեռնարկել՝ մեր երկրի սահմանները պաշտպանելու համար»,- գրում է թերթը։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։