Հա

Քաղաքական

29/05/2021 - 13:50

«Սիւնիքի տարածքի փոփոխութիւնից կարող են օգուտ ստանալ մեծ թւով պետութիւններ բայց դրանց թւում չի կարող լինել Իրանը». Արտեօմ Տօնոյեան

Alikonline.ir-ի հարցազրոյցը իրանագէտ Արտեօմ Տօնոյեանի հետ:

Alikonline.ir-ի հարցազրոյցը իրանագէտ Արտեօմ Տօնոյեանի հետ:

 

Ինչպէս էք գնահատում նախարար Զարիֆի այցը Հայաստան:

- Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, մասնաւորապէս վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականութեան հանդէպ դրսեւորւող ագրեսիայի, ՀՀ ինքնիշխան տարածք զինւած ներթափանցումների տարատեսակ փորձերի, իրավիճակը նորից լարելու եւ նոր պատերազմ սադրելու ադրբեջանական ակտիւ փորձերի պայմաններում հայ-իրանական յարաբերութիւնների զարգացումը, գործընթացներում Իրանի ակտիւ ներգրաւումը կարեւոր է ՀՀ-ի համար, եւ այս համատեքստում ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆի այցը, Երեւանում կատարած յայտարարութիւնները պէտք է գնահատել դրական։ Զարիֆի կողմից Երեւանում, արւած որոշ յայտարարութիւններ, որոնցում բաւական յստակ ընդգծւած են տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան պահպանման կարեւորութիւնը, թոյլ են տալիս ենթադրել, որ Իրանում կայ իրական անհանգստութիւն Հայաստանի տարածքային ամբողջականութեան հանդէպ ադրբեջանական աճող ագրեսիայի առնչութեամբ եւ խնդրի լուծմանը աջակցելու բարեկամական ցանկութիւն։

 

Պարոն Տօնոյեան, ինչպէս գիտէք հայ-իրանական պատւիրակութիւնների ընդլայնւած կազմով հանդիպմանը նախարար Զարիֆը առնւազն մի քանի անգամ շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան պահպանման կարեւորութեան մասին։ Արդեօք սա, չի նշանակո՞ւմ, որ Իրանի շահերից չի բխում/դէմ է Սիւնիքում միջանցքի բացման վերաբերեալ քննարկումներին:

- Այստեղ, կարծում եմ, կարեւոր է յիշել, որ ԻԻՀ ԱԳ նախարարը Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, դեռեւս յունւարի 27-ին, այսինքն Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականութիւնը խախտելու փորձերից ու այս պահին հրահրւող սադրանքներից դեռեւս 4 ամիս առաջ է յայտարարել, որ ՀՀ տարածքային ամբողջականութիւնը ԻԻՀ համար կարմիր գիծ է։ Սա ամենայն հաւանականութեամբ անուղղակի ցուցիչ է առ այն, որ ՀՀ-ԻԻՀ սահմանին մօտ գտնւող շրջաններով անցնող ցանկացած ճանապարհ, որը չի վերահսկւելու անմիջականօրէն Հայաստանի համապատասխան գերատեսչութիւնների կողմից, չի բխում ԻԻՀ շահերից։ Ըստ ամենայնի՝ նախարար Զարիֆի՝ դեռեւս յունւարի 27-ի յայտարարութեան հիմնական պատճառը եղել է նոյեմբերի 10-ի եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտը։ Իսկ այժմ, երբ կան ադրբեջանական կողմի սադրանքները, մասնաւորապէս Ալիեւի կողմից «Զանգեզուրի միջանցք» արտայայտութեան գործածումը, Հայաստանի Սիւնիքի մարզը եւ այլ տարածքները միտումնաւոր եւ, պատմութեան կեղծարարութիւնների ադրբեջանական աւանդոյթի ոգուն համապատասխան, «պատմական ադրբեջանական հողեր» անւանելը, ՀՀ սահմանային մի քանի շրջաններում զինւած ներթափանցումների, ՀՀ ինքնիշխան տարածքներում հաստատւելու փորձերը հարկադրում են Իրանին աւելի կոշտացնել իր յայտարարութիւնները։ Զորօրինակ, ԻԻՀ խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ դոկտոր Մոջթաբա Զոլնուրիի վերջին յայտարարութիւնը, որում, մասնաւորաբար, նշւած է. «Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը շատ պարզ, յստակ եւ որոշիչ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի որեւէ փոփոխութիւն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականութիւնը պէտք է պահպանւի։ Եթէ Հայաստանի տարածքի մի մասը ուզենան վերցնել, եւ մեր սահմանները փոփոխութեան ենթարկւեն, այսինքն՝ ունենանք նոր հարեւան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցեալի սահմանները պէտք է ամբողջութեամբ լինեն պաշտպանւած, եւ պէտք է պահպանւի Իրանի Իսլամական Հանրապետութեան ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»։

 

Սիւնիքում ստեղծւած իրավիճակը բաւականին լուրջ քննարկումների առարկայ է դարձել Իրանում: Ինչ էք կարծում, Սիւնիքի կորստից ի՞նչ հնարաւորութիւններ են կարող ստանալ Իրանի թշնամիները, այդ թւում՝ ԱՄՆ-ն եւ Իսրայէլը:

- Ինչպէս Իսրայէլն, այնպէս էլ Թուրքիան արդէն իսկ ստացել են լայն հնարաւորութիւններ Արցախի Հանրապետութիւնից բռնազաւաթւած տարածքներում։ Երկու երկիրն էլ անմիջապէս ԻԻՀ սահմանին ստացել են ե՛ւ տնտեսական հնարաւորութիւններ, ե՛ւ ռազմական ներկայութիւն ապահովելու եւ առաջիկայում դէպի հարաւ՝ դէպի Իրան ծաւալւելու հնարաւորութիւններ։ Գոնէ Թուրքիան դա չի թաքցնում եւ պատահական չէր, որ Թուրքիայի նախագահը Ռ. Թ. Էրդողանը անցած տարւայ դեկտեմբերի 10-ին Բաքւում տեղի ունեցած զօրահանդէսի ժամանակ արտասանեց Բախտիեար Վահաբզադէի բանաստեղծութիւններից մէկը՝ յստակ ընդգծելով, որ վերակազմաւորւող թիւրքական կոնգլոմերատի յաջորդ թիրախը Արաքսից հարաւ ընկած տարածքն է՝ Ատրպատականը։ Ինչ վերաբերում է հէնց Սիւնիքի տարածքի որեւէ փոփոխութեան, դրանից կարող են օգուտ ստանալ ոչ թէ երկու կամ երեք, այլ շատ աւելի մեծ թւով պետութիւններ, բայց դրանց թւում օբիեկտիւ պատճառներով եւ ՀՀ հետ ունեցած անվտանգային ընդհանուր շահերով եւ իր ռազմավարական ծրագրերի ուրւագծւող հեռանկարով չի կարող լինել Իրանը։ Կարծում եմ՝ այս հանգամանքը պէտք է հիմք դառնալ հայ-իրանական գործակցութեան ամենեւին նոր մոդելի ներդրման եւ կառուցման համար։

 

Ինչպէս նախարար Զարիֆն իր այցի ընթացքում յայտարարել էր, որ Իրանը ձգտելու է ընդլայնել բոլոր ոլորտներում Հայաստանի հետ իր համագործակցութիւնը: Արդեօ՞ք տւեալ ժամանակահատւածում հայ-իրանական յարաբերութիւնները կարող են որակապէս նոր փուլ տեղափոխւել:

- Ե՛ւ Իրանը, ե՛ւ Հայաստանի Հանրապետութիւնն ունեն ընդհանուր մարտահրաւէրներ, որոնք պահանջում են այս պետութիւնների աւելի խորը եւ համապարփակ համագործակցութիւն ինչպէս երկարաժամկէտ, այնպէս էլ կարճաժամկէտ հեռանկարներում։ Կարճաժամկէտ հեռանկարում կարիք կայ ոչ միայն Իրան-Հայաստան առանցքի շուրջ միջազգային տարանցիկ երթուղիների հնարաւորին արագ ձեւաւորման եւ գործարկման, այլ նաեւ անվտանգութեան համատեղ համակարգի ստեղծման շուրջ բանակցութիւնների սկսման եւ գործուն մեխանիզմների մշակման հնարաւորութեան շուրջ համաձայնութիւնների ձեռքբերման։

 

Սիւնիքի հարցով, ըստ ձեզ հայկական կողմը ինչպէ՞ս պէտք է աշխատի Իրանի հետ եւ ինչպէս էք գնահատում մինչ այժմ իրականացւած աշխատանքները:

- Սիւնիքը Հայաստանի համար եղել է եւ կայ որպէս ռազմավարական նշանակութեան կենսական տարածք, որն ապահովում է Իրանի հետ ՀՀ-ի անմիջական կապը։ Սիւնիքով անցնող եւ Իրանի հետ կապւող ճանապարհի կենսական նշանակութիւնը մենք տեսել ենք Արցախեան առաջին պատերազմի ժամանակ եւ պատահաբար չէր, որ ՀՀ առաջին նախագահը ժամանակին դա անւանեց «կեանքի ճանապարհ»։ Ի դէպ, նաեւ պատահական չէր, որ Հայաստանին կատարեալ շրջափակման մէջ վերցնել ցանկացող Ադրբեջանը եւ Թուրքիան 1990-ականների սկզբին անում էին ամէն ինչ հայ-իրանական սահմանը փակելու ուղղութեամբ, որը շնորհիւ իրանական կողմի՝ ռազմավարական խորութիւն ունեցող հաշւարկների եւ հայ-իրանական բարեկամութեան բարձր գնահատման՝ այդպէս էլ տեղի չունեցաւ: Սիւնիքն առանց չափազանցութեան կարեւոր նշանակութիւն ունի նաեւ ԻԻՀ համար, քանի որ այս երկրի հիւսիսային դարպասներից միակն է, որը շրջանցում է ԻԻՀ նկատմամբ տարածքային յաւակնութիւններ ունեցող, «Հարաւային Ադրբեջան» կոչւող պանթիւրքական ծրագրի վրայ համատեղ հսկայական ֆինանսական միջոցներ սպառող Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքը։ Ի վերջոյ, իրանցի բարձրաստիճան պաշտօնեաները յատկապէս վերջին 10 տարում ոչ մէկ անգամ են խօսել հէնց Հայաստանի եւ ոչ թէ այլ երկրի տարածքով Պարսից ծոց-Սեւ ծով տնտեսական միջանցքի կեանքի կոչման անհրաժեշտութեան մասին։

 

Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։