Հա

Քաղաքական

29/05/2021 - 13:35

««Կոնսենսուս մինուս 1»-ը կայացած է. յունիսի 21-ին կարող ենք արթնանալ աննիկոլ Հայաստանում». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացման թեման նոր իրավիճակ է ստեղծել երկրի ներքաղաքական կեանքում։ Ըստ այդմ, քաղաքական ուժերը ներդնում են իրենց ջանքերը ընտրութիւնների արդիւնքում քաղաքացիների վստահութեանն արժանանալու եւ առաւելագոյն արդիւնքներ գրանցելու համար։ Ընդհանուր առմամբ, ընտրութիւններին մասնակցելու յայտ է ներկայացրել 27 քաղաքական միաւոր՝ 23 կուսակցութիւն եւ 4 դաշինք։ 

«alikonline.ir» - «Փաստ»-ը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացման թեման նոր իրավիճակ է ստեղծել երկրի ներքաղաքական կեանքում։ Ըստ այդմ, քաղաքական ուժերը ներդնում են իրենց ջանքերը ընտրութիւնների արդիւնքում քաղաքացիների վստահութեանն արժանանալու եւ առաւելագոյն արդիւնքներ գրանցելու համար։ Ընդհանուր առմամբ, ընտրութիւններին մասնակցելու յայտ է ներկայացրել 27 քաղաքական միաւոր՝ 23 կուսակցութիւն եւ 4 դաշինք։ Բնականաբար, այսպիսի մեծ թւաքանակով ուժերի՝ ընտրութիւններին մասնակցելու փաստն ինքնին խօսուն է։ Դա մի քանի պատճառներ ունի՝ ազգային մենթալիտետից մինչեւ քաղաքական «հաշւարկներ»:

Բայց սա առանձին թեմա է: Նախ, արձանագրենք, որ փորձագէտների գնահատմամբ, ֆաւորիտներին հաշւած՝ այս ընտրութիւններում մրցունակ կարող է լինել առաւելագոյնը 8-10 քաղաքական միաւոր։ Եւ ինչն է հետաքրքիր. այդ բոլոր դերակատարներն անխտիր յայտարարել են, որ բացառում են համագործակցութիւնը Նիկոլ Փաշինեանի գլխաւորած քաղաքական ուժի հետ, այսինքն՝ ընտրութիւններից յետոյ նրա հետ կոալիցիա չեն կազմելու։ Սա նշանակում է, որ այս քաղաքական միաւորները կարմիր գիծ են քաշում ՔՊ-ի հետ որեւէ գործարքի գնալու հարցում, այսինքն՝ փաստացի կայացել է «կոնսենսուս մինուս մէկը»։ Նիկոլ Փաշինեանը մերժւած է ոչ միայն հանրութեան գերակշիռ մեծամասնութեան կողմից, այլեւ քաղաքական դաշտում լուրջ դերակատարում ունեցող ուժերի:

Իհարկէ, կան 2-3 մասնակիցներ, որոնք ոչ միայն չեն յայտարարի Փաշինեանի հետ համագործակցութիւնը բացառելու մասին, այլեւ ընդհակառակը: Դրանք այն «միաւորներն» են, որոնք քաղաքական դաշտում իշխանութիւնների կողմից են ներդրւել Նիկոլին սատարելու եւ իրական ընդդիմութեան դէմ պայքարելու համար։ Հասկանալի է, որ սրանք խորհրդարան անցնելու որեւէ շանս չունեն եւ ՔՊ-ի «կլոնի» դերակատարութիւն են ստանձնելու։ Սակայն ընտրարշաւի ամբողջ ընթացքում նրանք ունենալու են բացառապէս իրական ընդդիմադիրներին, այն է՝ յաղթելու առարկայական պոտենցիալ ունեցողներին թիրախաւորելու գործելաոճ, ինչն արդէն այսօր ի ցոյց են դնում անթաքոյց: Վերոնշեալը ներկայումս ի ցոյց է դնում քաղաքական յետագայ զարգացումների ողջ սպեկտրը, հնարաւոր է նաեւ կանխորոշում է ընտրութիւնների ելքը: Փաշինեանի ունեցած քաղաքական կապիտալն ու վարկանիշը ներկայումս անհամեմատելի է 2018 թւականին նրա ունեցած հանրային վստահութեան հետ։

Փաշինեանի իշխանութեան ապիկարութեան, բացառապէս նրա պատճառով պատերազմի մէջ ներքաշւելու եւ կապիտուլեացիայի ենթարկւելու, հազարաւոր զոհերի, տնտեսական կոլապսի, պետական կառավարման համակարգի կաթւածահար վիճակի, անվտանգային խայտառակ վիճակի արդիւնքում մեր երկիրն այսօր պարզապէս անդունդի եզրին է, ու դա, իհարկէ, չի կարող իր ազդեցութիւնը չունենալ հանրային տրամադրութիւնների վրայ։ Խօսքը մտածելու ունակ, սեփական երկիրը սիրող եւ արժանապատւութիւն ունեցող մարդկանց մասին է, իսկ նրանք, կարծում ենք, մեր հանրութեան մէջ փոքր թիւ չեն կազմում, նոյնիսկ ընդհակառակը: Սա նշանակում է, որ եթէ նոյնիսկ Փաշինեանի համար լաւագոյն սցենարով ընթանայ ընտրական գործընթացը, վարչական ողջ ռեսուրսով, անհայրենիքների քւէներով, ընտրակեղծարարութեամբ հանդերձ, ՔՊ-ն առաւելագոյնը կարող է ստանալ 25-ից 30 տոկոս քւէ։

Ուրեմն, Փաշինեանին վերարտադրւելու համար անհրաժեշտ է լինելու խորհրդարան անցած ուժերից մի քանիսի հետ կոալիցիա կազմել, բայց դա բացառւած է, քանի որ, ինչպէս արդէն նշեցինք, բոլոր այն ուժերը, որոնք հնարաւորութիւն ունեն լինել խորհրդարանում, արդէն իսկ յայտարարել են, որ բացառում են Փաշինեանի հետ համագործակցութեան հնարաւորութիւնը։ Ստացւում է, որ այսօր արդէն ակնյայտ է գոնէ մէկ բան. Փաշինեանը վերջնականապէս պարտւել է եւ կրկին կառավարութիւն ձեւաւորել ու վարչապետ ընտրւել չի կարող։ Այսինքն, յունիսի 21-ին պատմութիւն է դառնալու «Նիկոլի էպոխան», եւ այդ օրն արդէն կարող ենք արթնանալ «աննիկոլ Հայաստանում»։ Ի դէպ, ուշագրաւ է, որ այս փաստին արագ սկսել է արձագանքել պետական կառավարման համակարգը։

Ընդհանրապէս, թէ՛ ուժային համակարգը, թէ՛ պետական կառավարման ողջ համակարգը շատ նրբազգաց է սպասւելիք փոփոխութիւնների առումով: Եւ պատահական չէ, որ անընդհատ տեղեկութիւններ են ստացւում, որ պետական գերատեսչութիւններում մարդիկ սկսել են արդէն բացայայտ խօսել, որ անհամբեր սպասում են ընտրութիւններին, որպէսզի «պրծնեն» այսօրւայ՝ երկրի, ժողովրդի ու պետութեան համար փորձանք դարձած իշխանութիւններից ու նոր իշխանութեան օրօք կարողանան նորմալ աշխատել, ինչպէս ասում են՝ ժամացոյցի պէս, կարգուկանոնով ու, ամենակարեւորը՝ ի շահ պետութեան»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։