Հա

Քաղաքական

29/05/2021 - 13:40

Մարդկանց յետին մտքերը դժւար է ստուգել

Իմ տպաւորութեամբ՝ վարչապետի ներկայիս պաշտօնակատարը, որն ընդհանրապէս չի ընդունում իր հասցէին ոչ մի քննադատութիւն, առաւել ցաւագին է ընդունում Հայաստանի առաջին նախագահի գնահատականները: Հիմա էլ, ի պատասխան Տէր-Պետրոսեանի քննադատութեան, Փաշինեանը պնդեց, որ Տէր-Պետրոսեանն «ուզում էր Արցախը յանձնէր» Ադրբեջանին: Աւելի վաղ «յանձնելու» ցանկութիւնը նա վերագրել էր նաեւ մնացած նախկին նախագահներին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

 

Իմ տպաւորութեամբ՝ վարչապետի ներկայիս պաշտօնակատարը, որն ընդհանրապէս չի ընդունում իր հասցէին ոչ մի քննադատութիւն, առաւել ցաւագին է ընդունում Հայաստանի առաջին նախագահի գնահատականները: Հիմա էլ, ի պատասխան Տէր-Պետրոսեանի քննադատութեան, Փաշինեանը պնդեց, որ Տէր-Պետրոսեանն «ուզում էր Արցախը յանձնէր» Ադրբեջանին: Աւելի վաղ «յանձնելու» ցանկութիւնը նա վերագրել էր նաեւ մնացած նախկին նախագահներին:

Այդ միտքը նա նաեւ երէկ կրկնեց: Ընդհանրապէս, յետադարձ հայեացքով քաղաքական գործիչների մտադրութիւնները քննելն անշնորհակալ գործ է: Ինչ էին ուզում անել նախկին ղեկավարները, գուցէ եւ հետաքրքիր հարց է, բայց շատ դժւար ստուգաբանւող: Այդ թեմայով (ճիշտ է, բոլորովին այլ առիթով) դիպուկ դատողութիւն է արել հէնց ինքը՝ Տէր-Պետրոսեանը իր գրքերից մէկում: Խօսելով զուտ արտածական (դեդուկտիւ) մտավարժանքների մասին, նա նշում է, որ «ոչ մի դատարան չի ապացուցել մարդկանց յետին մտքերը»: Տւեալ դէպքում Փաշինեանն ասում է, որ Տէր-Պետրոսեանը, Քոչարեանն ու Սարգսեանը ցանկանում էին Արցախը յանձնել Ադրբեջանին: Ենթադրենք, այդպէս է: Գուցէ Հայաստանն էլ էին ուզում յանձնել, կամ ձգտում էին հայ ժողովրդին ամբողջութեամբ ջնջել աշխարհի երեսից: Բայց ես գերադասում եմ խօսել ոչ թէ մտադրութիւնների, այլ կատարւած փաստերի մասին: Առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների ժամանակ մենք ունեցել ենք 12 հազար քառակուսի կիլոմետրանոց Արցախ, իսկ Փաշինեանի ժամանակ այդ տարածքը, որտեղ հազարամեակներով հայեր են ապրել, դարձել է 3.3 հազար քառակուսի կիլոմետր, այն էլ՝ խիստ վտանգւած:

Ստացւում է, որ առաջին երեքն «ուզում էին» Արցախը յանձնել, բայց չյանձնեցին, իսկ չորրորդը «չէր ուզում», բայց յանձնեց: Ձեզ ո՞ր տարբերակն է ձեռնտու: Կարծում եմ, որ 1998-ից յետոյ Հայաստանի բոլոր իշխանութիւններն իսկապէս ցանկանում էին պահպանել status quo-ն, եւ դա, ինչպէս հիմա է պարզ դարձել, սխալ հաշւարկ էր: Բայց Հայաստանի 2-րդ եւ 3-րդ ղեկավարները տարբերւում են 4-րդից նրանով, որ առաջինների դէպքում այդ կարգավիճակը պահպանւել է, իսկ վերջինիս դէպքում՝ չի պահպանւել՝ ի հեճուկս նրա խրոխտ յայտարարութիւնների: Որեւէ մէկը կարո՞ղ է ապացուցել, որ երկու տասնամեակների ընթացքն անկասելիօրէն տանում էր դէպի պարտութիւն, եւ Փաշինեանը ոչ մի ճար չունէր, բացի Արցախի 70 տոկոսը յանձնելուց եւ հազարաւոր զոհեր տալուց: Արձանագրւած փաստե՛րը, ոչ թէ ձգտումներն ու մտադրութիւնները, թոյլ են տալիս եզրակացնելու, որ 4-րդ ղեկավարը շատ աւելի անպատասխանատու է եւ արկածախնդիր, քան նախորդները: Ոչ միայն Փաշինեանին, այլեւ ընտրական պրոցեսի մնացած մասնակիցներին ես կառաջարկէի չօգտագործել «բա որ դու էսինչ թւին էսինչ բանն էիր ասում» փաստարկը եւ խօսել այսօրւայ վիճակի, ինչպէս նաեւ վաղւայ ելքերի մասին:

 

«Առաւօտ»

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։