Հա

Քաղաքական

30/05/2021 - 11:50

Պատերազմի զոհերի ԴՆԹ նոյնականացման սարքի գնման հաշւին գերշահո՞յթ են ստացել. նոր փաստեր՝ կասկածելի գործարքից

Աւելի քան չորս ամիս տեւած հետաքննութեան արդիւնքում News.am-ը ուշագրաւ տեղեկութիւններ է պարզել նախորդ տարեվերջին առողջապահութեան նախարարութեան ՊՈԱԿ-ի կողմից պատերազմի զոհերի մարմինների եւ մասունքների ԴՆԹ նոյնականացման փորձաքննութիւնների համար նախատեսւած սարքաւորումների ձեռքբերման գործընթացի վերաբերեալ։

«alikonline.ir» - Աւելի քան չորս ամիս տեւած հետաքննութեան արդիւնքում News.am-ը ուշագրաւ տեղեկութիւններ է պարզել նախորդ տարեվերջին առողջապահութեան նախարարութեան ՊՈԱԿ-ի կողմից պատերազմի զոհերի մարմինների եւ մասունքների ԴՆԹ նոյնականացման փորձաքննութիւնների համար նախատեսւած սարքաւորումների ձեռքբերման գործընթացի վերաբերեալ։ News.am-ն իր նախորդ հրապարակումներում անդրադարձել է ձեռքբերված սարքաւորումների կիրառութեանն ու մասնագիտական հիմնաւորումներով ներկայացրել ԴՆԹ նոյնականացման փորձաքննութիւնների ընթացքում ի յայտ եկող հնարաւոր ռիսկերն ու վիճարկել երկրորդ հոսքագծի կիրառման արդիւնաւէտութիւնը։ Սակայն մեր ուսումնասիրութիւնները ցոյց տւեցին, որ ոլորտի պատասխանատուները պետութեան եւ զոհերի հարազատների համար կարեւորագոյն գործընթացը կազմակերպելիս ոչ միայն հաշւի չեն առել մասնագիտական կարեւոր նրբութիւններ, այլեւ ԴՆԹ նոյնականացման գործընթացի մենաշնորհը տւել են առողջապահութեան նախարարութեան ՊՈԱԿ-ին, որն էլ իր հերթին հրատապ գնման արդիւնքում գերշահոյթ է ապահովել մատակարար ընկերութեան համար։ Կասկածելի գործարքի մանրամասները ներկայացնում ենք հերթականութեամբ եւ փաստերով։

Պետական գնումների համակարգում առկայ տեղեկատւութեան համաձայն՝ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռեւս նախորդ տարւայ դեկտեմբերին ռազմական դրութեամբ պայմանաւորւած ԴՆԹ նոյնականացման փորձաքննութիւնների համար նախատեսւած վերլուծիչ սարքերի եւ պարագաների հաւաքածուի ձեռքբերման նպատակով մրցոյթ էր յայտարարել, որին մասնակցել է երկու ընկերութիւն՝ լաբորատոր սարքաւորումների եւ քիմիական նիւթերի ներմուծմամբ եւ մատակարարմամբ զբաղւող «Մեդիսար» ՍՊԸ-ն եւ լաբորատոր հետազօտութիւններով եւ բժշկական սարքաւորումների տեխնիկական սպասարկմամբ զբաղւող «Պրոմ-Տեստ» ՍՊԸ-ն։ Վերջինիս յայտը մերժւել է, քանի որ ընկերութեան կողմից առաջարկւող մատակարարման ժամկէտը չի համապատասխանել գնման կարիքներին։ Արդիւնքում դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 295,8 մլն դրամի պայմանագիր է կնքել «Մեդիսար» ՍՊԸ-ի հետ։ Ընկերութիւնը պարտաւորւել է մինչեւ յունւարի 31–ը կատարել պայմանագրով նախատեսւած գնումը։ News.am-ի տեղեկութիւններով՝ յիշեալ մատակարարը ԴՆԹ նոյնականացման փորձաքննութիւնների համար նախատեսւած սարքաւորումները ձեռք է բերել գիտութեան ոլորտում աշխարհի առաջատար «Թերմօ Ֆիշէր (Thermo Fisher Scientific) ընկերութիւնից 2020 թւականի դեկտեմբերին։ News.am-ի լրագրողը, ներկայանալով որպէս լաբորատոր սարքաւորումների ոլորտի մատակարար, դեռեւս երկու ամիս առաջ գրաւոր հարցում էր ուղարկել յիշեալ ընկերութեանը՝ խնդրելով տրամադրել պայմանագրում թւարկւած 39 անուն ապրանքատեսակների գները։ Օրեր առաջ «Թերմօ Ֆիշէր»-ի պաշտօնական ներկայացուցչից ստացել ենք պատասխան, ըստ որի՝ 39 անուն սարքաւորումների եւ լաբորատոր նիւթերի հաւաքածուի գնման համար ընկերութիւնն առաջարկել է 237,586 ԱՄՆ դոլար, որը համարժէք է 122,766 մլն դրամի։ Հաշւի առնելով պայմանագրով նախատեսւած գնման համար պետութեան յատկացրած գումարի եւ մեզ առաջարկւած գնի միջեւ առկայ զգալի տարբերութիւնը, փորձեցինք պարզել նաեւ Հայաստան ներմուծւած ապրանքների մաքսային արժէքը։ Մասնաւորապէս, News.am-ի տրամադրութեան տակ յայտնւած մաքսային գործարքների մասին տեղեկատւութեան համաձայն՝ «Մեդիսար» ՍՊԸ-ն 2021թ. յունւարի 5-ին Վրաստանից ներմուծել է ԴՆԹ նոյնականացման համար նախատեսւած սարքաւորումներ, որոնց ծագման երկիրը եղել է Չինաստանը եւ Սինգապուրը։

Մասնաւորապէս, ընկերութիւնը ներմուծել է դատաբժշկական ԴՆԹ-ի էքստրակցիայի համակարգ (AutoMate ExpresS Forensic DNA Extraction System)՝ 3 հատ, սարքաւորման ծրագրային ապահովում (GeneMapper™ ID-X Software v1.6, Full Installation)՝ 2 հատ մագնիսական շտատիւ փորձանոթների համար (DynaMag™-2 Magnet), մազանոթներ հենետիկ անալիզատորի համար (3500 Genetic Analyzer Capillary Array, 36 cm), ինչպէս նաեւ 97 կգ ախտորոշիչ եւ լաբորատոր ազդանիւթեր։ Յիշեալ ապրանքատեսակների մաքսային ընդհանուր արժէքը կազմել է շուրջ 184 մլն դրամ՝ ներառեալ հարկերը։ Ստացւած տւեալներից պարզ է դառնում, որ գնման գործընթացի արդիւնքում մատակարար ընկերութիւնը առնւազն 111 մլն դրամի (212,237 ԱՄՆ դոլար) շահոյթ (վերադիր) է ստացել։ Նշենք, որ գնման գործընթացը տեղի է ունեցել առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանի պաշտօնավարման ընթացքում։ Մեր տեղեկութիւններով՝ հոսքագիծը հնարաւորինս արագ ձեռքբերելու նպատակով Թորոսեանն անձամբ է բանակցել մատակարարի հետ եւ ուղիղ կապի մէջ է եղել ընկերութեան ղեկավարութեան հետ։

Յիշեցնենք, որ դեռեւս յունւարի 5-ին News.am-ն անդրադարձել էր այս կասկածելի գործարքին՝ նկատելով, որ նոյն սարքաւորումից կենտրոնը ձեռք է բերել դեռ 2018-ին։ Արձանագրել էինք, որ տւեալ աւտոմատացւած համակարգի օրական մինչեւ 300 ԴՆԹ տիպաւորում կատարելու հզօրութեան նոյնիսկ 10 տոկոսը ՊՈԱԿ-ը չի կարողանում օգտագործել, քանի որ ոսկրի ԴՆԹ սեքւենաւորման համար նմուշապատրաստման բարդ գործընթացներն իրականացնող փորձագիտական բաւարար ներուժ չունի: Նկատել էինք, որ անգամ երկրորդ սարքաւորման ձեռքբերումը չի արագացնի նոյնականացման գործընթացը եւ որ դրա համար աւելի քան 6-7 ամիս կը պահանջւի։ Եւ ահա, նոր սարքաւորում ձեռք բերելուց երեք ամիս անց պարզ դարձաւ, որ ոլորտի պատասխանատուները ստիպւած են զոհերի շուրջ 100 մասունք արտասահման ուղարկել, քանի որ դրանք չափազանց վնասւած են եւ որ Հայաստանում առկայ սարքաւորումներով հնարաւոր չէ իրականացնել դրանց նոյնականացումը։ Իսկ ռազմական գործողութիւնների դադարից 7 ամիս անց էլ պատերազմի զոհերի մարմիններից եւ մասունքներից վերցւած 70 փորձանմուշ դեռեւս գտնւում է փորձաքննութեան ընթացքում։ Նման պարագայում տրամաբանական հարց է ծագում՝ հերթական անարդիւնաւէտ ծախսը կատարելուց առաջ միթէ՞ ոլորտի պատասխանատուները չէին հաշւարկել ԴՆԹ նոյնականացման փորձաքննութիւնների ընթացքում ի յայտ եկող հնարաւոր խնդիրները, թէ՞ վախենալով զոհերի հարազատների արդարացւած բողոքից, շտապեցին փարատել հարազատների դժգոհութիւնները՝ յայտարարելով, թէ պետութիւնը երկրորդ սարքաւորումը ձեռք է բերում ԴՆԹ հետազօտութիւններն արագացնելու համար։ Եւ, ի վերջոյ, միթէ՞ արդարացւած է յետպատերազմեան ճգնաժամի եւ սոցիալ-տնտեսական լուրջ դժւարութիւնների առջեւ յայտնւած երկրի համար նման հոսքագծի ձեռքբերումը վստահել մի ընկերութեան, որը կարող է գերշահոյթ ստանալ պատերազմի զոհերի մարմինների եւ մասունքների ԴՆԹ նոյնականացման փորձաքննութիւններին առնչւող մատակարարումից։ Կամ գուցէ պետական պաշտօնեաները ե՞ւս ներգրաււած են եղել այս գործընթացում եւ ստացել իրենց մասնաբաժի՞նը։ Այս հարցերի պատասխանները ստանալու եւ գործարքի ընթացքում թոյլ տրւած հնարաւոր ապօրինութիւնները բացայայտելու հարցում առաջին հերթին անելիք ունի գլխաւոր դատախազութիւնը, որը եւ պէտք է պարզի, թէ որքանով են արդիւնաւէտ ծախսւել պետական միջոցները, արդեօք գործ ունենք վատնման ենթադրեալ դէպքի հետ, թէ՞ ոչ։ Այս հարցի առնչութեամբ իր դիրքորոշումը պէտք է յայտնի նաեւ պետութեան ղեկավարը, որն ուղիղ պարտաւորութիւն ունի զոհւած զինծառայողների մարմինների եւ մասունքների նոյնականցման խնդիրը լուծելու հարցում։ Ի դէպ՝ Նիկոլ Փաշինեանը ընդդիմադիր պատգամաւոր եղած տարիներին յաճախ էր թիրախաւորում եւ քննադատում այն մատակարարներին, որոնք գերշահոյթ էին ստանում։ Ըստ Փաշինեանի՝ Հայաստանում ամենից շատ գերշահոյթ էին ստանում Պաշտպանութեան նախարարութեան մատակարարները։ Հետաքրքիր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանն այս հարցի առնչութեամբ դեռ նոյն դիրքորոշո՞ւմն ունի, թէ՞ իւրայիններին պաշտպանելու համար հերթական անգամ պատրաստ է աչք փակել պետական միջոցների փոշիացման վրայ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։