Հա

Քաղաքական

30/05/2021 - 12:50

«Եթէ կարողանանք Սիւնիքում իրանական տնտեսական ներկայութիւն ապահովել, եւ այն կապել ԵԱՏՄ-ի հետ, մեծանալու է Սիւնիքի մարզի աշխարհաքաղաքական կարեւորութիւնը». Իրանագէտ

Իրանագէտ Գարիկ Միսակեանը, 168.am-ի հետ զրոյցում անդրադառնալով Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի Երեւան եւ Բաքու կատարած տարածաշրջանային այցերին, նշեց, որ դրանք պայմանաւորւած էին յատկապէս Սիւնիքի մարզի շուրջ ստեղծւած իրավիճակով, քանի որ Իրանի համար Սիւնիքում կայունութիւնն ազգային անվտանգութեան շահերից բխող հարցերից է համարւում։

«alikonline.ir» - Իրանագէտ Գարիկ Միսակեանը, 168.am-ի հետ զրոյցում անդրադառնալով Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի Երեւան եւ Բաքու կատարած տարածաշրջանային այցերին, նշեց, որ դրանք պայմանաւորւած էին յատկապէս Սիւնիքի մարզի շուրջ ստեղծւած իրավիճակով, քանի որ Իրանի համար Սիւնիքում կայունութիւնն ազգային անվտանգութեան շահերից բխող հարցերից է համարւում։

«Իրանի արտգործնախարարը Երեւանում եւ Բաքւում եւս մէկ անգամ նշեց Իրանի կողմից մշտապէս կարեւորւող տարածքային ամբողջականութեան, միջազգայնօրէն ճանաչւած սահմանների անձեռնմխելիութեան թեզը՝ այս անգամ առաւելապէս շեշտելով Հայաստանի հանգամանքը, քանի որ խնդիրը հէնց Սիւնիքին էր վերաբերում»,- ասաց իրանագէտը։

Նա կարեւորեց նաեւ Զարիֆի կողմից երկու պետութիւններում արւած այն յայտարարութիւնը, որով Իրանը պատրաստակամութիւն է յայտնում զարգացնել իր յարաբերութիւնները բոլոր ոլորտներում․

«Եթէ Ադրբեջանում այդ յայտարարութիւնները մինչ այդ հնչած կարծիքների կրկնութիւն էին, քանի որ Ռուհանիի կառավարութեան օրօք Ադրբեջանի հետ յարաբերութիւնները դինամիկ զարգացման մակարդակի վրայ էին գտնւում, ապա Հայաստանում Զարիֆը հանդէս եկաւ տնտեսական բաղադրիչի մասին շեշտադրումներով, խօսեց նաեւ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարի նախօրօք կատարած այցի մասին՝ յոյս յայտնելով, որ համատեղ ծրագրերը որքան հնարաւոր է շուտ կեանքի կը կոչւեն։ Զարիֆի կողմից շեշտւեց նաեւ, որ Իրանը շահագրգռւած է մեծացնել իր ներկայութիւնը Սիւնիքում»։

Նկատենք՝ համատեղ ծրագրերը վերաբերում են Սիւնիքում ակտիւ տնտեսական ներկայութեանը, «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տարանցիկ միջանցքին եւ Մեղրու ազատ տնտեսական գօտուն։

Հարցին, թէ մօտ ապագայում կարո՞ղ ենք ականատես լինել յիշեալ ծրագրերի իրագործմանը, Գարիկ Միսակեանը պատասխանեց.

«Դատելով վերջին շրջանում Իրանի շահագրգռւածութիւնից այդ հարցում, նաեւ դատելով Զարիֆի յայտարարութիւններից եւ նաեւ այն հանգամանքից, որ կարծես թէ Հնդկաստանն էլ է շահագրգռւած Հայաստանի տարածքով տարանցման ուղի ունենալու հարցում՝ յոյս ունենանք, որ մօտ ապագայում դրանք կեանքի կը կոչւեն։

Սիւնիքով Հիւսիս-Հարաւի շինարարութիւնը եւ Մեղրու տնտեսական գօտու գործարկումը բխում են նաեւ ՀՀ շահերից. Իրանը Սիւնիքի մարզում իր տնտեսական ներկայութեամբ, ազդեցութեան մեծացմամբ՝ նաեւ կանխարգելելու է Ադրբեջանի կամ այլ պետութեան ազդեցութեան աճը Սիւնիքում։ Այսինքն՝ եթէ մենք կարողանանք Սիւնիքում իրանական տնտեսական ներկայութիւն ապահովել, եւ այդ տնտեսական ներկայութիւնը կապել ԵԱՏՄ-ի հետ, բաւականին մեծանալու է Սիւնիքի մարզի աշխարհաքաղաքական կարեւորութիւնը։ Բացի այդ՝ Սիւնիքում ներգրաււած պետութիւնները նաեւ պարտաւորւելու են որոշակի չափով ապահովել ե՛ւ Սիւնիքի անվտանգութիւնը, ե՛ւ իրենց կապիտալի, ներդրումների անվտանգութիւնը»։

Իրանագէտի համոզմամբ՝ Իրանը նաեւ այս կերպ փորձելու է զսպել պատերազմից յետոյ թուրքական ազդեցութեան մեծացումը տարածաշրջանում.

«Արցախեան վերջին պատերազմից յետոյ իրանական կողմում հասկացել են, որ տարածաշրջանում եւ յատկապէս Ադրբեջանում բաւականին մեծացել է թուրքական ազդեցութիւնը, որը, բնականաբար, չի բխում Իրանի շահերից։ Իրանն Ադրբեջանում փորձում է իր տնտեսական ազդեցութիւնը մեծացնել՝ չցանկանալով դիրքերը զիջել Թուրքիային, իսկ Հայաստանի հետ կապւած՝ Իրանին ձեռնտու չէ տարածաշրջանում թուլացած Հայաստան, ինչպէս նաեւ Իրանի համար կարեւոր է հիւսիսում ունենալ սահման ոչ թուրքական պետութեան հետ։

Իրանը հասկանում է, որ, եթէ վտանգ սպառնայ հայ-իրանական ցամաքային սահմանին, ապա իրենց հիւսիսային նահանգները, որտեղ նաեւ պանթուրքիստական անջատողականութեան որոշակի տոկոս կայ, կարելի է ասել՝ շրջափակւում են թուրքական պետութեամբ. Հեռահար եթէ նայենք խնդրին, Իրանի համար դա ազգային անվտանգութեան հարց է, ինչը շօշափւում է նաեւ իրանական փորձագիտական ու լրատւական շջանակներում։ Եթէ ՀՀ-ն կարողանայ իր դիւանագիտական յարաբերութիւնները ճիշտ կառուցել ԻԻՀ-ի հետ, ապա իրանական կողմը շահագրգռւած կը լինի նոյնիսկ ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում»։

Հարցին, թէ գործող իշխանութիւնների պարագայում այդ յարաբերութիւնների զարգացում կարո՞ղ ենք ակնկալել, Գարիկ Միսակեանը պատասխանեց.

«Իրանը, այնուամենայնիւ, եթէ անգամ չի վստահում, կամ ամբողջութեամբ չի վստահում ներկայիս իշխանութիւններին, ցանկանում է շարունակել այդ յարաբերութիւնները՝ հէնց իր ազգային անվտանգութեան տեսակէտից ելնելով։ Այդուհանդերձ, իրանական կողմում, ըստ լրատւական դաշտի, կայ նաեւ սպասողական դիրքորոշում՝ թէ ինչ արդիւնքներ են գրանցւելու հայաստանեան ընտրութիւններում։

Սակայն, եթէ դատելու լինենք երեք տարիների ընթացքում հայ-իրանական յարաբերութիւնների զարգացման դինամիկայով, ապա կարելի է նշել, որ գործող կառավարութեան կողմից հայ-իրանական յարաբերութիւնները սկսեցին մեծ ծրագրերի մակարդակում զարգացման միտւել Արցախեան պատերազմից յետոյ, երբ հասկացան, որ իրանական սահմանը Հայաստանի համար կենսական նշանակութիւն ունի։ Մինչ այդ, եթէ յիշենք, կային, բազմաթիւ խնդիրներ հայ իրանական յարաբերութիւններում, որոնք նաեւ իրենց բացասական ազդեցութիւնն ունեցան Արցախեան պատերազմում Իրանի որդեգրած դիրքորոշման հարցում՝ Իսրայէլի դեսպանատան բացումը, Բոլթոնի այցը Հայաստան եւ յայտարարութիւնները հայ-իրանական սահմանի մասին, իրանական սահմանի մասին Հայաստանի խորհրդարանից հնչած յայտարարութիւնները, Մեղրու տնտեսական գօտու չգործարկւելը եւ այլն»։

 

Զարուհի Դիլանեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։