Հա

Քաղաքական

30/05/2021 - 13:00

Հայաստանը՝ կոլեկտիւ էֆթանազիայի նախաշեմին

Գնչուական թափառախմբի նման անվտանգութեան տասնեակ աշխատակիցների ուղեկցութեամբ գրասենեակից գրասենեակ շրջող Նիկոլ Փաշինեանը խեղճացած է ու խեղճ այնքան, որ անգամ նրա անգերազանցելի ցինիզմն ու ամբարտաւանութիւնն ի զօրու չեն թաքցնել դա։ Խեղճութիւնը նրա՝ խորամանկել փորձող հայեացքում է ու երերացող ձայնում, սուտը թաքցնել փորձող ժեստերում ու նախկին պոռթկումներին նմանակելու չստացւող փորձերում։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Գնչուական թափառախմբի նման անվտանգութեան տասնեակ աշխատակիցների ուղեկցութեամբ գրասենեակից գրասենեակ շրջող Նիկոլ Փաշինեանը խեղճացած է ու խեղճ այնքան, որ անգամ նրա անգերազանցելի ցինիզմն ու ամբարտաւանութիւնն ի զօրու չեն թաքցնել դա։ Խեղճութիւնը նրա՝ խորամանկել փորձող հայեացքում է ու երերացող ձայնում, սուտը թաքցնել փորձող ժեստերում ու նախկին պոռթկումներին նմանակելու չստացւող փորձերում։

Նիկոլ Փաշինեանն իր ղեկավարած, իրականում՝ իր տապալած Հայաստանի քայլող մարմնաւորումն է՝ նւաղած ու վախեցած, անինքնուրոյն ու խնդրարկու։ Նրա դողդոջուն յայտարարութիւնը, թէ իր ղեկավարած ուժն ընտրութիւններում պէտք է 60 տոկոս ձայն հաւաքի, աւելի են ընդգծում այդ խեղճութիւնը. նա վստահաբար իրականութիւնից կտրւած չէ այնքան, որ չպատկերացնի իր այդ յայտարարութեան անհեթեթութիւնը։ Ոչ։ Այդպիսով պարզապէս նա իր հետ հանդիպող սակաւաթիւ մարդկանց ներկայացնում է իր խեղճութիւնը՝ խղճահարութիւն առաջացնելով եւ աղերսելով ընտրել իրեն։

Բացառւած չէ, իհարկէ, որ սա յատուկ մշակւած տեխնոլոգիա է, եւ այդպիսով Նիկոլ Փաշինեանը փորձում է առաջացնել հասարակութեան խղճահարութիւնը՝ նրանից ակնկալելով ոչ թէ վստահութեան, այլ խղճահարութեան ու ողորմութեան քւէ։ Բայց եթէ անգամ դա մտածւած տեխնոլոգիա է, եւ Նիկոլ Փաշինեանն ընդամէնը խեղճի դեր է խաղում, միեւնոյն է՝ նա արտայայտում է նաեւ իր ներքին, իրական խեղճութիւնը։

5000 հայորդիների մահւան համար առնւազն անուղղակի պատասխանատւութիւն կրող Նիկոլ Փաշինեանը փորձում է ներկայանալ զոհի կերպարով, ինչն աւելի արտայայտիչ է դարձնում նրա ցինիզմը։ Բայց անկախ կերպարներից ու դերերից, նրա վերջին ելոյթներն ունեն մի չերեւացող առանձնայատկութիւն. Նիկոլ Փաշինեանն այլեւս հետաքրքիր չէ, նրա խօսքն այլեւս որեւէ հմայք չունի, նա կորցրել է անգամ ինտրիգ յարուցելու կարողութիւնը։

Նիկոլ Փաշինեանի խօսքին արդէն հետեւում են սպորտային հետաքրքրութեամբ՝ փորձելով պարզել, թէ մինչեւ ո՞ւր կարող է շարունակւել նրա մարդկային ու քաղաքական բարոյականութեան անկումը, եւ թէ որքա՞ն աւելի թշնամահաճոյ կարող է լինել նրա ամէն յաջորդ էայտարարութիւնը։

Նիկոլ Փաշինեանն աղէտի, արհաւիրքի ու մահւան քայլող խորհրդանիշ է։

Քաղաքացիներից քւէ ակնկալելու նրա բոլոր փորձերն իրականում ուղիղ անարգանք են մարդկանց նկատմամբ. նա քաղաքացիների աչքերի մէջ չնայելով՝ խնդրում կամ կոչ է անում ընտրել աղէտն ու մահը։ Եւ եթէ որեւէ պարագայում Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը վերարտադրւի, դա լինելու է հայ ժողովրդի մազոխիզմի ախտորոշումը, ինչպէս եւ այն բանի վկայութիւնը, որ լոյսի ու խաւարի երկընտրանքում հասարակութիւնն ընտրում է խաւարը, ինչպէս որ կեանքի ու մահւան պարագային նախապատւութիւնը տալիս է վերջինին։

Աշխարհի երկրների մեծ մասում էֆթանազիան՝ մահւան գիտակցւած ընտրութիւնը, արգելւած է օրէնքով։ Հայաստանում եւս անհատի էֆթանազիան օրէնքով անթոյլատրելի է։ Սակայն միանգամայն թոյլատրելի է կոլեկտիւ էֆթանազիան՝ գիտակցւած մահը, որն առաջարկում է Նիկոլ Փաշինեանն ընտրութիւններին իր մասնակցութեամբ։

«Մահ իմացեալ՝ անմահութիւն է» արտայայտութիւնն ընդունւած է կիրառել յանուն հայրենիքի մահւան պարագային։ Նիկոլ Փաշինեանին ընտրելու դէպքում հայ հասարակութիւնն իմացեալ մահւան է գնալու՝ յանուն անհայրենիքութեան ու հայրենիքի կորստի՝ վերջնականապէս ջախջախելով հայ ժողովրդի հազարամեայ իմաստնութեան մասին դպրոցներում ուսուցանւող թեզը։

 

168.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։