Հա

Քաղաքական

01/06/2021 - 13:35

«Կարճ ասած». «Ինչո՞ւ եմ մերժում Նիկոլին եւ ինչո՞ւ եմ ընտրում հէնց «Հայաստան» դաշինքը»

Կարճ ասած՝ ո՞վ եւ ի՞նչն է ինձ վստահութիւն տալիս. Դաշնակցութիւնը վառ է պահում հայրենասիրութիւնը, Սփիւռքում հային հայ է պահում, Սիւնիքը Հայաստանի վահանն է թշնամու դէմ, իր մարմնով պահում է Հայաստանը։ Նրանք միացել են Ռոբերտ Քոչարեանին, մարդու, որի ուժն ու հզօրութիւնը, ամրութիւնը որեւէ կասկած չեն թողնում, որ յաղթահարելու ենք խնդիրները։ Եւ իհարկէ՝ յիշում ենք 1998-2008 թւականները. չի եղել երկրորդ նախագահի խոստում, որը մնայ անկատար։ 365 օր՝ ամէն օր աշխատանք ու ամէն օր կը զգանք այդ փոփոխութիւնը։

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

 

Շատերս ենք ասում, որ յունիսի 20-ին մենք ընտրութիւն ենք կատարելու ընդհանրապէս պետութիւն ունենալ-չունենալու միջեւ։ Կախւած նրանից, թէ որ ուժն է ընտրւում, կարող ենք հասկանալ մեր գլխին գալիքը՝ Հայաստանը մնո՞ւմ է մեզ, թէ՞ յանձնում ենք մեր թշնամիներին ու հակառակորդներին։ Թէ ինչ է ասում ու անում Նիկոլ Փաշինեանը՝ նորութիւն չէ, արդէն գիտենք, արդէն կարող են իրենք ծրագիր էլ չտպել, գիտենք ինչ Հայաստան են բերելու, տեսել ենք եւ տեսածից ելնելով՝ շարունակութիւնն ենք կանխատեսում. Նիկոլի վերընտրւելու դէպքում ստացւում է՝ Սիւնիքի կէսը Ադրբեջան է, Գեղարքունիքի կէսը՝ Սեւանայ լճի ամենամաքուր՝ Շորժայի ափով Ադրբեջան է, Տաւուշի կէսը Ոսկեպարով ու այլ գիւղերով, Ադրբեջան է, Վայոց ձորը՝ Ջերմուկի լեռներով, Ադրբեջան է։ Իսկ ինչ մնաց տակը, դրանով բացենք սահմանները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, թուրքական ներդրումները բերենք ու ապրենք այդ տրամաբանութեամբ, եթէ դա ապրել է համարւում։ Եթէ որեւէ մէկը կասի, թէ Նիկոլի վերընտրւելու պարագայում այդպէս չի լինելու, ուրեմն նա առնւազն անհեռատես է։

Էն գիւղացին, որ ամէն օր դժգոհում է ապրանքի իրացումից, պէտք է իմանայ, որ ա՛յս հեռանկարն է իր առաջ. նա Նիկոլի Հայաստանում հողը մշակելու է ադրբեջանցի հողատիրոջ մօտ, էն կօշկակարը, կարի արտադրամասում աշխատողը, որ Նիկոլ է ընտրում, թող պատրաստւի եառլիկի վրայ գրելու պատրաստւած է Թուրքիայում. էս հաղորդումը իմ փոխարէն վարողը սկսելու է թուրքական ողջոյնով։ Սա՛ է լինելու։ Արժանապատիւները լքելու են երկիրը, լքելու փող չունեցող արժանապատիւները խառնւելու են նիկոլական զանգւածին ու շարունակելու են ապրել համատարած ամօթի մէջ։ Դա Նիկոլի նւիրած Հայաստանի շարունակութիւնն է։

Եթէ որեւէ մէկը կարծում է, թէ ես չափազանցնում եմ, ուրեմն նա չի կարողանում վերլուծել, գիտակցել ու հասկանալ, թէ մենք ինչի միջով ենք անցել այս երեք տարին, յատկապէս՝ վերջին տարին ու ինչ է կատարւում մեր երկրում։

Ու չնայեք, թէ ինչ է գրւած Նիկոլի ծրագրում. երեք տարի առաջւայ ծրագրում ոչինչ չկար այն մասին, որ Նիկոլ յայտարարելու է՝ Ղարաբաղը Ադրբեջան է, իսկ երէկ յայտարարեց։ Էդ ծրագրում ոչինչ չկար այն մասին, թէ որ լեռի վրայ ձիւն է դրել, պէտք է տանք Ադրբեջանին, երկու օր առաջ յայտարարեց։ Գրւած չէր, որ Նիկոլը յայտարարելու է՝ Շուռնուխից սկսած՝ Ադրբեջան է։ Հէնց երէկ Հանրային հեռուստաընկերութիւնը, Նիկոլի Հ1-ը քարոզ էր անում, որ Տիգրանաշէնը Ադրբեջան է, լրագրողը հայկական ցուցանակի տակ կանգնել ու նշում էր, որ առաջ սա ադրբեջանական էր ու գիւղում ադրբեջանցիներ էին։ Հ1-ը իրենց բաժինն արդէն տւել է։ Նիկոլի Այդ ծրագրում գրւած չէր, որ աղքատութիւնը կը հասցնեն 40 տոկոսի, որ պաշտօնեաները պարգեւավճար են ստանալու։

Մենք գիտենք, թէ ինչ է մեզ առաջարկելու իշխանութիւնը, լաւ հասկանում ենք, տեսել ենք ու այդ մասին Նիկոլը յայտարարում է իր կիսախելագար ելոյթներում։

Եւս 3 տարի եթէ նոյն տեմպերով գնանք, եւս երեք տարի եթէ ամէն տարի 15 տոկոսով աղքատութիւնը մեծանայ, 15 տոկոսով գործազրկութիւնը մեծանայ, 10 տոկոսով ներդրումները փախչեն, միջինը 6 տոկոսով գնաճ լինի, ո՞ւր կը հասնենք երեք տարի յետոյ։ Դու՝ ինձ նայող հեռուստադիտող, տես դու ինչ վիճակում ես հասել երեք տարում ու իմացիր, որ յաջորդ երեք տարում քո էդ վիճակը խորանալու է։ Գիւղում հողի մշակ ես՝ թարկելու ես գործդ, պետական հիմնարկներում ես աշխատում, կրճատւելու է, մասնաւորում ես աշխատում, բիզնեսդ փակւելու է, օտարերկրեայ կապիտալով ընկերութիւնում ես աշխատում, արտագաղթելու է բիզնեսը։ Անկայուն երկիրը մի հատ ճահիճ է, որտեղ միայն գորտերի ձայնն է լսւում։ Նիկոլի ընտրւելու դէպքում հէ՛նց դա է լինելու, իսկ 2 տարի յետոյ մենք էլի ընտրութիւնների առաջ ենք կանգնելու, բայց արդէն կատարեալ սովահար ժողովրդով, կէսն ընկած Հայաստանով։ Մեր աչքի առաջ ունենք զուր կորցրած երեք տարի։ Ամենակարեւորը վստահութիւնն է, որը այդ մարդու պարագայում լիովին բացակայում է։

Ի դէպ, նա արդէն ընկալել է, ընդունում է, որ դաւաճան է ու հէնց դրա համար էլ ելոյթներում կասկած է յայտնում՝ լաւ, բա որ ես դաւաճան եմ, ինչի՞ են ինձ հետ մարդիկ հանդիպման գալիս։ Դո՛ւք մտածէք, ժողովուրդ, թէ ինչու էք գնում։ Չնայած Նիկոլի հաւաքներին մարդկանց թիւը ինձ լիովին բաւարարում է՝ նրանք քիչ են եւ՝ զոռով միտինգի քշւած։

Եւ ուրեմն, ես մերժում եմ Նիկոլի ծրագիրը, ես մերժում եմ Նիկոլի թիմը, Նիկոլի կառավարութիւնը ու ես ընտրում եմ արժանապատիւ ու ապահով Հայաստանը։ «365 օր. ապագան սկսւում է հիմա». այսպէս է կոչւում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գլխաւորած «Հայաստան» դաշինքի ծրագիրը, որի շնորհանդէսը մայիսի 29-ին էր։ Առաջիկայում կանդրադառնամ այդ ծրագրին մանրամասնօրէն, բայց ասեմ, որ չկայ մեր առջեւ ծառացած մի կենսական խնդիր, որը ծրագրում չկա եւ լուծումը առաջարկւած չէ։

Նրանք խոստանում են հաւասարակշիռ արտաքին քաղաքականութիւն, ոչ թէ էժան շուստրիութիւն, ինչպէս այսօր է։ Նրանք ոչ թէ մարդամէկի նման ասում են՝ մենք հպարտանում ենք մեր պարտութեամբ, այլ ասում են՝ մենք մերժում ենք պարտւածի հոգեբանութիւնը՝ վստահ լինելով, որ Հայաստանն իր դաշնակիցների հետ կարող է ձեւաւորել տարածաշրջանային նոր օրակարգ։ Նրանք խոստանում են անվտանգ Հայաստան։ Նրանք խոստանում են անյապաղ ձեռնամուխ լինել 44-օրեայ պատերազմում գերեվարւած բոլոր անձանց վերադարձին, զոհւածների եւ անհետ կորածների տւեալների յստակեցմանը: Ստեղծելու են վիրաւորների վերականգնման նոր եւ լիարժէք պայմաններ ու դա անելու են էն շէնքում, որտեղ այսօր ձեր միջոցներով կեանքն է վայելում Նիկոլը, Արարատ Միրզոյեանը։ Բոլոր փախստականներին ապահովելու են բնակարաններով եւ կեանքի արժանապատիւ պայմաններով: Բոլոր ու բոլոր ոլորտների վերաբերեալ կան դրոյթներ, այլ որակի երկիր սարքելու դրոյթներ։

Ամենակարեւորներից է մթնոլորտը։

Յաղթահարելու ենք ներազգային պառակտւածութիւնը՝ երկրում վերականգնելով համերաշխութեան եւ երկխօսութեան կենսական մթնոլորտը։ Բոլորս մեր օրինակներով գիտենք՝ բարեկամների, հարազատների մէջ անգամ սեւ ու սպիտակի ենք բաժանւել, բոլորս էլ ունենք բարեկամներ, որոնց հետ չենք շփւում, դա մեզ ջլատում է։ Չի կարող ներսում, ընտանիքներում ունենանք պառակտւածութիւն, բայց երկրում դա չլինի։ Դա շտկելու ենք։ Տնտեսապէս խոստանում են Հայաստանը դարձնել ապրելու երկիր։ Ձեզանից ամէն մէկը, ամէն ընտանիք կարող է իր աշխատանքով ապրել ապահով, առաւօտ չզարթնել ու մտածել հացի մասին։ Երիտասարդ ընտանիքները կը կարողանան իրենց բնակարանային ու այլ խնդիրները լուծել, ու ընդհանրապէս ընտանիք կազմելու ցնկութիւն կունենան, ոչ թէ կապրեն անկանխատեսելի երկրում, որտեղ չգիտես՝ մէկ օր յետոյ ինչ կարող է լինել։ Ամենակարեւորներից եմ համարում համաչափ զարգացումը, որ այսքան խորը ու մեծ չլինի տարբերութիւնը մեր երկրի տարբեր անկիւնների։

Այս ծրագրում չկայ պոպուլիզմ, այստեղ կոնկրետ լուծումներ են։ Այս ծրագրում չկայ մի կէտ, որը գրւած է ամբոխին դուր գալու համար։ Սա ուժեղ ու անվտանգ պետութեան մասին է։

Հայաստանի բրենդը չի լինելու յեղաշրջումը, պարտութիւնն ու գիժ ղեկավարութիւնը։ Հայաստանի բրենդը լինելու է աշխատող ու բարեկեցիկ քաղաքացին, մարտունակ բանակը, աշխատող պետութիւնը, սեփական բարձր արտադրանքը, կրթւած քաղաքացին։

Կարճ ասած՝ ո՞վ եւ ի՞նչն է ինձ վստահութիւն տալիս. Դաշնակցութիւնը վառ է պահում հայրենասիրութիւնը, Սփիւռքում հային հայ է պահում, Սիւնիքը Հայաստանի վահանն է թշնամու դէմ, իր մարմնով պահում է Հայաստանը։ Նրանք միացել են Ռոբերտ Քոչարեանին, մարդու, որի ուժն ու հզօրութիւնը, ամրութիւնը որեւէ կասկած չեն թողնում, որ յաղթահարելու ենք խնդիրները։ Եւ իհարկէ՝ յիշում ենք 1998-2008 թւականները. չի եղել երկրորդ նախագահի խոստում, որը մնայ անկատար։ 365 օր՝ ամէն օր աշխատանք ու ամէն օր կը զգանք այդ փոփոխութիւնը։

Անձամբ վստահում եմ եւ հպարտ եմ, որ աջակցում եմ հէնց ա՛յս դաշինքին։ Ես իմ ապագան տեսնում եմ Հայաստանում ու յստակ որոշել եմ ում եմ ընտրում։ Իսկ դո՞ւ։

 

Yerevan.today

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։