Հա

Քաղաքական

03/06/2021 - 10:15

«Արդեօք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ ռեպորտաժով ՀՀ եւ նրա քաղաքացու իրաւունքների ու շահերի դէմ գեներացւել է հաւաստի ապացոյց». ՄԻՊ-ի մանրամասն արձագանքը Հ1-ի ռեպորտաժին

ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է մանրամասն արձագանք Հանրային հեռարձակողների խորհրդի յունիսի 2-ի յայտարարութեանը՝ կապւած «Լուրեր» թողարկմամբ «ադրբեջանական անկլաւների» վերաբերեալ հեռարձակւած ռեպորտաժի վերաբերեալ Մարդու իրաւունքների պաշտպանի հրապարակային դիրքորոշման հետ:

«alikonline.ir» - ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է մանրամասն արձագանք Հանրային հեռարձակողների խորհրդի յունիսի 2-ի յայտարարութեանը՝ կապւած «Լուրեր» թողարկմամբ «ադրբեջանական անկլաւների» վերաբերեալ հեռարձակւած ռեպորտաժի վերաբերեալ Մարդու իրաւունքների պաշտպանի հրապարակային դիրքորոշման հետ:

Յայտարարութիւնն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.

Հանրային հեռարձակողների խորհրդի արդէն երէկւայ՝ յունիսի 2-ի յայտարարութիւնը, որը վերաբերում է Հանրային հեռուստաընկերութեան 2021թ. մայիսի 30-ի «Լուրեր» թողարկմամբ այսպէս կոչւած «ադրբեջանական անկլաւների» վերաբերեալ եթեր հեռարձակւած ռեպորտաժին, առաւել ամրապնդում է ՀՀ սահմանային բնակիչների իրաւունքների ու շահերի լրջագոյն խախտումների ու նրանց անվտանգութեան վտանգները:

Մարդու իրաւունքների պաշտպանի սոյն յայտարարութիւնն էլ բխում է ՀՀ բնակչութեան եւ առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրաւունքների ու շահերի (կեանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիութեան, սեփականութեան ու ազատ տեղաշարժի եւ այլ իրաւունքներ) պաշտպանութեան, նրանց անվտանգութեան ապահովման անհրաժեշտութիւնից:

Մասնաւորապէս, Հանրային հեռուստաընկերութեան վերը նշւած ռեպորտաժի յաջորդ օրը՝ մայիսի 31-ին Մարդու իրաւունքների պաշտպանը ստիպւած էր հանդէս գալ հրապարակային դատապարտող արձագանքով, որը նպատակ ունէր կանխարգելիչ ազդեցութեամբ բացառել նմանատիպ հաղորդումները հետագայում թէ՛ Հանրային Հեռուստաընկերութեան եթերից, թէ՛ այլ լրատւական կազմակերպութիւնների եւ լրագարողների կողմից:

Ընդ որում, Պաշտպանի յայտարարութեան ձեւակերպումները յատուկ էին ընտրւել այնպէս, որ առանց այդ էլ թիրախաւորւած երիտասարդ լրագրողը լրացուցիչ թիրախաւորումների չենթարկւի:

Բայց Հանրային հեռարձակողների խորհրդի՝ որպէս պետական հաստատութեան խիստ մտահոգիչ յայտարարութիւնը միանգամայն փոխում է կանխավարկածն այն ուղղութեամբ, որ Հանրային հեռուստաընկերութեան «Լուրեր» թողարկման վտանգաւոր շեշտադրումներով նշւած ռեպորտաժն իրականում յատուկ ծրագրային քաղաքականութիւն է կամ դրա մասը:

Աւելին, այդ կանխավարկածն առաւել ամրապնդւում է վերջին շրջանում այն պաշտօնեաների անպատասխանատու յայտարարութիւնների ֆոնին, որոնք բացայայտ հակասում են ՀՀ սահմանային բնակիչների իրաւունքներին ու վտանգում նրանց անվտանգութիւնը:

Այդ պաշտօնեաներն իրենց յայտարարութիւններով, ըստ էութեան, ապացոյցներ են ապահովում, որոնք կարող են օգտագործւել տարբեր, այդ թւում՝ միջազգային ատեաններում ՀՀ ու նրա քաղաքացիների իրաւունքների եւ շահերի դէմ:

Ընդ որում, Մարդու իրաւունքների պաշտպանի մայիսի 31-ի արձագանքն այդ ռեպորտաժին պայմանաւորւած էր նաեւ նրանով, որ ուսումնասիրութիւններն արդէն իսկ արձանագրել էին Պաշտպանի համար սպասելի բազմաթիւ ադրբեջանական լրատւամիջոցների հեռուստատեսային ու տպագիր նիւթեր, որոնք ուրախութեամբ ադրբեջանական հանրային քննարկման առարկայ էին դարձրել այդ ռեպորտաժը՝ արձանագրելով, որ Հայաստանում պետական մակարդակով ընդունում են, որ նշւած գիւղերը պատկանում են Ադրբեջանին (յղումներն այս յայտարարութեան վերջում): Աւելին արդէն իսկ տարածում են ստանում կոչերը «յետ վերցնելու ադրբեջանական գիւղերը հայկական օկուպացիայից»:

Ադրբեջանական քարոզչական նշւած նիւթերում, որպէս ադրբեջանական օգտին ապացոյց, օգտագործւում են նաեւ ՀՀ Ազգային ժողովի՝ Տաւուշից ընտրւած պատգամաւորի խօսքերը, որոնցով նա Տաւուշի մի շարք գիւղեր համարել էր «ադրբեջանական»: Այդ նիւթերում նոյնիսկ ադրբեջանական օգտին պնդումներ են արւում այն մասին, որ ռեպորտաժը պատրաստւել է ՀՀ կառավարութեան յանձնարարութեամբ:
Ուստի, իր իսկ ձեւաւորւած այս վտանգաւոր կանխավարկածը փարատելու համար Հանրային հեռարձակողների խորհուրդը Հանրային հեռուստաընկերութեան՝ ՀՀ քաղաքացիների իրաւունքների ու անվտանգութեան համար վտանգաւոր շեշտադրումներով ռեպորտաժն արդարացնելու փոխարէն պարտաւոր է պատասխանել առնւազն հետեւեալ հարցերին՝

1) Արդեօք ռեպորտաժում մտադրւած է Տիգրանաշէնը ներկայացւում «ադրբեջանական անկլաւ» կամ այլ կերպ՝ «ադրբեջանական տարածք» եւ արդեօք դա ծրագրային քաղաքականութիւն է այն պայմաններում, երբ Տիգրանաշէնն անկլաւի կարգավիճակ չի էլ ունեցել. այն պատմական հայկական գիւղ է:

2) Ինչո՞ւ է միայն նշւում, որ գիւղը Խորհրդային Ադրբեջանի մաս է կազմել եւ չկայ որեւէ նշում այն մասին, որ գիւղն ի սկզբանէ կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետութեան, այլ նաեւ Խորհրդային Հայաստանի մասը:

3) Ինչո՞ւ է Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկւած հայկական Քարքէ անւանումով (ներկայում՝ Տիգրանաշէն) գիւղը ներկայացւում հէնց ադրբեջանական Քեարքի անունով:

4) Արդեօք Հանրային հեռարձակողի խորհուրդը տեղեակ չէ, որ Տիգարանաշէնի անմիջական հարեւանութեամբ դէպի Նախիջեւանի խորքն ընկած տարածքում առկայ է եւս մէկ հայկական գիւղ կամ անկլաւ՝ հայկական պատմական Գենուտ գիւղը, որի անւանումն առաջացել է գեհէնի մշտադալար ծառից, եւ այն կազմել է Խորհրդային Հայաստանի մաս:

Անգամ, օրինակ, ՀԽՍՀ 1926թ. քարտէզում գիւղը կազմում է Հայաստանի մաս (քարտէզը հրապարակւում է՝ որպէս սոյն յայտարարութեան յաւելւած): Տարիների ընթացքում է գիւղը բաժանւել երկու մասի թիւրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետեւանքով եւ ստացել Ջաֆարլու եւ Գիւնութ անւանումները:

5) Ինչո՞ւ է գիւղերի պատկանելիութիւնը քննարկւում ադրբեջանական պետական քաղաքականութեան տեսանկիւնից՝ ղեկավարւելով միայն բնակչութեան էթնիկ պատկանելիութեան հիմքով:

Արդեօք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ այն փաստը, որ եթէ որեւէ բնակավայր բնակեցւած է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, աւտոմատ չի ենթադրում, որ նշւած տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետութեանը:

6) Ինչո՞ւ են Տաւուշի պատմական հայկական գիւղերը, օրինակ, Ոսկեպարը, որն ինչպէս 1918-1920թթ., այնպէս էլ Խորհրդային ժամանակահատւածում պատկանել է Իջեւանի գաւառի Բարանայի շրջանին, ներկայացւում միակողմանի՝ պնդումով առ այն, որ «ադրբեջանական անկլաւ» է եւ այլն:

7) Ինչո՞ւ ռեպորտաժում չկայ որեւէ քննարկում այն մասին, թէ ինչ վտանգաւոր հետեւանքներ կարող են առաջ գալ ոչ միայն այդ գիւղերում ապրող մարդկանց իրաւունքների, այլ ՀՀ ողջ բնակչութեան իրաւունքների ու անվտանգութեան համար, եթէ առաջնորդւեն այն կեղծ պնդումներով, թէ ռեպորտաժում քննարկւող գիւղերն ադրբեջանական են:

8) Արդեօք Հանրային հեռարձակողի խորհրդի համար պարզ չէ, որ «ադրբեջանական անկլաւ» նշանակում է տարածքի ոչ հայաստանեան, այսինքն՝ ադրբեջանական պատկանելիութիւն ու հարցն այդպէս լուծւելու դէպքում առաջանալու են հարիւրաւոր նոր ներքին տեղահանւածներ, ՀՀ սահմանային բնակիչների ունեզրկումներ, վտանգւելու է Տաւուշի ու Արարատի մարզերի բնակիչների ու, առհասարակ, այդ վայրերով անվտանգ ու ազատ տեղաշարժը (ինչպէս արդէն ներկայում Սիւնիքում է):

9) Ի՞նչ հիմքով է Կառավարութեան հիմնադրած հեռուստաընկերութեան եթերով հեռարձակւող ռեպորտաժով հանրութեան քննարկմանը ներկայացւում Ադրբեջանի հետ սահմանագծմանն ու սահմանազատմանը վերաբերող կասկածելի բովանդակութեամբ ինչ-որ փաստաթղթի նախագիծ, որի կոնկրետ տեքստը, ձեւակերպումներն ու հասկացութիւնները այդպէս էլ պաշտօնական որեւէ աղբիւրով չեն հրապարակւել ու պետական հաստատում չեն ստացել: Աւելին, դեռ մի հատ էլ այդ նախագծի հիման վրայ քննարկւում են տարածքի փոփոխութեանն առնչւող հարցեր՝ այն էլ մայր օրէնքի՝ ՀՀ Սահմանադրութեան վկայակոչմամբ:

10) Արդեօք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ Հանրային հեռուստատեսութեան լրատւական քաղաքականութիւնը միջագային ատեաններում ընկալւում է՝ որպէս պետական մօտեցում, քանի որ այս հեռուստաընկերութիւնը պետական է եւ հիմնադրւած է ՀՀ կառավարութեան կողմից:

11) Արդեօք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ ռեպորտաժով ՀՀ եւ նրա քաղաքացու իրաւունքների ու շահերի դէմ գեներացւել է հաւաստի ապացոյց:

Եւ այս ամէնն այն պայմաններում, երբ գրեթէ ամէն օր արձանագրւում են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմի հետեւանքով մեր հայրենակիցների զանգւածային խոշտանգումների եւ ունեզրկումների հաշւին ՀՀ սահմանային գիւղերի անմիջական հարեւանութեամբ ու համայնքների միջեւ ճանապարհներին յայտնւած ադրբեջանական զինւած ծառայողերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրաւունքների կոպիտ խախտումներ: Այն պայմաններում, երբ բնակիչները զրկւած են իրենց պատկանող հողատարածքներից, արօտավայրերից ու տներից, երբ չեն կարողանում ազատ օգտագործել ճանապարհները, ադրբեջանական զինւորականները պարբերաբար կրակում են գիւղերի հարեւանութեամբ, քաշքշում ու սպառնում են հովիւների՝ ՀՀ քաղաքացիական բնակիչների: Այն պայմաններում, երբ ադրբեջանական իշխանութիւնները, գնալով զարգացնում են հայատեացութիւնն ու թշնամանքը՝ ռազմավարական ու քաղաքական նպատակ հռչակելով Երեւան, Սեւանն ու Սիւնիքը։

Աւելին ռեպորտաժը հեռարձակւում է այն պայմաններում, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ չեն իրականացւել ու այս պայմաններում չեն էլ կարող, ինչը հաստատւել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարութեան կողմից:

Հէնց այսպիսի պատմական փաստերի բացայայտ աղաւաղումները, սահմանային բնակիչների իրաւունքներն ու նրանց անվտանգութիւնը բացայայտ անտեսող խիստ դատապարտելի, պատմութիւնից դասեր չքաղած ու ակնյայտ ոչ մասնագիտական մօտեցումներն են, որ տասնամեակներ շարունակ մեզ զրկել են ՀՀ եւ նրա քաղաքացու իրաւունքներն ու շահերը պաշտպանելու իրաւական հիմքերից՝ վտանգելով ՀՀ սահմանների անվտանգութիւնը:

Եւ վերջում՝ Հանրային հեռարձակողների խորհրդի գիտութեան համար առաջարկում ենք այսուհետ նկատի ունենալ, որ եթէ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը որեւէ հարցի վերաբերեալ հանդէս է գալիս հրապարակային արձագանքով, ուրեմն դրա հիմքում ընկած են հիմնաւոր ապացոյցներ, իսկ խնդիրներն էլ աւելի շատ են ու հիմնաւոր արձանագրւած:

Մարդու իրաւունքների պաշտպանի սահմանադրական գործառոյթներն են պետական մարմինների արարքներից պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրաւունքները՝ իրականացնելով նրանց նկատմամբ համապատասխան վերահսկողութիւն:

Հանրային հեռուստաընկերութիւնը, լինելով ՀՀ կառավարութեան կողմից հիմնադրւած եւ գործելով պետական ֆինանսաւորմամբ, իսկ Հանրային հեռարձակողների խորհուրդը, ձեւաւորւելով պետութեան կողմից, գտնւում են Մարդու իրաւունքների պաշտպանի ուղիղ վերահսկողութեան ներքոյ:

Ուստի, Հանրային հեռարձակողների խորհրդից պահանջում ենք մնալ սեփական լիազօրութիւնների սահմաններում, պահպանել կոռեկտութիւն ու միւս անգամ չփորձել գնահատականներ տալ Մարդու իրաւունքների պաշտպանի լիազօրութիւնների իրականացման հարցերին:

Հետեւաբար՝ խօսքը ՀՀ քաղաքացու իրաւունքները պաշտպանելու Մարդու իրաէունքների պաշտպանի գործառոյթների, այլ ոչ թէ բացայայտ շահարկող փաստարկներով հարցը լրատւամիջոցի գործունէութեանը միջամտելու տիրոյթ տեղափոխելու բացարձակ դատապարտելի փորձերի մասին է:

Ուստի, Մարդու իրաւունքների պաշտպանը վճռականօրէն վերահաստատում է իր մայիսի 31-ի յայտարարութեամբ արւած այն պնդումը, որ Հանրային հեռուստատեսութեան մայիսի 30-ի ռեպորտաժի շեշտադրումներն ուղղակիօրէն հակասում են առանց այն էլ այս բարդ իրավիճակում ՀՀ սահմանային բնակիչների իրաւունքներին:

Համոզւած վերահաստատում ենք նաեւ, որ մարդու իրաւունքների տեսանկիւնից ընդունելի չէ «ադրբեջանական անկլաւ» քաղաքական-մեխանիկական ձեւակերպումը. այն ուղղակիօրէն վտանգում ՀՀ բնակչութեան ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրաւունքներն ու անվտանգութիւնը:

Աւելին, Մարդու իրաւունքների պաշտպանը ՀՀ իրաւասու մարմինների ու պաշտօնատար անձանց ուշադրութիւնը հրաւիրում է Հանրային հեռարձակողների խորհրդի արդէն երէկւայ` յունիսի 2-ի վտանգաւոր յայտարարութեանը եւ Հանրային հեռուստատեսութեան մայիսի 30-ի ռեպորտաժին՝ չէզոքացնելու համար միջազգային ատեաններում ՀՀ քաղաքացիների իրաւունքների ու շահերի դէմ դրանց օգտագործման փորձերը: Սա յատկապէս կարեւոր է, քանի որ Հանրային հեռարձակողների խորհրդի նշւած յայտարարութեամբ ոչ միայն այդ ռեպորտաժին տրւեց առաւել մեծ տարածում, այլ նաեւ հաստատւեցին այդ ռեպորտաժի վտանգաւոր շեշտադրումների «հաւաստիութիւնը»:

Մինչ Հանրային հեռարձակողների խորհուրդը կը տայ վերն առաջադրւած հարցերի պատասխանները, Մարդու իրաւունքների պաշտպանը պատրաստակամութիւն է յայտնում ՀՀ սահմանային բնակիչների իրաւունքներին առնչւող հարցերի լուսաբանման առանձնայատկութիւնների, այդ թւում՝ պատմական փաստերի, քաղած դասերի վերաբերեալ իրականացնել վերապատրաստումներ Հանրային հեռարձակողների խորհրդի եւ Հանրային Հեռուստաընկերութեան «Լուրեր» թողարկման ղեկավար կազմի համար:

Ստորեւ ադրբեջանական հանրային քարոզչական հարթակների յղումների մի շարք օրինակներ են, որոնք անդրադարձել են Հանրային հեռուստաընկերութեան մայիսի 30-ի ռեպորտաժին»,- նշւում է հաղորդագրութեան մէջ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։