Դեռեւս իշխող ուժ համարւողներն օրեր առաջ Զինւած ուժերում իրենց կատարած աշխատանքի վերաբերեալ հաշւետւութիւն էին հրապարակել, որտեղ փորձել էին ակնյայտ մանիպուլեացիաներով «փաստական» տւեալներ ներկայացնէին:
«alikonline.ir» - Անվտանգային հարցերի փորձագէտ, «Յենակէտ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, «Պատիւ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Դեռեւս իշխող ուժ համարւողներն օրեր առաջ Զինւած ուժերում իրենց կատարած աշխատանքի վերաբերեալ հաշւետւութիւն էին հրապարակել, որտեղ փորձել էին ակնյայտ մանիպուլեացիաներով «փաստական» տւեալներ ներկայացնէին:
Առհասարակ նպատակայարմար չեմ համարում ներկայացւած հաշւետւութիւնը որեւէ ձեւով քննարկման ներկայացնել, որովհետեւ այստեղ ասելիքը մէկն է՝ պատերազմի քննութիւնը ցոյց տւեց, թէ իրականում որքան արդիւնաւէտ է եղել այս իշխանութիւնը ոչ միայն բուն անվտանգային համակարգի կառուցման, այնպէս էլ՝ պետական կառավարման հարցում:
Պատերազմում պարտութեան կամ պետութիւնը կազմաքանդման տանելու պայմաններում արդէն հետաքրքիր էլ չեն, թէ ինչ թւեր են նկարւում կամ ինչպիսի փաթեթաւորմամբ են ներկայացւում:
Պետութեան ուժը, համակարգի իմունիտետը, պետական կառավարման համակարգի տարբեր օղակների ունակութիւններն ու հմտութիւններն առաւելապէս յստակ տեսանելի են ճգնաժամային իրավիճակում:
Իսկ սրանք առաջին իսկ ճգնաժամի պայմաններում ոչ միայն ձախողւեցին, այլ պետութիւնը հրեցին անյայտութիւն՝ դրան բնորոշ բոլոր ծանր հետեւանքներով:
Այս իշխանութիւններն այլեւս անելիք չունեն»: