Հա

Քաղաքական

08/06/2021 - 11:55

«Փաշինեանի «ռազմական» մանիպուլեացիան». «168 ժամ»

«Նիկոլ Փաշինեանն Արմաւիրի մարզ կատարած նախընտրական այցի շրջանակում յայտարարել է՝ իբրեւ թէ բանակի 10 տարւայ ընթացքում ձեռք բերւած զինամթերքի 75-80 տոկոսն իր կառավարութեան օրօք է արւել:

«alikonline.ir» - «Նիկոլ Փաշինեանն Արմաւիրի մարզ կատարած նախընտրական այցի շրջանակում յայտարարել է՝ իբրեւ թէ բանակի 10 տարւայ ընթացքում ձեռք բերւած զինամթերքի 75-80 տոկոսն իր կառավարութեան օրօք է արւել:

Փաշինեանը, ինչպէս միշտ, կրկին ստում է՝ փորձելով մոլորեցնել հասարակութեանը:

Աւելի վաղ նա յայտնել էր, որ 2020-ի բիւջէում Պաշտպանութեան նախարարութեանը յատկացւել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ՝ աւելի է մօտ 4.5 տոկոսով: 

Այսինքն՝ 2018-ի մայիսից ի վեր Հայաստանը տեսանելի ժամանակահատւածի համեմատ զէնք-զինամթերքի աննախադէպ գնումներ է կատարել՝ քանակական եւ ծախսւած միջոցների չափի առումով, այն է՝ Su-30SM բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» եւ «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանութեան համալիրներ:

Caucasian Knot պարբերականը յօդւած է հրապարակել, որտեղ պնդում է, որ Փաշինեանը մարդկանց մոլորեցնելու համար մանիպուլեացիայի է դիմում, ստում է՝ յատկապէս սպազինութեան վրայ ծախսւած միջոցների առումով:

Օրինակ, արդէն 2015-ի վերջին Հայաստանում կային «Իսկանդերներ», որոնք ցուցադրւել են 2016-ի շքերթին, իսկ դրանց շուրջ բանակցութիւններն ընթացքի մէջ էին 2015 թւականից, երբ նախկին իշխանութիւնների օրօք ռուսական վարկով 200 միլիոն դոլարի սպառազինութեան մատակարարման մասին համաձայնագիր էր ստորագրւել, որը հետագայում ընդլայնւել էր:

Մասնաւորապէս, միայն S-300-ի շուկայական արժէքը 250 մլն դոլար է, «Իսկանդերներն» էլ աւելի թանկ են եւ չունեն շուկայական արժէք:

«Զէնքի մատակարարման վերաբերեալ բոլոր պայմանագրերը կնքւել են մինչեւ 2018 թւականը, որից յետոյ դրանք միայն կատարւել են, այն էլ ոչ ամբողջութեամբ՝ խիստ կրճատւած եւ աղաւաղւած: Մասնաւորապէս, ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղութեան խնդիրների ուսումնասիրութեան ինստիտուտի՝ 2019 թւականի ծախսերի մեծ մասը՝ 190 միլիոն դոլար, ուղղւել է աւիացիային, այսինքն՝ հէնց այն Su-30-ների գնմանը, որոնք մատակարարւել էին առանց զինամթերքի եւ չէին ներգրաււել պատերազմին: Եթէ սրանք չհաշւենք, ապա Փաշինեանի պաշտօնավարման ժամանակաշրջանին ՀՕՊ-ի եւ հրթիռների համար բաժին է ընկնում ընդամէնը 58 միլիոն դոլար, ընդ որում, ՀՕՊ-ից աւելի վաղ նախատեսւած ТОР-երի գնումները, ինչպէս նաեւ Յորդանանից ձեռք բերւած անպէտք «Օսա-ԱԿ»-ները, որոնք ոչնչացւել են առաջին իսկ օրը»,- ասւում է յօդւածում:

Յաւելենք, որ դեռեւս նախորդ տարի մամուլում տեղեկութիւններ էին շրջանառւում, որ Հայաստանի կողմից «ՕՍԱ-ԱԿ» հակաօդային համակարգերի ձեռքբերման պայմանագիրը 2018 թւականին վերակնքւել է, իսկ բուն գործարքը տեղի է ունեցել 2010-ին, որը, սակայն, կեանքի չի կոչւել սուբիեկտիւ եւ օբիեկտիւ պատճառներով: Աւելին, վերակնքւած պայմանագրի գինն առաւել նւազ է եղել:

Թէ որքանով է սա համապատասխանում իրականութեանը, ՊՆ-ից 168.am-ին պատասխանել էին, թէ «համաձայն ՀՀ ՊՆ N 9-Ն 09.07.2015 «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակայ տեղեկութիւնների ընդլայնւած գերատեսչական ցանկի» 25-րդ կէտի, պարունակում են պետական եւ/կամ ծառայողական գաղտնիք եւ հրապարակման ենթակայ չեն»:

Ըստ այդմ՝ Փաշինեանը ոչինչ չի ձեռնարկել բանակի համար, աւելին, վնաս է հասցրել, եթէ հաշւի առնենք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի օրօք մշակւած զինւած ուժերի զարգացման պլանի փոփոխութիւնը, որի մասին նաեւ խօսել էր ՀՀ երրորդ նախագահն «Արմնիւզ» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում։ 

«Ապրիլեան պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետեւ ցանկացած բարեփոխում բանակում, ցանկացած նոր սպառազինութիւնների ձեռքբերում պէտք է պայմանաւորւած լինի ռազմական գործողութիւնների արդիւնքով եւ քո հակառակորդի կողմից կիրառւած զինամթերքով ու նորարարութեամբ: Եւ մենք հաստատեցինք 2018-2024 թւականների համար երկու փաստաթուղթ. փաստաթուղթ համար մէկ՝ զինւած ուժերի զարգացման պլան, բաղկացած 169 կէտից, թէ մենք ինչ պէտք անենք, ինչ փոփոխութիւն պէտք է մտցնենք զինւած ուժերում եւ որ զինատեսակները պէտք է զարգացնենք, ու արդիւնքում ինչ պէտք է ստանայինք, եւ այդ փաստաթղթի հիման վրայ կազմւեց ռազմական տեխնիկայի եւ սպառազինութեան ձեռքբերման պլան:

Այդ պլանի համար նախատեսւած էր 1 մլրդ 300 մլն դոլար, եւ այդ միջոցների աղբիւրները յստակօրէն կային, 100 մլն դոլարը վարկային միջոցներով էին՝ իւրաքանչիւր տարի, 100 մլն-ը՝ այլ բիւջետային միջոցներ: 2018-2020 թւականների համար նախատեսւած էր կէսից աւելին, ընդ որում՝ 1 մլրդ 300 մլն դոլարից 500 մլն-ից աւելին նախատեսւած էր աւիացիայի, ՀՕՊ-ի եւ անօդաչու թռչող սարքերի կատարելագործման ու ձեռքբերման համար: Մի թիւ ասեմ. նախատեսւած էր մինչեւ 2024 թիւը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք:

Ընդ որում, 2018-2020 թւականների համար նախատեսւած էր ձեռք բերել 1000-ից աւելի անօդաչու թռչող սարք, ընդ որում, այդ սարքերը ե՛ւ հարւածային էին, ե՛ւ հետախուզական, ե՛ւ կախւած արժէքից՝ 5-150 կմ շառաւղով գործելու ունակ էին լինելու:

Բայց, ցաւօք, չգիտես ինչից ելնելով, միգուցէ հայ պաշտօնեայի բնաւորութիւնից, որ ես եկել եմ, ինչ-որ բան պէտք է փոխեմ, որովհետեւ նախկինները լաւ չէին հասկանում, փոխեցին այդ ամբողջ պլանը: Ես անկեղծ պէտք է խոստովանեմ, որ ես տեղեակ չեմ, թէ ինչ փոփոխութիւններ են մտցրել, բայց ասում եմ՝ հաստատապէս փոխւեց «ՏՈՐ» համալիրներ ձեռք բերելու պլանը, որը նախատեսւած էր երեք խմբաքանակով, ՀՀ-ն ստացաւ միայն մէկ խմբաքանակ, այն էլ մեր ստորագրած պայմանագրով»,- մանրամասնել էր Սերժ Սարգսեանը:

Նշենք, որ ընթացիկ տարւայ փետրւարին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դաւթեանը 168.am-ի հետ զրոյցում ասել էր, որ ՏՈՐ-Մ2ԿՄ համալիրների առաջին խմբաքանակը մինչեւ վերջ չենք ստացել:

Վերադառնալով Փաշինեանի պնդումներին, նշենք, որ 2019-ին Փաշինեանն ասել էր, որ իր կառավարութեան օրօք աննախադէպ ծաւալի սպառազինութիւնն անհրաժեշտ է ոչ թէ պատերազմի, այլ խաղաղութեան համար:

Մինչդեռ մենք տեսանք, որ Փաշինեանի իշխանութեան՝ սպառազինութեան աննախադէպ գնումները ոչ միայն չկարողացան զսպել հակառակորդի ախորժակը, այլեւ յաղթանակ ապահովել պատերազմի ընթացքում, եւ պարտութիւնից յետոյ էլ՝ խաղաղութիւն, որովհետեւ պատերազմի զսպման դէպքում այլ գործօններ են նախեւառաջ անհրաժեշտ: Այն է՝ պետութիւնների հզօրութիւնները հաշւելու եւ գնահատելու տարբեր մեթոդներ եւ բանաձեւեր կան, որտեղ հաշւի են առնւում հիմնականում մի քանի պարամետրեր՝ տնտեսութեան վիճակ, բանակի կարողութիւններ, դաշնակիցների հետ յարաբերութիւններ, ներքաղաքական վիճակ, ազգային նպատակ եւ այլն:

Պետութեան հզօրութիւնն ուղիղ համեմատական է այս պարամետրերից ցանկացածին:

Հայաստանի դէպքում այդ հզօրութիւնը գնահատւել է ամենացածրը՝ դաշնակիցների հետ յարաբերութեան մակարդակից՝ մինչեւ ներքաղաքական վիճակ, որտեղ նաեւ սեւերի եւ սպիտակների բաժանում կար, ինչը, բնականաբար, մեծ ազդեցութիւն է ունենում պետութեան հզօրութեան արժէքի վրայ: Բուն պատերազմի ընթացքում կարեւոր է ոչ միայն ռազմատեխնիկական ռեսուրսը, նաեւ մարդկային, եւ այս ամէնը ճիշտ համադրելու, կազմակերպելու եւ տեղաբաշխելու կարողութիւնն ու կազմակերպւածութիւնը, ինչը մեզ մօտ չի եղել, ըստ էութեան, քաղաքական գործարքի տրամաբանութիւնից ելնելով»,- գրում է թերթը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։